ՈՐՈՇՎԵԼ Է «ԱԹԼԵՏ» ՄՐՑԱՁԵՎԻ ՀԱՂԹՈՂԸ
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցափուլում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում լավագույնն է:
Երկրորդ օրը տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները, վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը, ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:
Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն է: ՀՀ Զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը: