Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՌ ՆՈՐ ԵՄ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ



ԴԵՌ ՆՈՐ ԵՄ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒԱրցախի հերոս Յուրա Ալավերդյանի ամբողջ ընտանիքը տանն էր, հայրը՝ Հայկարամը, մայրը՝ Աննան, Գրետա տատիկը,  Յուրայի  կրտսեր քույրը, որը տատիկի անունն է կրում։ Մեծից փոքր նստել են բազմոցին՝ կողք կողքի, նայում են ինձ  ու փորձում են ժպտալ: Մի տեսակ շփոթված են: Գիտեն, որ պիտի հավաքեն ամբողջ կամքն ու լավատեսությունը ու պիտի ժպտան. հերոսի ընտանիք են: Բայց  հայրենիքի սահմաններին պատերազմ  է, ու իրենք էլ  հերոսի ընտանիք լինելուց առաջ մարտադաշտում կենաց-մահու կռիվ տվող զինվորի ամենամոտ հարազատներն են: Անհանգստությունն ու լարվածությունը թաքցնելով՝ փորձում են ժպտալ։ Ժպիտով ասել՝ հետո ինչ, որ Յուրան պատերազմի դաշտում է, ու թշնամին հուսահատ կատաղությամբ հրթիռներ է արձակում մեր զինուժի ու Արցախի խաղաղ բնակչության վրա, մենք համոզված ենք, որ  հաղթելու ենք։ Ինչ էլ լինի, հաղթելու ենք, ու Յուրան փառքով տուն է վերադառնալու: Ուզում են  այդ ժպիտի մեջ  ամփոփել ամբողջ հավատը հաղթանակի հանդեպ։

– Ես հեռուստացույցի առաջ էի, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն սկսեց թվել  «Արցախի հերոսի»  կոչում ստացած զինվորների անունները,- ասում է Հայկարամը,- մեկ էլ, թե՝ Յուրա Հայկարամի Ալավերդյան։ Ինձնից անկախ գոռացի, բոլորը վախեցած լցվեցին սենյակ: Յուրան «Արցախի հերոսի»  կոչում է ստացել՝  ասացի։ Արցունքն ու ուրախությունը խառնվել էին իրար։

– Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեր տղան հերոս կդառնա,- մայրն սկսում ու չի կարողանում շարունակել:

– Ես,- ասում է Հայկարամը, – միշտ էլ իմացել եմ, որ իմ տղան  քաջ է: Երբ փոքր էր, պապ ու թոռ ընկերություն էին անում, ու պապը միշտ ասում էր՝ Յուրա՛ ջան, տղամարդու ամենաահավոր  արատը վախկոտությունն է, վախկոտ տղամարդը բանի պիտանի չէ, որովհետև վախն իր հետ բազմաթիվ վատ գծեր է բերում։ Մարդը վախից սուտ էլ կխոսի, կդավաճանի էլ, կքծնի էլ, վախը կդրդի ամեն վատ արարքի, դու ոչ մի բանից չվախենաս։ Նույնը ես եմ ասել։ Ասել եմ՝ տղամարդու ամենակարևոր հատկանիշը խիզախությունն է։ Տղամարդ ու խիզախ բառերը հոմանիշներ են:

Աննան գլխով է անում։

– Յուրան կռվարար չէր, բայց, եթե ընկերների մազին կպչեիր, չէր հանդուրժի… Իմ տղան միշտ ուրիշի հոգսով էր ապրում։ Մարդկանց օգնելն այնքան սովորական էր Յուրայի համար: Մեկ էլ կզանգեին, սուսուփուս վեր կկենար ու դուրս կգար տնից։ Արդեն կռահում էինք՝ ինչ- որ մի տեղ նրա կարիքն են զգում։

Գրետա տատիկի աչքերի մեջ ժպիտ ու արցունք կա։

– Իմ միակ արու թոռն է, -ասում է ձեռքը կրծքին դրած։- Իմ երկու որդիներն էլ մասնակցել են Արցախյան պատերազմին։  Ջահել տղաներ էին, երբ գնացին ճակատ։ Հիմա էլ թոռս է կռվում Հայրենիքի համար։ Յուրայի մասին ինչքան էլ պատմեմ, քիչ կլինի, էդքան բարի, նրբանկատ, մեծին հարգող, հոգատար, էդքան պատասխանատու, բարեխիղճ ու պարտաճանաչ։ Աշխույժ, ընդունակ, աչքաբաց երեխա էր։ Երբ դպրոց գնաց, և՛ կարդում էր, և՛ թվաբանություն գիտեր, ինքնուրույն սովորել էր։  Առհասարակ, յուրաքանչյուր գործում Յուրան ներդնում էր ողջ ուժերը, երբեք գլուխ չէր պահում։ Ու այսօր թշնամու ինը տանկ և մեկ զրահամեքենա է խոցել իմ հերոս բալեն։

