Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ



Նոյեմբերի 4-ին Երեւանի թիվ 192 դպրոցի բակը մարդաշատ էր եւ զարդարված էր տոնականորեն, փողփողում էին եռագույններ, հնչում էին ազգային-ռազմի երգեր, դավիթաշենցիները եկել էին մասնակցելու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրված ռազմահայրենասիրական լսարանի բացման արարողությանը։ Լսարանը կրում է 20-րդ դարավերջի հայոց ազգային-ազատագրական պայքարի երախտավորներից մեկի՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանի անունը։

Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, մտավորականներ, լրագրողներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Սամվել Գեւորգյանի ընտանիքի անդամները, որդին՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը։

Հանդիսավարի բացման խոսքից հետո ելույթ ունեցավ Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը։ Նա նշեց, որ ռազմահայրենասիրական մասնագիտացված լսարանի բացման նախաձեռնողները նպատակ ունեն պատանիների ֆիզիկական կրթությանը հավելելու հոգեւոր-բարոյական դաստիարակությունը, ինչը Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացիներ ունենալու առաջին գրավականն է։ Մենք պետք է երիտասարդ սերնդին տոգորենք Արցախյան պատերազմում հերոսացած եւ իրենց անունը փառքով պսակած քաջորդիների օրինակով, որպեսզի վաղվա Հայաստանը լինի է՛լ ավելի պաշտպանված, հզոր ու հաստատուն։

Հավաքվածներին իր ողջույնի, շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքը հղեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա փաստեց, որ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել դպրոցներում եւ ազգային բանակի ստորաբաժանումներում ռազմահայրենասիրական դաստիարակություն ծավալելու ուղղությամբ։ «Պետության ռազմական ներուժը բաղկացած է մի շարք գործոններից, որոնցում իր մեծ կշիռն ունի ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված, իր հողն ու տունը պաշտպանելու պատրաստ, ազգային արժեքներին ու գաղափարներին նվիրված երիտասարդ սերնդի ձեւավորումը։ Եվ իզուր չէ, որ Հայաստանի բնակչության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում ունեցած թերությունները համարում ենք լուրջ սպառնալիք երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը»։

Պաշտպանության նախարարը նշեց, որ մեր նորագույն պատմությունը առանձնահատուկ է իր հերոսականությամբ, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալներով, հաղթանակներով։ «Ժողովրդի պատմության մեջ կան բացառիկ պահեր, երբ ժողովրդին տրվում է սեփական ազգային խնդիրները լուծելու, սեփական կռիվը մինչեւ վերջ տանելու, հաղթելու ու հերոսանալու աննախադեպ հնարավորություն։ Դա այն պահն է, երբ զատվում, ժողովրդին դեպի ազատագրական պայքարը առաջնորդելու պատասխանատվություն են ստանձնում եւ առաջին զարկը իրենց վրա վերցնելու քաջություն են ցուցաբերում հայրենիքի իսկական որդիները։ Սամվել Գեւորգյանը նրանցից մեկն էր, որի ղեկավարած մարտական ջոկատը սխրալից կենսագրություն գրեց Արցախյան պատերազմի օրերին։ Ցավոք, Սամվել Գեւորգյանը եւ նրա նման շատ ու շատ քաջեր այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց նրանք վերադառնում են ամեն օր, վերադառնում են իբրեւ ոգի, արիության դաս, հայրենապաշտության պատգամ։ Վերադառնում են` իբրեւ հուշարձան ու խաչքար, կիսանդրի ու հուշաքար եւ մեկ անգամ եւս սրբացնում մեր սուրբ հողը։

Նորաբաց ռազմահայրենասիրական լսարանը կդառնա մատաղ սերնդին մեր արժեքներն ու ասքերը փոխանցելու միջոց։ Հայրենասիրության, քաջության, ինքնանվիրումի այն սերմերը, որ գցվել են այսօր, վաղը ծլարձակելու են ու, անհրաժեշտության դեպքում, մեր հայրենիքի սահմանին իրենց մեծ ու անկորնչելի ուժով ու անընկճելի քաջությամբ կանգնելու են նոր քաջեր՝ վաղվա Հայաստանի պաշտպանները»։

Իր հուզառատ ու ոգեւորիչ խոսքն ասաց նաեւ երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Կ. Ասրյանը։ «Արցախյան փառավոր հերոսամարտը հաղթանակած արժանապատիվ հայեր»,- փոխնախարարն այսպես դիմեց ներկաներին ու հորդորեց միշտ համախմբվել միասնության տանիքի տակ, հիշել, որ ադրբեջանական սպառնալիքին կարելի է դիմակայել միայն նախնյաց հերոսական ավանդներին հավատարիմ մնալով եւ գիտակցելով սեփական կոչումը` որպես երկրի զինվոր ու քաղաքացի։

Ռազմահայրենասիրական լսարանի ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին։ Ներկաները հնարավորություն ունեցան շրջելու լսարանում, ծանոթանալու մեր նորանկախ երկրի կենսագրության մանրամասներով, մեր ազատագրական պայքարի փառահեղ դրվագներով ու Արցախյան պատերազմի հերոսների մասին պատմող ակնարկներով համալրված ցուցապաստառներին, վահանակներին ու լուսանկարներին։

Հանդիսությունը եզրափակվեց տոնական համերգով։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարները` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Բանակ և հասարակություն


16/11/2011