Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ԳԵՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ



ՀԱՅԻ ԳԵՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ-Էս հողը թեկուզ ատամներով, բայց պիտի պահե՛նք,- ասում է Գեորգին:

Ճանաչեցի՞ք, շարքային Գեորգի Մելքոնյանն է. ընկնող արկերի տարափի ներքո կրեկեր ուտող, բոլորիս քաջ հայտնի զինվորը, որի՝ մարտի դաշտում արված տեսանյութը ժամերի ընթացքում տարածվեց համացանցով մեկ։ Կատակային ժանրով արված տեսանյութի ետնախորքում իրական մարտ էր…

-Մենք սովոր ենք արդեն,- պարզ ու անմիջական խոսում է զինվորը,- մեզ համար նորմալ է, որ գլխիդ վրայով արկեր են թռչում, անմիջապես կողքովդ վզզալով փամփուշտներ են անցնում…

Հրազենային վիրավորումից ապաքինվող Գեորգին շեշտում է՝ անցած շաբաթների ընթացքում շատ բան է տեսել, զգացել ու ըմբռնել, նորովի է գնահատել ու արժևորել մարտական ընկերությունն ու Հայրենիքը ամեն  գնով պաշտպանելու՝ մեր ժողովրդի համախմբվածությունը։

-Նույնիսկ, երբ վիրավորներ ենք ունենում, նրանց կողքին կանգնած տղերքը ոգին չեն կորցնում, չեն մտածում, որ իրենք էլ կարող են վիրավորվել: Իմ վիրավորվելուց քիչ առաջ նստած հաց էի ուտում. իմ կողքին վիրավոր ընկերս էր: Մարտի դաշտում, ինչպե՞ս ասեմ, մարդիկ ավելի սառնասիրտ են դառնում: Նույնիսկ, երբ գիտես, որ ընկերդ զոհվել է, իսկ ես շատ ընկերներ եմ կորցրել, պետք է շարունակել կռվել նաև հանուն նրանց…

Ի դեպ, պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, անտեսելով մոր խնդրանքը, իբրև կամավորական  ռազմաճակատ է մեկնել նաև Գեորգիի ավագ  եղբայրը՝ Գուրգենը։

ՀԱՅԻ ԳԵՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄՊատմում է Գեորգիի մայրը՝ Թեհմինե Ավետիսյանը.

-Մի տղաս արդեն էնտեղ էր, խնդրեցի Գուրգենիս՝ «Ի՞նչ կլինի, գոնե դո՛ւ մի գնա: Գոնե մի քիչ ուշ գնա, տեսնենք՝ ինչ է լինում»: Ասաց՝ «Չէ՛, մա՛մ, հենց դու ես մեզ սովորեցրել, որ մեր հայրենիքը պետք է պաշտպանենք: Տղան պիտի տղամարդ լինի, ոչ թե վախկոտ նապաստակ: Պիտի գնամ»: Ու ամսի 28-ին նա էլ մեկնեց:

Ինչ վերաբերում է հայտնի տեսանյութին, Գեորգին անկեղծանում է՝ ինքն էլ չէր ակնկալում, որ ծնողին ուղղված իր այդ տեսանյութը  նման տարածում կգտնի համացանցում։ Այդուհանդերձ, ուրախ է, որ մորը հասցեագրված  ուղերձը հասանելի եղավ նաև հանրության լայն շրջանակին։

-Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ սահմանին կանգնած տղերքը մի վայրկյան անգամ չեն վախենում, շատ ուժեղ են, խիզախ, ու հենց այդ ուժն ու խիզախությունն է, որ… Գիտե՞ք, մեզ համար շատ են աղոթում, շա՜տ-շատ: Ու հենց այդ աղոթքներն են նաեւ մեզ էնտեղ պահում: Մեզ այնքան են գրում, այնքան են բարի խոսքեր ասում: Երբ հնարավոր էր լինում, ու զանգում էի տուն, կողքից լսում էի հարևանների   օրհնանքներն ու բարեմաղթանքները, զգում այն ուրախությունը, որ ապրում են, իմանալով, որ լավ ենք… Դա մեզ անասելի ուժ էր տալիս: Հավատացե՛ք, այդ ուրախությունը, սերը, որ ուղղվում է սահման, անմիջապես  մեզ է փոխանցվում, պահում է մեզ:

«Պատերազմում՝ ինչպես պատերազմում», շեշտում է Գեորգին ու ասում, որ երբեք չի մոռանա մարտական ընկերների կորուստը։ Այդքանով հանդերձ, թե՛ ինքը, թե՛ մնացած տղաները երբեք չեն դադարեցնելու հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարը։ Կյանքի գնով մինչև վերջ պաշտպանելու են հայրենի հողը, ծնողներին ու երեխաներին։

-Եթե մենք հանկարծ սկսենք հետ քաշվել, մի օր կհասնենք մեր սեփական տան դռանը: Ու շատ լավ ու ճիշտ խոսք կա. «Քո տունն սկսվում է սահմանից»: Եթե չպահպանենք, չպաշտպանենք մեր սահմանը, թշնամին մի օր էլ մեր տունը կվերցնի, կսպանի մեզ ու մեր երեխաներին: Հենց այս պատճառով պետք է կռվենք, կանգուն պահենք մեր սահմանը ու ո՛չ մի գնով չթողնենք, որ թշնամին մի թիզ անգամ մեր սահմանից ներս մտնի:

ՀԱՅԻ ԳԵՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄՈրդու խոսքը լրացնելու է գալիս մայրը՝ Թեհմինեն.

-Սա մեր ժողովրդի կռիվն է: Ուզում են մեզ ոչնչացնել, բայց չի՛ լինելու. հայը միշտ էլ պինդ, հզոր ազգ է եղել, կա ու կլինի հավետ: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Հպարտ եմ, որ ունեմ երեք որդի, որոնք անչափ սիրում են, նվիրված են Հայրենիքին: Չեմ ուզում այս միտքն արտահայտել,- հուզվում է Թեհմինեն,- բայց, եթե անգամ կորցնեմ իմ երեխաներից մեկին, նորից կասեմ՝ հպարտ եմ, որ հայ եմ: Ու Աստծուն շնորհակալ կլինեմ. կմտածեմ՝ ուրեմն, այդպես էր պետք: Մենք հիմա, առավել քան երբևէ, պետք է համախմբված լինենք, միասնաբար գործենք: Անկասկած, հաղթելո՛ւ ենք:

Մեր զրույցը եզրափակում է մերօրյա հերոսը.

-Ապաքինվելուն պես շտապելու եմ Արցախ՝ ընկերներիս մոտ. դա է թելադրում հայի գենը, դա է պահանջում խիղճս ու ընկերներիս հիշատակը։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (1363) 28.10.2020 – 03.11.2020, Ազգային բանակ


29/10/2020