Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆ



ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆՆարեկ սարկավագ Պետրոսյանը պատերազմի առաջին օրվանից մեկնեց առաջնագիծ: ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը, որը ռազմաճակատում նրա կողքին էր, հիշում է.

-Նարեկն իրեն համարում էր զինվորների հովիվ ու միշտ ասում էր, որ քաջ հովիվը պետք է իր կյանքը տա իր հոտի համար…Առաջնագծում նա ոչ միայն հոգևոր աջակցություն էր ցուցաբերում զինվորներին, այլև փորձում էր կենցաղային ծառայություններ մատուցել, օգնել՝ ինչով կարող է: …Մի անգամ հինգ  հատ սագ էր որսացել: Դրանք այնքան մարմանդ կրակի վրա պիտի եփվեին, որ ծուխ չելներ, թշնամին կարող էր նկատել:

Ու Նարեկը առավոտից մինչև երեկո համբերատար եփեց այդ սագերը զինվորների համար:

Նարեկը սիրում էր իր գործը, սիրում էր Հայրենիքը, սիրում էր զինվորներին: Հռիփսիմե Գալստյանը, որի հետ հոգևոր զրույցներ էր ունենում գնդերեցը, միշտ հիանում էր զինվորների հանդեպ Նարեկի ջերմությամբ ու հոգատարությամբ: Իսկ Նարեկի աշխատասիրության ու նվիրվածության մասին պատմում են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ՀՕՊ զորքերի գնդերեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Սրբազանը Նարեկին ճանաչել է դեռ մանկուց, երբ նա Արցախյան պատերազմի ժամանակ այցելում էր եկեղեցի, աղոթում Շուշիի Կանաչ ժամում՝ իր երկրի խաղաղության համար:

-Նա դեռ մանկուց ամուր հավատ ուներ և ընտրել էր հոգևորականի ճանապարհը,- ասում է Տեր Վրթանեսն  ու հավելում, որ Նարեկը իր գործը մեծ սիրով ու նվիրումով էր անում:- Ասում էի՝ մենք ունենք նաև ուրիշ գնդերեցներ, որոնք կարող են հոդվածներ գրել, թեթևացնել քո աշխատանքը, ասում էր՝ չէ՛, Սրբազա՛ն, ինքս կանեմ…

Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի պատմելով՝ Հոգևոր առաջնորդության արխիվը ամբողջությամբ հավաքելը, գործավարությունը Նարեկին էր վստահված: Նա պարտաճանաչ ու բարեխիղճ էր բոլոր հարաբերություններում: Ինչպես բանաձևում է ՀՕՊ զորքերի գնդերեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը՝ Նարեկը դժվարությունն իր վրա վերցնող-հաղթահարող էր: Նարեկը հաղթող տեսակ էր…

Նարեկի մասին ջերմ հիշողություններ ունի նաև հակառակորդի դիվերսիոն հարձակումը քաջաբար հետ մղելիս զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը: Նա Նարեկի հետ ծանոթացել է Մարտակերտում, երբ գնացել էին տեղադրելու Արմենին նվիրված խաչքարերը:

-Նարեկը եկավ, հետը մի խնկաման բերեց, խունկ ծխեց…Նա աղոթքի իր անկյունն ուներ Արմենի նկարի կողքին:

Նարեկի մասին պատմող վերջին տեսանյութը առաջնագծից է: Նա երգում է.

 

-Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,

Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,

Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,

Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն…

 

-Չկա ավելի մեծ Սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տալիս  է ուրիշների համար,- Սուրբ Գրքի խոսքն է կրկնում  տիկին Մարինեն ու հավելում,- այդ մեծ Սերն էր առաջնորդում Նարեկին դեպի ռազմադաշտ՝ հանուն Հայրենիքի կռվող իր զինվորների մոտ…

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #45 (1365) 11.11.2020 – 17.11.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


12/11/2020