Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ



ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԵրեւանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դիմաց հոծ բազմություն էր հավաքվել: Կենտրոնի՝ արյան անհրաժեշտության մասին հայտարարությունից ընդամենը րոպեներ անց արդեն հսկայական հերթեր էին կուտակվել: Փոքրիկ Լեոնարդոն մայրիկի եւ մորաքրոջ հետ շտապել էր արյան կենտրոն՝ ցանկանալով ինքն էլ արյուն հանձնել մեր վիրավոր զինվորների համար: Ու հիմա շատ էր տխրել, որ ցանկությունը չէր կարող իրականացնել (արյուն հանձնելու համար պետք է 18 տարին լրացած լինի):

Լեոնարդոն Դուբայից է: Փոքրիկի ուշքնումիտքը մեր բանակի քաջերն են, ուզում է ինչ-որ կերպ օգնել սահմանին կանգնած զինվորներին: Վերջերս էլ մայրիկին խնդրել էր քաղցրավենիք գնել եւ իր կողմից ուղարկել հայրենիքի պաշտպաններին: «Լեոնարդոյից՝ մեր հաղթողներին». այսպես էր գրել տուփի վրա:

Բագրատ Խաչունցն էլ Երեւանի պետական համալսարանի ուսանող է: Սովորում է ռադիոֆիզիկայի ֆակուլտետում.

-Երեք դասընկերներս՝ Միքայելը, Վաղինակը, Ավետիսը, ծառայում են առաջնագծի տարբեր հատվածներում: Որոշեցի ես էլ իմ ձեւով աջակից լինել մեր բանակին ու մեր զինվորին: Իրենք այնտեղ եք դուխով, հաստատուն կանգնած, թիկունքն էլ՝ այստեղ:

Դերասանուհի Սեդա Ավագյանն արդեն արյուն է հանձնում.

-Ամենքս էլ աշխատում ենք ինչ-որ կերպ սատարել բանակին, հայ զինվորին, մենք իրենց շատ-շատ ենք սիրում: Եղբայրս էլ է շուտով կամավորագրվելու:

Բուժքույր Անուշը արցունքն է թաքուն սրբում. հոգին ալեկոծ է՝ որդին սահմանին է.

-Թող մեր մայրական աղոթքները զրահ դառնան մեր զինվոր որդիների համար:

Ռուզաննա Այվազյան.

-Երեք երեխայի մայր եմ: Ամուսինս՝ Հակոբյան Ապրեսը, զինվորական է, այս պահին առաջնագծում է. «Հաղթեն ու անկորուստ հետ գան բոլորը»՝ ամենօրյա աղոթքս է:

-Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է,- ասում է Մերի Ղազարյանը, որն ամուսնու եւ փոքրիկի հետ եկել է արյուն հանձնելու: -Իմ մանկությունն էլ է կրակների տակ անցել: Թող ոչ մի երեխա ռումբերի ձայն չլսի, խաղաղություն լինի: Եղբայրներս՝ Մարտինն ու Մարատն այս պահին սահմանին են:

Աննա Գասպարյան -Հորեղբորս տղան՝ Հայկն էլ է առաջնագծում, մեկի հայրն է, մեկի եղբայը, մեկի սիրած տղան… Բոլորն էլ հարազատ ու թանկ…

Աննա Աբազյան-Նոյեմբերյանից եմ՝ սահմանամերձ Բարեկամավանից: Մեր ընկերոջ տղան է վիրավորվել՝ Դավիթը, կարգին չապաքինված՝ շտապել է ճակատ: Էս ինչ հզոր տղերք ունենք…

-Երբ սկսվեց պատերազմական իրավիճակը, դեռ հայտարարություն չտված՝ արյունաբանականի առջեւ հսկայական հերթեր էին, արյուն հանձնել ցանկացող կամավորների մեծ բանակ էր հավաքվել,- ասում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն, փոխգնդապետ Մարգարիտա Հակոբյանը: Նա մեր բանակի երախտավորներից է: Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ստեղծվել արյան ծառայությունը, երկար տարիներ ղեկավարել է Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի բաժանմունքը: Այժմ էլ զինվորական ոգով եւ ճշգրտությամբ կազմակերպում եւ պլանավորում է աշխատանքը:

-Հնարավոր չէ՝ զինվորը կամ վիրավորում ստացած քաղաքացիական անձը հիվանդանոցում մահանա արյան պակասի պատճառով: Բոլորը արյան կայանների ծառայությունները համատեղ ու պատվախնդրորեն նույն գործին են լծված: Մեր ժողովուրդը զինվոր, բանակ պաշտող ազգ է. հապա վերջ չունեցող հերթին նայեք: Երբ պահուստավորված արյունը տեղավորում էինք հատուկ մեքենաների մեջ, հոծ բազմություն էր, ասացի՝ ժողովուրդ, էս արյունը ուղարկում ենք Արցախ, բոլորը սկսեցին ծափ տալ… Հուզվել, ոգեւորվել էին, իրենց արյան ամեն մի կաթիլը կարող է վիրավոր զինվորի փրկել, մի կյանք…

Իսկ արյունաբանականի առջեւ հերթը երկարում էր…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Բանակ և հասարակություն


16/10/2020