ՏՂԵ´ՐՔ, ՊԻ´ՆԴ ԵՂԵՔ, ՇՈՒՏՈՎ ԳԱԼԻՍ ԵՆՔ
Այս օրերին պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորված մեր զինծառայողներին ու կամավորականներին իրենց հոգատարությամբ ու սիրով են շրջապատում նաև քաղաքացիական բուժհաստատություններում: Այցելեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող մեր վիրավոր մարտիկներին, զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ:
… Այս հողը ձգում է
Ազգությամբ եզդի Արման Ամոյանի աչքերում հանդարտություն ու միաժամանակ անհուն թախիծ կա. ընկերներ է կորցրել: Հայերենին խառնված ռուսերենով է պատասխանում հարցերիս: «Հենց Հայաստանում էի ուզում ծառայել. չէ՞ որ սա իմ հողն էլ է, իմ հայրենիքն է: Որոշեցի, որ ինչպես իմ հայրը, պապը, մեր ցեղի մյուս տղամարդիկ, Հայաստանում ծառայեմ: Ընտանիքով Ռուսաստան էինք գնացել, երբ դեռ 4 տարեկան էի: Ավտովթարից ստացած վնասվածքների պատճառով 18 տարեկանում չկարողացա պարտքս կատարել: Եկա մի քանի տարի ուշ, բարձր ու մարտական տրամադրությամբ: Մի քիչ տարիքով մեծ էի մյուս զինվորներից. շատ սիրում ու հարգում էին ինձ, ինչպես և ես՝ իրենց: Պատվոգրեր, շնորհակալագրեր շատ ունեմ, մեդալներ՝ «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ»: Իմ մտքին կար ավելիին հասնել, շուտով սերժանտի կոչում էի ստանալու, բայց պատերազմը խանգարեց…»:
Արմանը մարտերի ընթացքում ողնաշարին է հարված ստացել, սակայն բժիշկները լիակատար ապաքինում են խոստանում:
Մարտական գործողություններին մասնակցել է Արցախի ամենաթեժ կետերից մեկում: «Շատ էի ուզում մնալ մինչև պատերազմի հաղթական ավարտը, ավելին անել, բայց, այնպես ստացվեց, որ մարտական գործողություններն սկսվելու երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, վիրավորվեցի, ինձ տեղափոխեցին այստեղ: Իհարկե, հասցրել եմ կռվել: Կռվում էինք արիաբար, շատ հզոր էինք, հասցրինք թշնամուն զգալի կորուստներ պատճառել: Բայց…»: Արմանը իր պատմության այս հատվածում դանդաղեցնում է խոսքը, հայացքը իջեցնում է, որ թաքցնի կորստի ցավից աչքերում հայտնված արցունքը. «Ընկերներ ես կորցրել…»,- ասում եմ օգնելու համար, որ ինքը չասի ցավ պատճառող բառերը: «Այո… ու բոլորն էլ ինձ հարազատ էին… Տանկերով էին գալիս: Մի տանկ խփեցինք. տեղում այրվեց: Բայց շատ էին: Ընկերս կողքիս զոհվեց: Փորձեցի օգնել, բայց արդեն ուշ էր…: Շատ տարօրինակ էր նրանց հետևակայինների տեսքն ու պահվածքը: Դրանից առաջ մեր դիրքերի վրա շատ են դիվերսիաներ եղել: Քանի-քանի անգամ ետ ենք մղել: Իսկ այստեղ շուտով հասկացանք, որ նրանք թմրադեղերի ազդեցության տակ են: Վնասազերծելու միակ ձևը գլխներին կրակելն էր»:
«…Այս օրերին, այս ամենի միջով անցնելուց հետո ի՞նչ ես մտածում, Արման ջան»,- հարցնում եմ: «Ես հիմա միայն մի բան եմ մտածում. հնարավորինս արագ ոտքի կանգնեմ ու նորից գնամ մերոնց մոտ՝ առաջնագիծ: Եթե ստացվի՝ ժամկետային ծառայությունից հետո որպես սպա կմնամ բանակում, մեկընդմիշտ կտեղափոխվեմ Հայաստան: Արդեն 100 տոկոսով կայացրել եմ որոշումս: Մեր հիմքը, մեր արմատն այստեղ է: Հարյուր տարի էլ Ռուսաստանում մնաս, միևնույն է, այս հողը ձգում է»:
Ձախ ձեռքով էլ եմ լավ կրակում
