ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վերահաստատվել են համավարակով պայմանավորված հետաձգված միջոցառումների իրականացման նոր ժամկետները, համագործակցության առկա ուղղությունները, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՖԻԼ-ի և «Քեյֆորի» կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների ծառայությանը և հերթափոխի կազմակերպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը և պահպանվող լարվածության պատճառները։