Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է, ԽՐԱՄԱՏՈՒՄ, ԻՄ ՈՐԴՈՒ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ…»



«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է, ԽՐԱՄԱՏՈՒՄ, ԻՄ ՈՐԴՈՒ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ...»Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերն սկսվեցին 1989 թվականին եւ ձգվեցին 3 տարի: Գեղարքունիքի մարզի արեւելյան հատվածում գտնվող Արծվաշենը անկլավ էր Ադրբեջանի Գետաբեկի շրջանում. երբեմնի հայկականից միակ հայկական մնացածը:

1990 թ. օգոստոսի 4-ից 3 օր շարունակ Վանաձորի մոտոհրաձգային գնդի զինվորներն անձնվիրաբար ապահովեցին խաղաղ բնակչության դուրսբերումը սաստկացող եւ հետզհետե նեղացող կրակե օղակից: Օգոստոսի 7-ին  գնդի տղաները մնացին հակառակորդի շրջափակման մեջ:

1992 թ. օգոստոսի 8-ին Արծվաշենը վերջնականապես հայաթափվեց:

-Դավիթը, Աշոտը, Նովլեմն ու Օհանը միայն խրամատներից կարող են տեսնել իրենց ծննդավայրը՝ հույսը սրտներում, որ մի օր անպայման վերադառնալու են:

«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է, ԽՐԱՄԱՏՈՒՄ, ԻՄ ՈՐԴՈՒ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ...»Չքնաղ, երբեմնի մեծ ու շեն Արծվաշենից տեղահանվեց 719 ընտանիք, որոնց մեծ մասը բնակություն հաստատեց Գեղարքունիքի մարզի բնակավայրերում: Արծվաշենից այսօր միայն երբեւէ գոցված դռների բանալիներն են մնացել, իբրեւ սուրբ մասունք, իբրեւ հետդարձի երաշխիք, իբրեւ սերնդեսերունդ փոխանցվող հիշողություն, այլեւս երբեք չսխալվելու խոստում, այլեւս երբեք չզիջելու վճռականություն:

-12 տարեկան էի, երբ հարկադրված հեռացանք Արծվաշենից: Եկել ու բնակվել ենք Ճամբարակում: Արծվաշենի դառը կորուստը սրտներումս էլի հզոր ու պինդ կանգնած ենք մեր հողի վրա: Եթե այսօր էլ մեզ թողնեն՝ հենց Արծվաշենի տղերքով մենք էլի մեր ծննդավայրը կազատենք գերությունից,- վստահեցնում է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Ղազարյանը:

Աշոտ Չիլինգարյանը, որ ծառայակից ընկերներից ամենաավագն է, հիշում է.

-Այդ օրը Արծվաշենից դուրս եկող մեր մեքենան վերջին անգամն էր անցնում գյուղը Ճամբարակին կապող մայրուղով: Վերցրել էինք այն, ինչ հասցրել էինք, ինչ կարողացել էինք վերցնել: Մնացածը, մնացածն ու… Արծվաշենը թողեցինք,- հիշում է նա:

Կոպերի շուրջ գծված ակոսներն ու տարիների հետ թանձրացող իմաստնությունը անցած ճանապարհի մասին են վկայում:

-Իմ տեղն այստեղ է՝ խրամատում, իմ որդու տեղն այստեղ է՝ Հայրենիքի սահմանին: Ու դեռ երկար ենք խրամատում մնալու, որովհետեւ ինչ-որ տեղ, ինչ-որ սխալ է եղել, եւ այդ սխալն ուղղել է պետք,- արծվաշենցուն բնորոշ վստահությամբ ու վճռականությամբ ասում է Աշոտը:

-1992 թ. ես 22 տարեկան էի: Թշնամին չորս կողմից կրակ էր թափում, ճնշում էր, ու ստիպված հեռացանք, չկարողացանք մեր գյուղը պահել: Եթե թողնեն՝ հենց հիմա էլ կվերցնենք Արծվաշենը,- ընկերոջ խոսքն է հաստատում Աշոտ Չիլինգարյանը:

