ՄԵՐ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՈՒ ՀԱՂԹՈՒՄ…
Արցախում ենք բոլորս, որովհետև զինվորները մեզ համար են կենաց ու մահու կռիվ տալիս՝ հաստատելով գոյության, ապրելու մե՛ր իրավունքը։ Երկինքը մի տեսակ ամայացած է։ Երկնքում ոչ մի թռչուն չի երևում: Ամեն վայրկյան արկեր են պայթում, կրակոցների ձայները չեն լռում։
Ապաստարանի պատերն արդեն հարազատ են դարձել։ Չենք կոտրվում հերթական պայթյունի ձայնից։ Ապաստարանում երեխաներ են, կանայք, ծերեր: Կանայք ամեն զարկի հետ դռանն են մոտենում` ակնկալելով որդիների, ամուսինների տունդարձը։ Նրանց տեսնելու մեկ ակնթարթն արժե ամեն ինչ՝ ծով հանգստություն, ուրախություն, բերկրանք…
Բայց կրկին նույնը։ Ամեն բան սովորական է դարձել։
Ինձ հաջողվեց, թեկուզև կարճ, մի քանի բառ փոխանակել առաջնագծում կռվող քաջերից մի քանիսի հետ։ Նրանց խոսքը ոգևորիչ էր, հավատը` անկոտրում։ Իսկ Հակոբի ոգևորությանը չափ չկար. նա զինակից ընկերների հետ գրողի ծոցն էր ուղարկել ազերի-իսլամիստների մի մեծ ոհմակի: Հասկանում ես, որ տղաները բացառիկ ուժ, կորով ու պատրաստակամություն են ցուցաբերում։ Զինվոր ու հրամանատար՝ բոլորը կռվում են անմեկնելի անձնուրացությամբ՝ դրսևորելով մարտական փայլուն ռազմավարություն, ռազմական տաղանդ:
Մտքով, իմ ամբողջ էությամբ դիրքերում եմ, ռազմադաշտում՝ զինվորների կողքին։ Մտքով թռչում եմ այնտեղ, ուր մեր առյուծները և՛ մարտնչում են, և հաղթում…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում