Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՄԻՏՐԻ ՌՈԳՈԶԻՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱԶՄԱՎՈՐԵԼ «ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ»



ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել է Ֆրանսիական լեգեոնի օրինակով Ռուսաստանի զինված ուժերի կազմում ձևավորել ՌԴ քաղաքացիներ չհանդիսացող անձանցից կազմված գումարտակներ: Այդ ստորաբաժանումներում կծառայեն մասնավորապես սերբերն ու բուլղարները, ովքեր դրա դիմաց հետագայում կստանան ՌԴ քաղաքացիություն:

Ռոգոզինն ասել է, որ ժողովրդագրական չլուծված խնդիրներն ու զորակոչային տարիքի անձանց անբավարար թվաքանակը պարտադրում են մշակել ժամանակակից ճկուն համակարգեր` դրանցում ներգրավելով հոգեհարազատ ժողովուրդներին:
Մինչ այդ Դմիտրի Ռոգոզինը դրական էր արձագանքել Կոսովոյում բնակվող ավելի քան 20.000 սերբերի խնդրագրին` իրենց Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ, և առաջարկել նրանց ընդգրկել հայրենադարձության ծրագրում:

Փորձագետները բավական հոռետեսորեն են արձագանքել ՆԱՏՕ-ում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի մտահղացմանը` առավել իրատեսական համարելով ԱՊՀ անդամ պետությունների ռուսախոս բնակչության ներկայացուցիչների միջոցով Այլազգիների լեգեոնի կազմավորումը: Նրանք միաժամանակ զգուշացրել են, որ ամենայն հավանականությամբ, այնտեղ ծառայելու ցանկություն կհայտնեն միայն ուզբեկներն ու տաջիկները, և այն ուղղակի կդառնա ոչ թե մարտունակ ու հեռանկարային ստորաբաժանում, այլ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու միջոց:

Խորագիր՝ Նորություններ


17/11/2011