«ՆԱՐԵԿՆ ԸՆԿԱՎ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ»
Զովունի գյուղը Նարեկ Գևորգյանի ծննդավայրն է: Հարազատների ու համագյուղացիների պատմություններում Նարեկի կերպարը ամբողջանում է` որպես բարեսիրտ, համարձակ ու հոգատար անձնավորություն:
Դպրոցում լավ էր սովորում: Վեց տարեկանից բռնցքամարտ էր պարապում: Շատ էր սիրում լողալ, մարզվել: Արդարամիտ էր ու ընկերասեր, այդ պատճառով էլ բոլորը նրա շուրջն էին հավաքվում: Անսովոր ձգողականություն ուներ:
…2017 թ. հունվարի 12-ին Նարեկը զորակոչվեց: Ոչ ոք չէր կասկածում, որ նա լավ զինվոր կդառնա:
…Տնեցիները հիշում են Նարեկի անակնկալ այցը զորամասից: Պապը հիվանդ էր:
-Բա տղաս տանը չլինե՞ր. պապիկը միանգամից կլավանար:
-Պատուհանից դուրս նայիր, տե՛ս, ո՞վ է գալիս:
Աչքերին չհավատացին:
-Նոր ես ուսումնական զորամաս տեղափոխվել, ո՞նց թողեցին, Նարե՛կ ջան:
-Հրամանատարս ասաց. «Հարությունյան, քեզ նման զինվորին հասնում է: Գնա՛, իրիկունը ետ կգաս»:
Հարազատները հասկացան, որ Նարեկը կարողացել է կարճ ժամանակամիջոցում շահել հրամանատարների վստահությունն ու հարգանքը:
Վեց ամիս անց տեղափոխվեց Արցախի սահմանապահ զորամասերից մեկը: Թշնամուն ամենամոտ սահմանին էր: Սկզբում՝ կրտսեր սերժանտի, հետո սերժանտի կոչում ստացավ:
«Ամուր կանգնած էինք սահմանին, որ թշնամին չհասնի մեր տները: Նարեկն ամենաամուրն էր,- պատմում է ամենամտերիմ զինակից ընկերը,- ամեն մեկս պատրաստ էր ընկերոջն ուղղված կրակոցն իր վրա ընդունել, Նարեկը ամենապատրաստն էր: Եղել է, որ չորս օր չենք քնել, կանխել ենք սպասվող դիվերսիան: Նարեկն ամենաքաջն էր: Դիրքերում ընկերներով հոգ էինք տանում մեկս մյուսին, Նարեկը ամենահոգատարն էր: Հերթապահությունից իջնում էր, բայց դիրքից չէր կտրվում, թեյ կամ սուրճ էր եփում, բարձրացնում էր վերև:
Մաքրասեր էր, հենց տեսներ՝ մեկի անկողինը լավ չէր հարդարված, ինքն էր ուղղում իր ձեռքով: Կարգապահ էր ու աշխատասեր: Միշտ իր վրա էր վերցնում պատասխանատվությունը: Նարեկն այնքան էր սիրում իր ծառայությունը»:
…Հերթական մարտական հերթապահությունը վերջինը եղավ Նարեկի համար: «Տագնապի» վնասված լարը նորոգել էր պետք: Բոլորն էին գիտակցում վտանգը. պիտի գործեին թշնամու երախի մոտ: Նարեկը ինքնակամ գնաց վտանգին ընդառաջ՝ պաշտպանելով ծառայակից ընկերներին, խնայելով նրանց կյանքը: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ու մեկ քայլ էր մնացել խրամատ իջնելուն, երբ լսվեց դիպուկահարի կրակոցը:
Նարեկն ընկավ՝ հերոսաբար ավարտելով իր կարճ, բայց գեղեցիկ կյանքի պատմությունը: Նա գնաց միանալու անմահների փառավոր աստղաբույլին: Նարեկը հետմահու պարգևատրվեց Արցախի «Արիության» մեդալով:
…Լյուքսեմբուրգում բռնցքամարտի մրցումների ժամանակ մեր մարզիկը՝ Արմեն Եփրեմյանը, Նարեկի նկարով մարզահագուստ էր հագել: Նա հաղթեց Նարեկի հետ: Ու այդ հաղթանակը նվիրեց քաջին՝ հիշեցնելով մեր բոլոր հակառակորդներին, որ դեռ շատ հաղթանակներ են տոնելու:
ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ք. Գյումրի