Հարություն Բաղդասարյանի աջ ձեռքը ուսից քիչ ներքև կտրված է: Ընդամենը մի քանի օր առաջ արկի պայթյունից կորցրել է ձեռքը: Աչքս այս ցավալի պատկերը տեսնում է, բայց Հարությունն արդեն իր ոգու ամրությամբ, խրոխտ սիսիանցու արծվենի կիսադեմով ու ձայնի աներեր, վստահ ու առույգ տոնայնությամբ միտքս ու հայացքս հեռացնում է իր վիրավոր ձեռքից: Դիմացս լիարժեք ռազմիկ է: «Ուզում եմ, որ արագ ձեռքս տեղը դնելու, վերքս փակելու տարբերակ լինի, որ գնամ, շարունակեմ կռիվս: Մերոնք կռվում են հիմա: Ես էսպես ինչքա՞ն կարող եմ նստած մնալ»: Ակամա վարակվում եմ նրա ոգևորությամբ, բայց իրատեսությունս ավելի զորեղ է: «Բայց, Հարությո՛ւն ջան, ախր, մի ձեռքով, այն էլ՝ ձախով, ինչպե՞ս ես կրակելու»: Իսկ նրա պատասխանն արդեն պատրաստ է. «Ախր, ձախլիկ եմ. շատ լավ եմ կրակում ձախով: Հենց փակեն վերքերս, ես գնո՛ւմ եմ»:
Սյունիքի Անգեղակոթ գյուղից է Հարությունը: Անասնապահությամբ է զբաղվում: Անթաքույց հպարտությամբ է խոսում իր ծննդավայրի, իրենց կողմերի ժողովրդի մասին: «Մեկ անասուն պահելն է մեզ մոտ լավ ստացվում, մեկ էլ՝ կռվելը: Մեր գյուղացիք ամենաուժեղ կռվողներն են: Հենց լսում ենք՝ պատերազմն սկսվել է, տղամարդկանցով անմիջապես հավաքվում, կազմ-պատրաստ գնում ենք առաջնագիծ: Իմ եղբայրն էլ 1990-ականներին Արցախյան պատերազմին է մասնակցել, կռվել մինչև զինադադարի հաստատվելը: Հիմա նրա երկու որդիներն էլ դիրքերում են: 2016-ին էլ ես Քառօրյա պատերազմին Թալիշ գնացի: Բայց, ասեմ, որ այն ժամանակ բավականին անպատրաստ էինք: Այս անգամ ամեն ինչ շատ լավ է. զենք-զինամթերքը, ջուրը, ուտելիքը, ծխախոտը, ամեն-ամեն ինչ լիքը»: «Ի՞նչն է քեզ մարտի դաշտ տանում».- ուզում եմ ավելին հասկանալ նրա այս աներևակայելի կամքի ուժի ու ինքնատիրապետման ակունքների մասին: «Բա ի՞նչ պիտի անենք,- ասում է գյուղացու պարզությամբ ու շիտակությամբ,- գնում ենք մեր հողը պահենք, մեր երեխաներին պաշտպանենք: Ես երեք երեխա ունեմ: Փոքրս՝ տղաս, 5 տարեկան է: Մամաս, պապաս… մեծ ընտանիք ենք»: «Իսկ տնեցիք ամեն անգամ ինչպե՞ս են վերաբերվում Ձեր պատերազմ գնալու որոշմանը»: «Երեխաները մի քիչ լաց են լինում. դե, փոքր են, խելքները չի կտրում… Մեր թշնամին խիղճ չունի: Եթե թողեցինք, ոչ մեկին չխնայելով՝ ո՛չ երեխա, ո՛չ մեծ, առաջ կգա: Չե՛նք թույլ տալու»: Այդ րոպեին մեզ է մոտենում բուժքույրը, ստուգում է, թե ինչպես են դրենաժները: «Շատ ընտի՛ր,- արձագանքում է Հարությունը,- հետո դառնում է ինձ,- մենք պիտի առաջ գնանք մինչև վերջ: Մեր հողն է, մեր ջուրը, պիտի պահենք ամեն գնով: Ինձ ի°նչ է եղել, որ, ոչինչ, թև է, էլի, կսարքեն՝ կգնամ: Վերջ, սա է. էսքան բան կասեմ»:
Տղե´րք, պի´նդ եղեք, շուտով գալիս ենք
«Արդեն վերականգնողական փուլում եմ,- ասում է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ շարքից հանած համեստ լուսավոր հերոսը՝ հաշվարկի հրամանատար, սերժանտ Հարություն Դոխոյանը: Ձայնի մեջ անհամբերություն կա,- բժիշկն ասում է՝ շուտով կապաքինվեմ»: «Առաջինը ի՞նչ կանես»,-հարցնում եմ: «Անմիջապես կվերադառնամ ընկերներիս մոտ»,- չի հապաղում պատասխանը:
«…Ամեն ինչ սովորական է դառնում, պատերազմը, գնդակոծություններն էլ սովորական առօրյադ են դառնում,- բարձրաձայն մտորում է Հարությունը,- մտածում ես՝ կյանքը սա է: Երբ վիրավորվելուց հետո առաջին օրը հոսպիտալ եկա, զարմանում էի՝ ինչո՞ւ պայթյուններ չկան: Հետաքրքիր զգացողություն էր: Հետո արդեն վարժվեցի այս լռությանը…»,- ժպտում է հանդարտ ժպիտով:
«Ամենավառ, ամենատպավորիչ հիշողությունդ ո՞րն է մարտական գործողություններից»: «Ամենատպավորիչը, իհարկե, իմ առաջին տանկի խոցումն էր: Դիտարկում էի, թե տանկերի շարասյունն ինչպես էր մոտենում: Լիովին գիտակցում էի. առաջին տանկը թե խոցեցի՝ մյուսներն առաջ չեն գա, այլ դեպքում՝ մեկը մյուսի հետևից գրոհելու են: Մի պահ կասկած մտավ սիրտս՝ կխփե՞մ, թե՞ չէ, նույն պահին ինձ տրամադրեցի՝ անպատճառ պիտի խփե՛մ: Նշանոցը դրեցի վրան ու կրակեցի: Ու… կպա՜վ: Իմ ու մեր մյուս տղաների ոգևորությունը նկարագրել հնարավոր չէ: Մեր տեղամասի համար սա առաջին խոցված տանկն էր, առաջին իրական կրակը, պայթյունը, հաղթանակը… Մինչև այդ, դեռ չէինք պատկերացնում, թե ինչի է ընդունակ մեր զենքը. հարգեցինք»:
«Ի՞նչ կարևոր բան հասկացար պատերազմի այս օրերին»: «Հասկացա, որ ամենակարևոր բանը համախմբված լինելն է: Իմ հաշվարկի տղաները իմ եղբայրները, իմ ընկերներն են, որոնց հետ հավասար, մի մարդու պես մարտ ենք վարել: Ամենադժվար պահին սա է մեր կարևոր ուժը, սա է հաջողության գաղտնիքը: Մարկոսյան Էդգարի մասին լսել եք երևի, նա օրերս «Արցախի հերոսի» կոչման արժանացավ. տասը տանկ է խոցել: Մենք նրա հետ մի մարտկոցից ենք եղել: Նա մի դիրքն էր պահում, ես՝ մյուսը: Իրար հետ մշտական կապի մեջ էինք, համատեղ էինք վարում մարտը: Մեր ստորաբաժանումն իր գործողություններով շատ հաջող է գործել: Մինչև մարտական գործողություններն էլ ես վստահ էի, որ մեր մարտկոցն իր խնդիրը լիարժեք կկատարի: Այդպես էլ եղավ: Ընկերներով այնպես էինք կռվում, ասես՝ հազար տարի պատերազմած զինվորներ լինեինք: Շատ կարևոր է մեր հրամանատարության դերակատարումը: Նրանք շատ ճշգրիտ ու գերազանց են ղեկավարում մեր գործողությունները: Նրանց ուղղորդմամբ թշնամու զինտեխնիկայի 100 տոկոսանոց խոցելիություն էինք ապահովում: Եթե իրենք 50 համազարկ են տալիս առանց ճշգրիտ խոցման, ապա մեր մեկ հարվածը 100 տոկոսանոց ճշգրտությամբ է»:
«Քո խփած ՏՕՍ–ի մասին արդեն առասպելներ են շրջում: Ինչպե՞ս խփեցիր»: «Մենք դիրքավորված էինք: Կապ տվեցի հրամանատարիս, ասացի՝ հեռվից հարձակում եմ նկատում: Նշանառության տակ առանք մոտեցող զինտեխնիկան, սպասում էինք, քանի որ հեռավորությունը մեծ էր, չէինք տեսնում՝ կոնկրետ ինչ էր: Փոշու ամպի մեջ միայն թրթուրներն էին երևում: Տեսա, որ տանկից շատ ավելի արագաշարժ տեխնիկա է: Զեկուցեցի և ստացա հրամանը՝ «Խոցի՛ր»: Երբ խոցումից հետո փոշին իջավ, տեխնիկան երևաց. ինչ-որ համալիր էր, որ առաջին անգամ էի տեսնում: Ավելի ուշ իմացա, որ ՏՕՍ էր: Թանկարժեք զինտեխնիկա է:
…Վիրավորվելուս պահին տարածքում բուժակ չկար. բայց մինչ այդ այնքան էինք տեսել նրանց աշխատանքը, մեր սպաների աշխատանքը, որ ինքներս մեզ կարողանում էինք առաջին օգնություն ցուցաբերել: Ընկերս՝ Գեղամը, չհապաղեց. արագ վիրակապեց ձեռքս ու տեղափոխեց անվտանգ տեղ: Հիմա նա առաջնագծում է. հաջողվել է հետը կապ հաստատել: Լավ է: Դուխները շատ բարձր է: Արդեն հաղթանակած ենք զգում մեզ: Էստեղից իրենց ասում եմ՝ «Պի՛նդ եղեք, տղե՛րք, շուտով գալիս եմ…»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ Սիփան Գյուլումյանի և հեղինակի
Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Ազգային բանակ, Նորություններ