ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Երեւանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դիմաց մեծ բազմություն էր հավաքվել: Արյան անհրաժեշտության մասին հայտարարությունից ընդամենը րոպեներ անց արդեն հսկայական հերթեր էին կուտակվել:
Փոքրիկ Լեոնարդոն մայրիկի եւ մորաքրոջ հետ շտապել էր արյան կենտրոն՝ ցանկանալով ինքն էլ արյուն հանձնել մեր վիրավոր զինվորների համար: Ու հիմա շատ էր տխրել, որ ցանկությունը չէր կարող իրականացնել:
Լեոնարդոն Դուբայից է (կորոնավիրուսի պատճառով մեկնումը երկարաձգվել է): Փոքրիկի ուշքնումիտքը մեր զինվորներն են, ուզում է ինչ-որ կերպ օգնել սահմանին կանգնած զինվորներին: Վերջերս էլ մայրիկին խնդրել էր քաղցրավենիք գնել եւ իր կողմից ուղարկել հայրենիքի պաշտպաններին: «Լեոնարդոյից՝ մեր հաղթողներին». Այսպես էր գրել տուփի վրա:
♦♦♦
Բագրատ Խաչունցը Երեւանի պետական համալսարանի ուսանող է: Սովորում է ռադիոֆիզիկայի ֆակուլտետում:
-Երեք դասընկերներս՝ Միքայելը, Վաղինակը, Ավետիսը, ծառայում են առաջնագծի տարբեր հատվածներում: Որոշեցի ես էլ իմ ձեւով աջակից լինել մեր բանակին ու մեր զինվորին: Դուք այդտեղ եք դուխով, հաստատուն կանգնած, տղերք ջան, թիկունքն էլ այստեղ է ամուր ու վճռական: