Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՈՇՎԵՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ»



ՈՐՈՇՎԵՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ»ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն՝ յուրաքանչյուր տարի «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում անցկացվում է զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Երրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշեց.

-Վստահ եմ, որ թիմերը մրցելիս կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով:

Այս տարի մրցույթին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Թիմերի միջև լուրջ մրցակցություն ծավալվեց: Մրցումներն անցկացվեցին Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը չափեցին գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ», ռազմամարզական «Աթլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում: Մրցույթն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը։ Զինծառայողները ժամանումից անմիջապես հետո հանձնեցին COVID-19-ի թեստ, և բոլորի պատասխանները բացասական էին, ուստի, միջոցառման ժամանակ նրանց թույլատրված էր դիմակ չկրել։

Առաջին օրը մասնակիցները բացազատեցին ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվեցին մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ: Նույն օրն սկսվեց մրցութային ծրագիրը, և առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում հավաքական թիմերի ներկայացուցիչները ներկայացան ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Ժյուրիի գնահատականների համադրումից հետո տվյալ մրցափուլի հաղթող ճանաչվեց Հայաստանի թիմը:

Միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ հաջորդ օրը ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվեց ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Չորս պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարեցին տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Այստեղ արդեն առաջատարը Ռուսաստանի Դաշնության թիմն էր:

Օգոստոսի 26-ին «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլում մասնակիցներն իրականացրին պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերեցին առաջին բուժօգնություն: Այս փուլում առավել հաջող հանդես եկավ Բելառուսի թիմը՝ ստանալով անհատական վարպետության համար ամենաբարձր գնահատականներն ու ամենաքիչ տուգանային միավորները:

Օգոստոսի 27-ին մասնակիցներն ուժերը չափեցին «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում: Բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ նրանք հաղթահարեցին բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի առավ մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:

«Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում լավագույն արդյունք գրանցեց և հաղթող ճանաչվեց ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Անհատական հաշվարկով նույնպես հայ զինծառայողները լավագույնն էին՝ կանանց մրցապայքարում առաջին, տղամարդկանց մրցապայքարում` առաջին երեք մրցանակային տեղերը:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում»  «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո մրցաձևի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի Դաշնության թիմը: Երկրորդ տեղում` Բելառուսի, երրորդ տեղում` Հայաստանի թիմերն էին:

ՈՐՈՇՎԵՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ»Չորս պետությունների զինծառայողները մրցում էին ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 28-ին կայացավ ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվեց թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում 12 հարց էր, որից երեքը միմյանց տվել էին մրցող թիմերը: Հարցերն առավելապես Հայրենական մեծ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ էին:

Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցեց Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հունաստանն էր: Հայկական թիմն այս մրցաձևում երրորդն էր:

Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջեցին «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացան Հայրենական մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվեց ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերը չափեցին մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտեցին ելույթները տվյալ մրցափուլում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը լավագույն արդյունքը գրանցեց:

Երկրորդ օրը տղամարդիկ ուժերը չափեցին ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը՝ նրանք ԱԿ-74 ինքնաձիգով կատարեցին թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:

Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն էր, իսկ ՀՀ զինված ուժերի թիմը եզրափակեց ուժեղագույն եռյակը:

Օգոստոսի 31-ին անցկացվեց մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցեցին 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվեց հնգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ էին Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Բելառուսի, երրորդը՝ Հայաստանի Հանրապետության թիմի զինծառայողներն էին:

Միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշեց, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար:

-Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Ուրախալի է, որ երրորդ տարին անընդմեջ մրցույթին մասնակցում է Հունաստանի թիմը: «Էրուդիտ» մրցաձևում թիմը երկրորդ տեղն զբաղեցրեց՝ ցուցադրելով փայլուն գիտելիքներ Երկրորդ համաշխարհային պատերազմի և մարդասիրական իրավունքի ոլորտում: Պատրաստության և մասնագիտական վարպետության բարձր մակարդակ ունեցող բելառուսական հավաքականին այս տարի երևի թե մի փոքր բախտը չժպտաց: Հայկական զինծառայողներին գովելու հարցում ես միշտ զուսպ եմ, սակայն չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, որն անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե, իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում,- նշեց Դավիթ Տոնոյանը:

Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն իր խոսքում ասաց.

-Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան դժվար է եղել մրցույթի կազմակերպումը անվտանգության ապահովման լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում: ՌԴ պաշտպանության նախարարի անունից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին՝ անկախ զբաղեցրած հորիզոնականից, չէ՞ որ մասնակցությունն այս մրցույթին արդեն հաղթանակ է:

ՈՐՈՇՎԵՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ»Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երրորդ տարին անընդմեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է, երրորդը հույն սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային բոլոր տեղերը Ռուսաստանի մասնակիցներինն են. առաջին տեղ՝ ենթասպա Սերգեյ Սմիրնով, երկրորդ տեղ՝ լեյտենանտ Գերման Դավիդով, երրորդ տեղ՝ ավագ լեյտենանտ Միխայիլ Իվանով:

Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2020» մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքական թիմը:

…Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:

«Խաղաղության մարտիկ-2020» մրցույթն արդեն պատմություն է: Վստահ ենք՝ մասնակիցները Հայաստանից հեռանում են վառ և անմոռանալի տպավորություններով ու զգացումներով: Իսկ մրցույթի յուրաքանչյուր օր փաստել է, որ ռազմամարզական միջոցառումները միշտ եղել են ընկերականության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտման յուրահատուկ խորհրդանիշ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1355) 2.09.2020 - 8.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/09/2020