ՄԱ՛Մ ՋԱՆ, ԵՍ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՄ…
Սիրում եմ քեզ, ի՛մ հայրենիք՝ Հայաստան աշխարհ, և այդ սերը խոսքեր չեն լոկ քիմքին, ունկին հաճո բառաշարանով: Դարերի խորքից եկել ես խրոխտագին քո էությամբ…
Պատմությունդ է վկա: Հեշտ չի եղել երթը քո դարերի. հանուն ազատության մաքառել ես և բազում հաղթանակներ սփռել հազարամյա ճանապարհիդ՝ շնորհիվ քո առյուծասիրտ զավակների և հզոր մայրերի, որոնք իրենց արյամբ ու կաթով սերմանել են հայրենասիրություն և հայրենապաշտ ոգի:
…Ահա և մեր հերթն է քեզ պաշտպանելու կրծքով, քեզ ծառայելու և ի տես աշխարհի՝ քո անկախությունն ու հզորությունը թելադրելու:
Ես հազարավոր այն մայրերից եմ, որի որդին ծառայում է հայրենիքին:
Որդիս՝ Ալիկ Գագիկի Իխտիարյանը, գերազանց առաջադիմությամբ ավարտել է Վայքի ավագ դպրոցը, ունեցել մի շարք սպորտային նվաճումներ: Մարզում ամենաբարձր միավորներով ընդունվել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բուժական գործ բաժինը: 2019 թ. հուլիսի 15-ին իր անունը ապագա բժիշկների ցանկում կարդալուց անմիջապես հետո՝ հուլիսի 16-ին, մեկնեց ծառայության: Հիշում եմ ապրումներս, երբ ասաց. «Մա՛մ ջան, Տոնաշեն եմ, շատ լավ է…»: Տոնաշեն, Եղնիկներ… Մարմնովս դող անցավ: Չգիտեմ՝ ինչու էր այդպես. միգուցե, որ մեզ բաժանելու էր յոթ սարերի հեռավորությունը…
Կարոտախտն արդեն պատել էր ինձ:
…Ի՜նչ գեղեցկություն, հրա՜շք բնություն. Արցախի ճանապարհին ենք՝ զինվորական երդման արարողությանը ներկա լինելու: Հպարտությունս ու հուզմունքս միախառնվել են: Ուզում եմ՝ աշխարհն իմանա, որ որդիս զարկն է հայրենիքիս բազկի, մի բուռն է իր հողի ու սանձողը նենգ ոսոխի:
…Ալիկս հրետանավոր է: Երբ վեց ամիս անց արձակուրդ եկավ, տեսա նրան առավել հասուն ու ծանրակշիռ: Ասում էր.
«Մա՛մ ջան, լինել զինվոր նշանակում է լինել ոչ միայն զենքի գիտակ, այլեւ նախ և առաջ սրբազան պարտականություն կատարող քաղաքացի:
… Երբ ամպերի մեջ մխրճված Մռավ սարի լանջերից նայում ես Արցախի հրաշք բնությանը, թշնամուն մեր երկրի խաղաղ երկինքը վերջնականապես պարտադրելու մղումը առավել է ուժգնանում: Զորեղ ու հաստատուն է այն պետականությունը, որի պահապանները զինված են ազգի արժանապատվության բարձր գիտակցումով: Եվ այդ գիտակցումով ենք մենք կանգնած Հայոց պետականության առաջնագծում:
Մա՛մ ջան, անհատը դառնում է զինվոր, եթե նրա մեջ հասունանում և ամբողջանում է նաև առաջադրված հրամաններն ու խնդիրներն անվերապահորեն կատարելու գիտակցումը: Ուստի, մա՛մ ջան, ես հիմա ավելի բարձր կոչում ունեմ, քան որդին է. ես հիմա Զինվոր եմ»: Սա է իմ որդու՝ Եղնիկներում ծառայող Ալիկ Իխտիարյանի ամրակուռ ոգու դրսևորումը, տասնիննամյա հայորդու գիտակցումը:
…Ինձ՝ որպես հայ մոր, մնում է մեր զինվորների կյանքի համար աղոթք հյուսել՝ յուրաքանչյուրի հոգու ներսում անհուն հավատ և ուժ դնելով ու մայրական ջերմ սերս հաղորդելով…
ՀԱՅԱՐՓԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ք. Վայք
Խորագիր՝ #38 (1358) 23.09.2020 - 29.09.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում