Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱՇԱԴ ԼԻՔԻՋ. ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՐԿՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՇԻԶՈՖՐԵՆԻԿՆԵՐԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ



ՌԱՇԱԴ ԼԻՔԻՋ. ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԲԱՔՎԻ ԵՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՐԿՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՇԻԶՈՖՐԵՆԻԿՆԵՐԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎՃշմարտություն Արցախից՝ Ռաշադ Լիքիջից

Առաջին իսկ օրվանից հայ-ադրբեջանական պատերազմում սկսեցին զոհվել իմ հայրենակից թալիշները։ Արցունքներից խեղդված եւ ներքին տարտամ մղումից դրդված՝ որոշեցի մեկնել ռազմաճակատ, որպեսզի սեփական աչքերով տեսնեմ ժողովրդիս ողբերգությունը եւ, հնարավորության չափով, օգնեմ ալիեւյան խունտայի ձեռքով մահվան քշվող հայրենակիցներիս։ Հայերն իմ ազգին ոչ մի վատություն չեն արել, թալիշները Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմելու ոչ մի հիմք չունեն։ Բայց այն փաստը, որ թալիշները հիմա ռազմաճակատում են, մեր մղձավանջն է եւ  խայտառակությունը։

Ես վաղուց այլեւս Ադրբեջանում չեմ ապրում՝ մշտական սպառնալիքների պատճառով ստիպված էի հեռանալ ընտանիքիս հետ միասին։ Եվ ճիշտն ասած՝ ինձ համար միշտ ակնհայտ էր, որ Ադրբեջան պետության սահմաններում թալիշն ունի երկու ճանապարհ՝ կամ իսպառ մոռանալ արմատներն ու փորձել ինտեգրվել ծայրահեղորեն խեղված մտածողությամբ մարդկանց հասարակությանը, որի աչքին շուրջբոլորը միայն թշնամիներ են, կամ ուժ գտնել ապրելու սեփական կյանքը՝ ամեն ժամ դիմակայելով ծաղրուծանակի կամ նույնիսկ հետապնդումների…

Բնական է, ուստի, որ ռազմաճակատ ընկնելու միակ ճանապարհս անցնում էր Հայաստանով։ Ինձ հաջողվեց իբրեւ լրագրող մեկնել այնտեղ, ապա հասնել Ղարաբաղ, կամ, ինչպես այստեղ ընդունված է ասել՝ Արցախ։

Ամենուրեք տեսնելով միայն ոգեշնչված մարդկանց, որոնք պատրաստ են դիմադրելու հակառակորդին եւ կռվելու մինչեւ վերջ՝ ես ամաչեցի… Ամաչեցի ու ցավ ապրեցի, որ իմ հայրենակից թալիշներին դարձրել են այս մարդկանց դեմ ադրբեջանական հանցագործությունների մասնակիցը։ Ստացվում է, որ աշխարհի աչքի առջեւ մենք ապրում ենք ագրեսորի խայտառակությունը, իսկ որ Ադրբեջանն ագրեսոր է, որեւէ մեկն այլեւս չի կասկածում։ Հիմա ուրիշ ժամանակներ են, եւ ցանկացած հետաքրքրված մարդ, չնայած մամուլում կեղծիքի եւ ապատեղեկատվության տարափին, կարող է չեզոք աղբյուրներից օգտվելով՝ ձեւավորել իրողության պատկերը։

Հավատարմագիրն ստացա առանց ձգձգման։ Առհասարակ, այն թեթեւությունը, որով ցանկացած ազնիվ լրագրող կարող է այս օրերին հայտնվել գոյապայքար մղող Արցախում, մատնանշում է պարզ մի ճշմարտություն՝ հայերը թաքցնելու ոչինչ չունեն։ Նրանք ոչ միայն արդար պատերազմ են մղում, այլեւ հաղթում են։ Տեսեք՝ որքան է այն տարբերվում մարտական իրադարձությունների լուսաբանման ադրբեջանական մոտեցումից։ Սկզբում Բաքուն արգելեց բոլոր լրագրողների հավատարմագրումը՝ բացի սեփականից եւ թուրքականից, իսկ հետո պարզապես վերցրեց ու արգելեց ԶԼՄ-ների «անվստահելի» (այսինքն՝ ազնիվ) աշխատակիցների մուտքը ռազմական գործողությունների գոտի։

Եվ ահա մենք հայտնվեցինք բախումների առաջնագծում… Ես չէի թաքցրել իմ իսկական անունը եւ թե ինչու եմ ժամանել։ Այն, ինչ տեսա, ինձ հանգիստ չի տալու մինչեւ օրերիս վախճանը։ Դժվար է սրա մասին գրելը, բայց լռել եւս չեմ կարող։ Երբեւիցե մենք կիմանա՞նք այս պատերազմում զոհված թալիշների իրական թիվը։ Այն մեծ է, շատ մեծ… նույնքան մեծ, որքան ռազմի դաշտում ընկած լեզգիների, ավարների, թաթերի թիվը… Հաճախ են զոհվում նաեւ սիրիացի վարձկաններ։ Բայց վերջիններիս կռվի է բերել փողը, ուստի, նրանց ճակատագիրն ինձ քիչ է հուզում։

Ադրբեջանցիները, թիկունքում նստած, զբաղված են միայն նրանով, որ հերթով կռվի են ուղարկում իմ ազգի որդիներին՝ ամենաերիտասարդներին, ամենաուժեղներին եւ եռանդուններին։ Իսկ դրա վերջը չի երեւում։ Կորուստներն ահռելի են, բայց Ալիեւը չի ցանկանում փոխել իր բախտախնդիր վարքը։ Թեպետ… գուցեեւ ցանկանում է, բայց նրա փոխարեն հիմա գրեթե ամեն ինչ որոշում է Էրդողանը։ Այսինքն, ստացվում է, որ մեր տղաները կյանքը զոհում են հանուն այդ շուն թուրքի հավակնությունների։ Ես տեսել եմ մեր երիտասարդների դիերը, տեսել եմ փաստաթղթերը… Իսկ ամենասարսափելին այն  է, որ նրանք ոչ միայն զոհվել են, այլեւ զոհվել անարդար մահով…

Լեռների լանջերը լի են դիակներով, որոնք ադրբեջանական կողմը չի փորձում անգամ հավաքել ու գոնե մարդավարի հողին հանձնել՝ չնայած հայկական կողմից այդ հնարավորությունը տալու առաջարկներին։ Միայն սրանում է, որ հաջողել են Ալիեւն ու նրա պանթյուրքիստական ավազակախումբը։ Ես գիտեմ ու վստահ եմ, որ թալիշ եղբայրներս չեն ցանկանում դրա մասը լինել, ադրբեջանական պետության մասը լինել։ Մենք հանցագործներ չենք եւ չենք ուզում թափել ո՛չ հայերի, ո՛չ էլ սեփական արյունը։ Չենք ուզում զոհվել Բաքվի եւ Անկարայի երկու ագրեսիվ շիզոֆրենիկների քմահաճույքով։ Ես կոչ եմ անում ռազմաճակատ ընկած թալիշներին` ոչ միայն չկռվել հայերի դեմ, այլեւ անցնել նրանց կողմը։ Սա գուցե սարսափելի թվա, բայց ուզում եմ հավաստիացնել մեր երիտասարդներին, որ հայերը թշնամի չեն համարում մեզ, ինչպես թշնամի չեն համարում լեզգիներին, ավարներին եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնք այս արկածախնդրության մեջ են ներքաշվել սոսկ որովհետեւ նրանց հողը եւս ժամանակին բռնակցվել է Ադրբեջան կոչված արհեստական կազմավորմանը։ Ես ինքս եմ տեսել ու զգացել հայերի բարյացակամ վերաբերմունքը։ Նրանց մեջ չկա ատելություն, նրանք իրենց հողն են պաշտպանում։

Համոզված եմ, որ արդեն կարդացած կլինեք Արցախի ԱԺ կոչը Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին։ Արցախի կառավարությունը եւ անձամբ նախագահը երաշխավորել են բոլորի կյանքը, հովանավորությունը եւ երրորդ երկիր մեկնելու հնարավորությունը, այնպես որ՝ հայկական կողմից խնդիր հաստա՛տ չի լինի։ Այդուհանդերձ, ես գիտեմ դեպքեր, երբ թալիշները փորձել են հանձնվել՝ սպիտակ կտորը ձեռքերում վեր պարզած դուրս գալով խրամատներից (ինչպես խորհուրդ էր տրվում Արցախի ԱԺ կոչում), նրանց գնդակահարել են թիկունքում նստած ադրբեջանցիները։ Ի վերջո, միեւնույն է, դա ավելի անվտանգ է եւ ճիշտ, քան ծառայությունն ադրբեջանական բանակում։ Հայկական կողմ անցնելու դեպքում մեռնելու հավանականությունը, հավատացեք, անհամեմատ պակաս է, քան մնալով ադրբեջանական խրամատներում, հայկական հրետանու հարվածների տակ, Արցախի ՊԲ հակագրոհների ընթացքում։ Ես տեսել են դրանց կործանարար հետեւանքները… Ադրբեջանի վիճակը օրըստօրե վատթարանում է։ Ուստի, սիրելի թալիշ եղբայրներ, անցե՛ք հայերի կողմը։ Միասին, հայ եւ թալիշ ժողովուրդներն այսօր հնարավորություն ունեն անխախտ խաղաղություն բերելու Հարավային Կովկասին, կործանելու ժամանակակից ամենադաժան ու նողկալի բռնակալություններից մեկը, նվաճելու ազատություն եւ խաղաղ կյանք։ Մեր ժամը վաղուց էր եկել, բայց հիմա է ճշմարտության պահը, եւ սպասել այլեւս չի՛ կարելի։ Կեցցե՛ Հայաստանը։ Կեցցե՛ Արցախը։ Կեցցե՛ ազատ Թալիշստանը։

Ռաշադ Լիքիջ

Ստեփանակերտ

05.10.2020

Աղբյուրը՝

https://www.talyshistantimes.com/content/likijrashad

Թարգմանությունը՝  Վազգեն Ղազարյանի

Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


11/10/2020