Ո՞ԻՄ Է ՕԳՆԵԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱԴԱՖԻԻ՞Ն, ԹԵ՞ ՆՐԱ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ
Բրիտանական հետախուզությունը Լիբիայի Ազգային անցումային խորհրդին օգնել է խուսափել Մուամար Քադաֆիի հետախուզական ծառայության կազմակերպած հարձակումից: Մարտ ամսին Բրեգա քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ Քադաֆիի ուժերը փորձել են ընդդիմության առաջնորդների դեմ ուղղված պայթյուններ կազմակերպել, սակայն վերջիններիս ժամանակին տեղեկացրել են այդ մասին:
Պայթյունները, որոնք պետք է իրականացնեին նաև մահապարտները, ուղղված էին լինելու նաև արևմտյան դիվանագետների դեմ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը գովել է բրիտանական հետախուզության աշխատանքը` նշելով, որ MI5, MI6 ծառայությունների և կառավարական կապի կենտրոնի աշխատակիցները աշխարհում լավագույնների թվում են, իսկ շատ դեպքերում այս ոլորտում լավագույնն են:
Հեյգը նաև պատմել է, որ իրենց հետախույզները Լիբիայում բացահայտել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներից կազմված ցանց, որը զբաղվում էր արտասահմանում ահաբեկիչների պատրաստմամբ: Այդ խմբավորման անդամները նախատեսում էին ահաբեկչություններ իրականացնել բրիտանական կղզիներում, բայց կատարված ձերբակալությունների շնորհիվ դրանք հնարավոր եղավ կանխել:
Միևնույն ժամանակ Քադաֆիի նախկին քաղաքական հակառակորդներից մի քանիսը դիմել են անգլիական ոստիկանությանը MI6 հետախուզական ծառայության դերակատարումը Քադաֆիի ռեժիմին աջակցելու գործում քննելու խնդրանքով: Նրանք MI6-ին մեղադրում են Մեծ Բրիտանիայում թաքնվող Քադաֆիի հակառակորդներին Լիբիային հանձնելու մեջ:
2011թ. սեպտեմբերին Լիբիայում փաստաթղթեր են գտնվել, որոնք վկայում են, որ վերջին տարիներին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հանձնել են այդ երկիր: MI6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլովի խոսքերով հետախուզությունը լիբիացիների հետ համագործակցել է երկրի ղեկավարության գիտությամբ:
Խորագիր՝ Նորություններ