ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱ
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ Սիրիայում արյունահեղությունը չդադարեցնելու դեպքում Անկարան ստիպված կլինի դիմել այդ քայլին, իսկ մինչ այդ սառեցնում է Սիրիայում նավթահանքերի յուրացման խոշոր ծրագիրը:
Փորձագետների պնդմամբ, Անկարայի նման որոշումը իրագործվելու դեպքում լուրջ ազդեցություն չի ունենա Սիրիայի էներգաապահովման վրա, քանի որ բացի սեփական էլեկտրակայանների արտադրանքից, Սիրիան էլեկտրաէներգիա է ստանում նաև Հորդանանից ու Լիբանանից:
Սակայն հարկ է նշել, որ բավական սրվել են նաև Սիրիայի և Հորդանանի հարաբերությունները: Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի վերաբերյալ Հորդանանի թագավորի հայտարարությանն ի պատասխան` Դամասկոսում ամբոխը գրոհել է Հորդանանի դեսպանատունը: Ցուցարարներից մի քանիսն անգամ կարողացել են թափանցել դեսպանատան տարածք և պոկել Հորդանանի դրոշը:
Թեև Ասադի վարչակարգն արդեն ազատ է արձակել շուրջ 1800 բանտարկյալների, և Արաբական պետությունների լիգայի 500 դիտորդներ ժամանում են Սիրիա, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե այլևս չի հավատում այդ երկրում քաղաքական բարեփոխումներ սկսելու և բռնություններին վերջ տալու մասին նախագահ Ասադի խոստումներին: Նաև նշել է, որ կգտնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան վրա հարձակման մեղավորներին պատժելու եղանակը:
Սիրիայի հետ Թուրքիայի և Հորդանանի հարաբերությունները ավելի սրվեցին անցած երկուշաբթի Սիրիայում 70 մարդու կյանք խլած բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին, գարնանը ծայր առած ներքաղաքական ճգնաժամի ողջ ընթացքում: Սպանվածներից 30-ը զինծառայողներ են: Նրանք մարտի էին բռնվել քաղաքական համոզմունքների պատճառով բանակից դասալքածների հետ, ինչը վկայում է, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը վերաճում է քաղաքացիական պատերազմի:
Ներկայումս, Սիրիական բանակը լայնածավալ ռազմական գործողություն է իրականացնում երկրի հարավում: Զինված ընդհարումները շարունակվում են նաև Հոմսում ու Համայում, ուր գրոհայինները պայթեցրել են երկաթգիծը և առևանգել ու սպանել են Բաշար Ասադի կողմնակիցներից մեկին` սիրիական բանակի պաշտոնաթող գեներալ Ռավդան ալ-Մադլուշին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական