«ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՈՐԴԻՆ ԵՆԹԱԿԱ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ»
Հարց. Ես երկրորդ խմբի հաշմանդամ եմ, ամուսինս վերջերս է մահացել: Ունեմ մեկ տղա և մեկ աղջիկ: Աղջիկս անչափահաս է, իսկ տղաս շուտով կդառնա 18 տարեկան: Արդյո՞ք նա ենթակա է ծառայության, և եթե այո, ապա ի՞նչ արտոնություններ ունի:
Մ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
Պատասխան. Հարգելի տիկին Նազարյան, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով ամրագրված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալու հիմքերը: Հիշատակված հոդվածի 1-ին կետի ա ենթակետով սահմանված է, որ ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:
Անաշխատունակ ծնողներ են համարվում ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը, դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք 2-րդ խմբի հաշմանդամ եք և Ձեր ընտանիքում չկա Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ, Ձեր որդուն ընտանեկան դրության բերումով կտրվի տարկետում` մինչև Ձեր աղջկա չափահաս դառնալը: Վերջինիս 18 տարին լրանալուց հետո Ձեր որդին ենթակա կլինի զորակոչման պարտադիր ժամկետային զինծառայության:
Իսկ զորակոչման ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ձեր որդին միակողմանի ծնողազուրկ է, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով նա կօգտվի բնակության վայրից մինչև 100կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:
Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Սոցիալ-իրավական