ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԵՏՄԱՀՈՒ
Իրենց առօրյա մեծ ու փոքր հոգսերով, իրենց արդար վաստակով Վանաձորում հաշտ ու խաղաղ ապրում էին Նինա եւ Վլադիմիր Պողոսյանները, մեծացնում իրենց երեք զավակներին՝ Ռոբերտին, Ռոստոմին եւ Ռայային, ուրախանում նրանց հաջողություններով։
Սակայն 20-րդ դարավերջին Հայաստան աշխարհում վիճակը կտրուկ փոխվեց, թշնամին խաթարեց մեր հողի խաղաղությունն ու անդորրը… Սահմանամերձ գոտիներում կյանքը դարձավ անհանգիստ ու տագնապով լի… Պատերազմը սեւ օձի նման սողոսկեց բոլորի տները՝ ցավ, կսկիծ ու տառապանք բերելով իր հետ…
Պողոսյանների երկու որդիներն էլ մասնակցեցին սահմանային թեժ կռիվներին։ Ավագ որդին՝ Ռոբերտը, Վանաձորի ինքնապաշտպանական ջոկատներից մեկի կազմում կռվեց Մարտակերտում, Հորադիզում, իսկ կրտսերը՝ Ռոստոմը՝ Մարտունիում։
1994թ. հունիսի 2-ին հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհվեց Ռոստոմ Պողոսյանը, որ ընդամենը 27 տարեկան էր…
Քանի՞ տարի է անցել, բայց, միեւնույնն է, ժամանակն անզոր է մեղմելու ծնողների կորստի ցավը։ Ռոստոմին առանձնակի ջերմությամբ են հիշում բոլորը՝ հարազատները, ընկերները… Հիմա էլ սիրով, թախիծով ու կարոտով պատմում են նրա սրտաբուխ անկեղծության, պատվախնդրության, բոլորին օգնելու, աջակցելու, սատարելու պատրաստակամության մասին։ Նրա համար գիշեր-ցերեկ չկար, աշխատում էր ծնողներին օգնել, նրանց հոգսը քիչ թե շատ թոթափել։ Բնավորությամբ աշխույժ էր ու զվարթ, սիրում էր մարդկանց ուրախացնել…
Ռոստոմ Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Ռոստոմի եւ նրա նման բազմաթիվ քաջ հայորդիների կյանքի գնով փրկագնվեց մեր այս մի բուռ հողի խաղաղությունը, եւ մեր այս մի ափ հողն է՛լ ավելի սրբացավ ու հարազատացավ (լույս եւ օրհնություն, խունկ եւ աղոթք նրանց պայծառ հիշատակին)։
Կյանքը շարունակվում է, ու մեր սուրբ հողի վրա հայ մանուկներ են ծնվում, որոնք էլ իրագործելու են մեր զոհված ազատամարտիկների կիսատ մնացած երազանքները։
…Պողոսյանների գերդաստանում մե՛ծ ուրախություն է։ Ռոբերտը առաջին թոռն է ունեցել եւ եղբոր պատվին նորածնին անվանակոչել Ռոստոմ։
Թող անհոգ ու երջանիկ մեծանան փոքրիկ Ռոստոմը, աշխարհի բոլոր փոքրիկները, թող գունեղ ու լուսավոր լինի նրանց կյանքը։ Ու թող մեր այս խելահեղ մոլորակում այսուհետ մանկան պես մաքուր, մանկան պես անբիծ խաղաղություն տիրի։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր