Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ՂՈՂԱՆՋԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԶԱՆԳԵՐԸ, ՈՒ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԻ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅԵՐԵՆԸ



...ՈՐ ՂՈՂԱՆՋԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԶԱՆԳԵՐԸ, ՈՒ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԻ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅԵՐԵՆԸՎեցամյա Անդրանիկն ամեն օր, աչքը բացելուն պես, մայրիկին նույն հարցն է ուղղում՝ ե՞րբ ենք գնալու մեր տուն, որ դպրոց գնամ, որ ընկերներիս հետ խաղամ:

Խաչատրյանների ընտանիքն էլ մեր երկրին պատուհասած պատերազմի պատճառով շատ ընտանիքների նման Արցախ աշխարհից տեղափոխվել է Հայաստան: Կանայք, երեխաներն այստեղ են, տղամարդիկ՝ առաջնագծում:

-Ես Մարտակերտում եմ ծնվել,- ասում է Անդրանիկի մայրը՝ Մարինեն,- Արցախյան ազատամարտի ժամանակ որդուս տարիքից մի քիչ մեծ էի, երբ դարձյալ հարկադրաբար դուրս եկանք մեր բնօրրանից: Թշնամին այն ժամանակ եւս փորձում էր հայաթափել մեր բնակավայրերը: Մեզ տեղափոխեցին Երեւան, ապա՝ Հրազդան: Հետո քեռիս մեզ տարավ Ռուսաստան, բայց մեր սիրտը, միտքը մեր ծննդավայրում էր, օր առաջ ուզում էինք վերադառնալ: Երբ ռուսական ալիքներից տեղեկացանք, որ իրավիճակը խաղաղվել է, նորից հետ վերադարձանք:

Հետո կյանքն ընկավ իր հունի մեջ, Մարինեն ամուսնացավ, հարս գնաց Նորագյուղ, զավակներ ունեցավ, ամուսինը՝ Դավիթը, զինվորական է:

Սակայն պատմությունը, ցավոք, կրկնվելու սովորություն ունի, դարձյալ խաթարվեց հայրենի հողի անդորրը….

-Սեպտեմբերի 27-ը ցավով ու դառնությունով բացվեց, թշնամին հարձակվել էր մեր սահմանների վրա: Գյուղի կանայք, երեխաները տագնապած դուրս էին գալիս գյուղից, իսկ ես միամտաբար կարծում էի, թե այս մղձավանջը մի քանի օրից կավարտվի,- պատմում է Մարինեն:- Բայց նորից տեղահանություն, նորից փախեփախ…

Խաչատրյանների ընտանիքը ութ հոգով ժամանակավորապես ապաստանել է Երեւանի իրենց բարեկամներից մեկի տանը:

-Ես մեր գյուղից դուրս չէի եկել ո՛չ Արցախյան պատերազմի, ո՛չ Ապրիլյանի ժամանակ, մենք նկուղներում էինք ապրում, պատսպարվում, սակայն էս վերջին կռիվն ահավոր էր, այլ ելք չկար. սկզբում հարսներին, երեխաներին հանեցինք գյուղից, բայց հետո տեսնելով, որ կռիվը թեժանում է, տղամարդիկ բոլոր կանանց պարտադրեցին հեռանալ,- զրույցին միանում է Անդրանիկի տատիկը՝ Ժենյա Խաչատրյանն ու շարունակում:- Թուրքն ասում է, իբր, սա մեր հողը չի, բայց մենք դարերով ենք ապրել այս հողի վրա, սրանք մեր պապենական տարածքներն են: Թուրքը թող նայի, որ դարից են Արցախում կառուցվել հայկական եկեղեցիներ, վանքեր ու փորձի փնտրել իր սեփական հետքը: Դրա համար էլ հիմնահատակ ավերում է, եղածը գետնին հավասարեցնում, որ ոչ մի վկայություն չմնա, որ ոչ մի իրեղեն ապացույց չլինի: Խորհրդային շրջանում էլ, եթե հայերը փորձում էին հայկականությունը խորհրդանշող մի կառույց կանգնեցնել, իրենք ամեն կերպ խանգարում էին,- հիշում է տիկին Ժենյան:- Օրինակ՝ բոլորին հայտնի «Պապիկ-տատիկ» հուշակոթողի շինարարությանը և դրա տեղադրմանը կտրուկ դեմ էր Ադրբեջանի ղեկավարությունը։ Այն կարողացան կանգնեցնել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ, որ մեր համագյուղացին էր…

...ՈՐ ՂՈՂԱՆՋԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԶԱՆԳԵՐԸ, ՈՒ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԻ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅԵՐԵՆԸ-Էս հողում ծնված ամեն երեխա զինվոր է դառնում, որ իր իրավունքը պաշտպանի, իր հողը, իր ջուրը,- ասում է Մարինեն:- Իմ հինգ եղբայրներն էլ ծառայել են առաջնագծում:

Մարինեի փոքր եղբայրը՝ Թելմանը, այս պահին զինվորական հոսպիտալում է, հրազենային ծանր վիրավորում է ստացել:

-Երբ մարտերի արանքում ամուսինս՝ Դավիթը, հասցնում է զանգել, Անդրանիկը հեռախոսը շտապ վերցնում է մեր ձեռքից. «Պա՛պ, ես կիլանչում քու կողքդ, վեր ես էլ թորքերին յիրա անիմ…»:

Խաչատրյանները ջերմությամբ, անհուն կարոտով են նկարագրում իրենց հայրենի եզերքը, պատմում են ամենայն մանրամասնությամբ՝ ջանալով ոչ մի մանրուք բաց չթողնել:

-Հարուստ ու շեն գյուղ է,- ասում են ու չեն մոռանում շեշտել, որ Նորագյուղում երբեք թուրք չի ապրել:- Բարեկարգ փողոցներով քաղաքատիպ գյուղ է, մանկապարտեզ ունենք, դպրոց…

-Ես երկու շաբաթ եմ դպրոց գնացել, մենակ մասնիկներն եմ հասցրել սովորել,- դժգոհում է Անդրանիկը:

…Իսկ Արցախում կենաց-մահու կռիվը շարունակվում է: Սահմանին Անդրանիկի հայրն է, մեր զինվորներն են, կամավորները, որ կյանքի գնով անառիկ են պահում հող հայրենին, որ Արցախ աշխարհի եկեղեցիների զանգերը շարունակեն ղողանջել, որ Արցախ աշխարհի բոլոր դպրոցներում դարձյալ հնչի ոսկեղենիկ հայերենը՝ աղոթքի պես մեղմ, զենքի պես հատու…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


03/11/2020