Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐՏՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԵՐՈՍԸ. ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆ



ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐՏՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԵՐՈՍԸ. ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԱրմենակ Ուրֆանյանը Քառօրյա պատերազմի մեր այն քաջարի մարտիկներից է, որի գործած բացառիկ սխրանքը անձնվեր ու անձնազոհ սպայի հերոսական  կերպար ձևավորեց հանրության շրջանում, դարձավ աննկուն կամքի ու նվիրումի օրինակ ու խորհրդանիշ: Իր խիզախ, արիասիրտ զինվորների հետ հակառակորդի լայնածավալ հարձակումներն ետ մղած, թշնամուն զգալի նյութական ու մարդկային կորուստ պատճառած և իր կյանքի գնով մարտական դիրքը պահած հրամանատարը՝ որպես հերոս սպա, արդեն իսկ ապրում էր իր հայրենակիցների սրտերում:

Իսկ ս.թ. օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու  Արցախի հերոսի բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան շնորհվեց: Հանրապետության նախագահը պարգևը հանձնեց հերոսի մորը՝ Համեստ Ներսիսյանին:

 

-Երկու շաբաթ առաջ հեռախոսիս զանգ եկավ,- պատմում է տիկին Համեստը:- Տեսա, որ արցախյան հեռախոսահամար է, ու սիրտս ալեկոծվեց. ամեն անգամ, երբ Արցախից զանգ եմ ստանում, ինձ թվում է՝ Արմենակս է…

-Բարև՛ Ձեզ, տիկին Համեստի հե՞տ ենք խոսում,- զանգողը ներկայացել էր որպես Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար:- Ուզում էինք վստահ լինել, որ ճիշտ համարով ենք զանգահարել: Պարոն նախագահն է ուզում  Ձեզ հետ խոսել:

Զրույցը կարճ էր եղել. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այդ օրը տիկին Համեստին ասել էր միայն, որ ցանկանում է նրան Արցախ հրավիրել: «Սիրով»,- պատասխանել էր՝ առանց հարցեր տալու: «Դե, ուրեմն, մեքենա կուղարկեմ»:

Իհարկե, անակնկալը, որ ուզում էին մատուցել հերոսի մորը, բացահայտվել էր…: ԱՀ նախագահի նստավայրում հանդիսավոր պայմաններում Հերոսի մորը հանձնել էին բարձրագույն պարգևը: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպված եղել:

-Անչափ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, պարոն նախագահին՝ սրտառուչ ընդունելության համար:

-Ի՞նչ էին այս մի քանի օրերը Ձեզ համար,- հարցնում եմ տիկին Համեստին:

-Արցախում երեք տարեկան երեխայից սկսած՝ բոլորն Արմենին անունով են ճանաչում. նրա մասին խոսելիս ասում են՝ «Արմենակս», «Մեր Արմենը»… Ժողովուրդը նրան վաղուց արդեն որպես հերոս է կրում իր սրտում: Իհարկե, լավ է, որ որդիս ըստ արժանվույն գնահատվեց նաև պետական մակարդակով, բայց ինձ համար սա հպարտության առարկա չէ: Որդեկորույս մոր սիրտը երբեք ու ոչնչով չի մխիթարվի… Ընդամենը ուրախություն է, որ որդիս արժանացավ իր սխրանքին համապատասխան պարգևին:

Արցախում գտնվելու վերջին օրը տիկին Համեստը այցելել էր որդու ծառայած զորամասը, եղել մարտական այն դիրքում, որտեղ  երկար ժամանակ սիրտ չէր անում ոտք դնել, հնարավորություն էր ստացել տեսնելու, թե ինչպիսի ծավալուն աշխատանքներ են կատարվել մարտական հենակետում, և համոզվելու, որ տղաներն այսօր անհամեմատ լավ պայմաններում եմ ծառայում:

-Այնպիսի զգացողություն ունեի, թե գնում եմ որդուս հետ հանդիպելու,  ինձ զորամասում դիմավորեց մի ամբողջ շարված զորք: Տպավորիչ միջոցառում էին կազմակերպել տղաները: Իմ հանդեպ նրանց վերաբերմունքից զգացի, թե որքան մեծ է հարգանքն ու ակնածանքը որդուս հանդեպ: Ես էլ իմ կողմից նրանց ոգևորեցի, քաջալերանքի ու շնորհակալության խոսքեր ասացի: Շրջեցի զորամասում. ամեն անկյունից մեր չորս հերոսների պատկերներն էին նայում: Նրանց պատվին ցայտաղբյուր, փառքի անկյուններ, խաչքարեր են կանգնեցված: Ուր քայլես՝ նրանք են, նրանց շունչը:

ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐՏՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԵՐՈՍԸ. ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆՄարտական դիրքերում շատ եմ եղել. մեծ փոփոխություններ տեսա ու անչափ ուրախ եմ դրա համար: Ամենալուրջ խնդիրը Արմենակիս ժամանակ այս դիրքերում ջուրն է եղել: Ապրիլյանից հետո երկար պայքարում էի, բարերարների էի խնդրել՝ ջրագիծ տանել դեպի դիրքեր: Մեծ ծախսերի հետ էր կապված լուծումը: Ու երբ այդ օրը տեսա հենց մեր տղաների դիրքի մեջտեղում տեղադրված աղբյուրը, դիրքում տեղադրված ցնցուղների առատ ջուրը, սիրտս այնպե՜ս հովացավ…

Առաջին հերթին հենց ջրագծի հարցն է լուծվել: Իսկ դիրքերում ամրաշինական մեծ ծավալի աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են, ու դեռ նորանոր աշխատանքներ են ծավալվում:

Ինձ ցույց տվեցին ու մանրամասն բացատրեցին տեսադիտարկման սարքերի դերը, որոնցով այժմ բոլոր դիրքերն են ապահովված. մերոնք ամեն պահի հակառակորդի հետ շփման գիծը դիտարկում են ամբողջ լայնքով ու խորությամբ: Անգամ մորեխի՝ խոտի միջից թռչելն է պարզ երևում: Բոլոր դիրքերում գիշերային տեսանելիության սարքեր կան, գիշերը նույնպես մշտադիտարկում է իրականացվում: Այս ամենի համար շատ շնորհակալ եմ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին: Մեր վարչապետի աջակցությունը նույնպես շատ մեծ է եղել: Բարձր մակարդակով ամեն ինչ արվել է ու դեռ շարունակվում է: Արմենակիս զոհվելու վայրում եղա. ամեն ինչ շատ ամուր վերանորոգվել է: Հիացած եմ պարզապես: Դիվերսիաների հնարավորությունն այսօր հասել է նվազագույնի, ու հակառակորդը գիտի, որ այստեղ իր ամեն մի քայլից տեղյակ են:

…Անչափ ուրախ եմ, որ տեսնում եմ բոլոր բարեփոխումները, այն, ինչ չի եղել, չի պաշտպանել իմ որդուն 2016 թ. այն չարաբաստիկ օրերին: Մեր կառավարությունից, հրամանատարությունից գոհ եմ: Նրանց հոգատարությունը, նրանց գործը, քայլերն՝ ուղղված մեր զինծառայողների ծառայությունն անվտանգ ու ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐՏՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԵՐՈՍԸ. ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆհարմարավետ, պաշտպանական գիծն անառիկ դարձնելուն, ակներև է, իդեալական: Որդուս պահած դիրքերն իմ տունն էին կարծես:  Հանգիստ եմ, որ Արմենակիս տղերքն ամեն ինչով ապահովված են, ապահով են ծառայում, ու երևի սա է ամենամեծ մխիթարությունս:

…Մի կարճ պահ հենց այն տեղում  էի, որտեղ որդիս կռվել ու զոհվել էր… Բառերով ինչպե՞ս արտահայտեմ այն, ինչ զգացի…  Հասկացա, խորությամբ զգացի, որ նա նահանջելու իրավունք չունե՛ր… Միշտ էլ զգացել եմ, միշտ էլ գիտեի, որ ինչ էլ լիներ, նա իր խոսքից ու իմացածից երբեք հետ չէր կանգնի: Իզուր չէ, որ առաջին հարձակումներից մեկը հենց  այդ ուղղությամբ է եղել. կարևոր նշանակության հենակետ էր նրանց պահածը: Եթե թույլ տային, որ թշնամին բացեր «այդ դուռը», հետևանքները սարսափելի էին լինելու…

Եվ ես  զգացի, որ եթե այդ պահին իմ տղայի կողքին կանգնած լինեի, կասեի. «Տղե՛ս, դու նահանջելու իրավունք չունե՛ս»: Խորը ցավ եմ ապրում այս խոսքերի համար, բայց, միևնույն է, կասեի…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Վովա Արզումանյանի,

Մարգարիտա Պետրոսյանի

Խորագիր՝ #35 (1355) 2.09.2020 - 8.09.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


03/09/2020