ԴԵՌ ՆՈՐ ԵՄ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒՏատիկի աչքերի մեջ մի այնպիսի ապրում կա, որ բառերով չես նկարագրի՝ հպարտություն, հրճվանք, ցավ, մտահոգություն…

– Դու կիմանաս՝ կռիվը ե՞րբ կվերջանա, -հարցնում է։ Այնպիսի հույսով է նայում, սպիտակ մազերով երիզված դեմքն ասես սրբապատկեր լինի։

– Երկու օրից,- պատասխանում եմ անմիջապես ու ակամա:

– Փառք Տիրոջը, -մրմնջում է աչքերը երկինք հառած։

Հայկարամը ժպտում է։ Արցախյան պատերազմով անցած տղամարդը շատ լավ է հասկանում, որ իմ «երկու օրը» նվեր էր Գրետա տատիկին, ու փոխում է թեման, որ տատիկը նոր հարցեր  չտա։

– Մեր բանակն էս ինչ տեմպերով է զարգացել: Յուրայի երդման արարողության ժամանակ շրջեցինք զորամասում: Նորոգ, մաքուր, ճաշակով… Կենցաղային պայմանները հրաշալի էին: Հետո՝  ծառայության ժամանակ մայրը հարցնում էր՝ ուտելիք կա՞, հո սոված չե՞ք մնում, ու Յուրան պատմում էր, թե ինչ լավ սնունդ են տալիս զորամասում: Ես էլ մարդկային փոխհարաբերություններով էի հետաքրքրվում: Յուրան շատ գոհ էր սպաներից, ասում էր՝ հարգում են զինվորին, ու լեյտենանտից մինչև գնդապետ՝ շատ ուշադիր են զինվորի հանդեպ:  Հոր, ավագ եղբոր նման են: Ու հիմա էդ ախպերությունը ռազմադաշտում է: Իրենց տան համար զենք առած ախպերներին հաղթել չի լինի: Սերը  հազարապատկում է մարդու ուժը: Եթե ռազմի դաշտում միայն կյանքդ փրկելու մասին մտածես, հա՛մ պարտվելու ես, հա՛մ էլ կյանքդ չես փրկելու: Իսկ մերոնք կռվելիս միմյանց կյանքը փրկելու ու Հայրենիքը պահելու մասին են մտածում, այդ պատճառով էլ անպարտելի են:

Ես ուզում եմ ասել, որ մեր անպարտելիության այս օրերի ևս մեկ հրաշալի բանաձև  լսեցի, բայց չեմ հասցնում, որովհետև տիկին Աննան ցույց է տալիս որդու զինվորական լուսանկարը ու ասում.

-Երեկ զանգեց, ասացի՝ բարև իմ հերո՛ս բալա: Ասաց՝ ինչ էմ արել որ…Ես նոր եմ իսկական հերոսություն անելու:

Նայում եմ լուսանկարից ժպտացող զինվորին: Գեղեցիկ, սևաչ տղա է, ուղիղ, ազնվական դիմագծերով, կամքն ու խիզախությունը, ուժն ու արժանապատվությունը դաջված դեմքին:

– Իմ հերոս Յուրան,- մայրը լուսանկարը սեղմում է սրտին:

– Մեր հերոս Յուրան,- ասում եմ ես:

– Իմ եղբայրն աշխարհի ամենալավ եղբայրն է,- Գրետան մորը ժամանակ է տալիս , որ կուլ տա արցունքը:- Ես Յուրայից չորս տարով փոքր եմ, ու եղբայրս իմ պաշտպանն էր, իմ խորհրդատուն, իմ ավագ ընկերը…Էնքան հպարտ եմ, որ Յուրայի պես եղբայր ունեմ, որը հերոսի  պես է պաշտպանում Հայրենիքը:

-Դե, պինդ մնացեք: Յուրան հաղթանակած վերադառնա, էլի կզրուցենք. հրաժեշտ եմ տալիս հերոսի ընտանիքին:

-Երկու օրի՞ց,- հարցնում է տատը:

Ես գլխով եմ անում:

Գայանե Պողոսյան

Խորագիր՝ #42 (1362) 21.10.2020 – 27.10.2020, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


18/10/2020