Նովլեմն էլ մի ամբողջ կյանք խրամատում է անցկացրել: Ինքն այստեղ՝ Հայրենիքի հյուսիս-արեւելքում է սահմանին կանգնած, որդին՝ առաջնագծի մեկ այլ հատվածում:

-Այս պատերազմում մեր որդիներն էլ իրենց բաժին կռիվն ունեն: Ես իմ որդուն այս կերպ եմ դաստիարակել ու վստահ եմ, որ որդիս հաղթելու է,- ասում է Նովլեմը:

«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է, ԽՐԱՄԱՏՈՒՄ, ԻՄ ՈՐԴՈՒ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ...»Այսօր Արծվաշեն տանող ճանապարհին տարեցտարի թանձրացող հիշողության փոշին է, անցյալի հետքերը, որ մեծ ու փոքր բլուրների վրա գալարվելով, հիմա արդեն դառնում են դատարկ անհայտություն միայն: Երբեմնի շեն ու ծաղկուն Արծվաշենում այսօր նույնիսկ քարը քարի վրա չի մնացել: Ծանոթ ձեռագիր է ՝ փորձելով ջնջել մեր հետքերն այդ տարածքներից:

-Շենք ու շինություն կարող են վերացնել, բայց մեր ոգին անսասան է,- ասում է պայմանագրային շարքային Օհան Օհանյանն ու վճռական  հավելում.

-Ինչպես մեր նախարարը նշեց՝ եթե նոր պատերազմ, ուրեմն՝ նոր տարածքներ:

 

 

♦♦♦

 

-Երկու տարին քիչ չէ՝ հասկանալու համար, որ մենք այլընտրանք չունենք: Միմյանց հերթափոխելով՝ պիտի պաշտպանենք մեր երկրի պետական սահմանը, մինչեւ այն օրը, երբ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ հայ մարդն այլեւս ստիպված չլինի իր երկրում խաղաղ ապրելու իրավունքն ամեն օր զենքով վերահաստատել,- ասում է Մամիկոն Նիկողոսյանը, որը եղբոր հետ ծառայում է առաջնագծում՝ միմյանց հարեւան հենակետերում:

-Ժամկետային ծառայությունս վերջացրի 2014 թվականին եւ որոշ ժամանակ անց որոշեցի նորից անցնել ծառայության: Ժամկետային ծառայությունս նույնպես անցել է առաջնագծում: Այսօր էլ ուզում եմ իմ համեստ ներդրումն ունենալ հայրենիքիս պաշտպանության գործում,- մեզ հետ կիսվում է Մամիկոնը:

«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է, ԽՐԱՄԱՏՈՒՄ, ԻՄ ՈՐԴՈՒ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ...»Առաջնագծում հուլիսյան մարտերը չէին կարող համարժեք արձագանք չունենալ նաեւ սահմանագծի այս հատվածում: Տղաները վստահեցնում են՝ իրենք իրենց անելիքը լավ գիտեն, և պետական սահմանի իրենց վստահված մարտական դիրքն ամուր ձեռքերում է:

-Հակառակորդը մի քանի անգամ փորձել է տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, վերադասին զեկուցելուց եւ համապատասխան հրահանգ ստանալուց հետո, համարժեք պատասխան ենք տվել: Այս պահի դրությամբ մեզ վստահված սահմանի հատվածում դրությունը լարված չէ,- զրույցին է միանում գումարտակի հրամանատար Հովսեփ Մինասյանը:

-Ամեն բան սկսվում է նվիրումից եւ ամեն քայլաչափ հողի համար սրտացավությունից,- ասում են մեր պաշտպանները:

…Ճանապարհի ոլորանները հետզհետե մեզ հեռացնում են առաջնագծից: Խրամատները վերեւում են մնում: Տղաների հետ խոսքուզրույցից հետո եւս մեկ անգամ համոզվում ենք. այնտեղ՝ առաջնագծում, նվիրումի ու սրտացավության կշիռն ու տարողությունը չափման որեւէ միավորով հնարավոր չէ նկարագրել: Հավանաբար հակառակորդն էլ հասկացել է՝ Արծվաշենի մասին այստեղ չեն մոռացել:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/09/2020