Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՐԾՈւՂՈւՄ



ԳՈՐԾՈւՂՈւՄ

Հերթափոխը հանձնելուց հետո թեք անտառալանջով իջնում էի զորամաս։ Զինվորներն այդ ճանապարհը սովորաբար վազքով են անցնում. այլ կերպ անհնար էր նույնիսկ։

-Մենք շուտ գնանք, բաղնիքը վառենք,- թույլտվություն խնդրեցին նրանք ու թաց գարնանային արահետներով սղալով սկսեցին իջնել վար։

Անտառում ամպի սպիտակ ծվեններ էին մոլորվել։ Անձրևն ուշանում էր, իսկ ես չէի շտապում։

Ցեխակոլոլ կոշիկներս գետում լվացի ու նոր մտա զորամաս: Զորամաս մտնելս ու հրամանատարի դեմս դուրս գալը մեկ եղավ:

-Արի, արի։ Քեզ երկու շաբաթով գնդի շտաբ ենք ուղարկում։ Համ էլ մի քիչ կհանգստանաս էս պոստերից։

Հրամանատարը սա մի տեսակ լավություն անելու տոնով էր ասում, մնում էր միայն շնորհավորեր:

-Դե, ես էստեղ էլ լավ կհանգստանայի։

-Հրաման է, ի՞նչ անենք։ Հենց առավոտը կարաս ճամփա ընկնես, մեկ ա վաղը հացի մեքենան չի գալու։

 

***

 

Քայլում էի Խնձորուտ գետի ափով ձգվող ճանապարհով։ Մի որևէ համընթաց մեքենայի, տրակտորի կամ էլ գոնե սայլի հանդիպելու հույս անգամ չկար։

Թոնը աննկատ թրջել էր շորերս։ Քամի չկար, բայց ցուրտն արդեն սողոսկել էր մարմինս։ «Ամեն դժվարություն էլ իր դեղուճարն ունի»,- հիշեցի տատիս մանկությանս տարիների խոսքերը։ Դե, չմրսելու համար հիմա կարագացնեմ քայլերս, կտաքանամ մի քիչ, բայց ոչ մի կերպ չէի հասկանում՝ որտեղի՞ց մեջս լցվեց այս մռայլ տրամադրությունն ու մաղձը, որ ստիպում էր ինձ վերհիշել  իմ կյանքի բոլոր բացթողումներն ու ձախողումները։

Ձորից Արծվաբերդ բարձրացող ճանապարհի խաչմերուկին նստեցի մի քարի՝ գյուղ գնացող մի մեքենայի հանդիպելու ակնկալիքով։ Անհույս էր. այս մութ ու մռայլ եղանակին շունն էլ բնից չէր հանի գլուխը։

Սկսեցի դանդաղ բարձրանալ գյուղի ճանապարհով։ Մառախուղն իջել, ծածկել էր Արծվաբերդը ու դանդաղ սահում էր գյուղի փողոցներով։ Մի ծանոթի, զինակից զինվորականի հանդիպելու ու սուրճի կամ թեյի հրավեր ստանալու հույսն արդեն վերջնականապես վերացավ գյուղի կենտրոն հասնելուց հետո։

Շարունակեցի բարձրանալ գյուղի կենտրոնական փողոցով։ Անձրևը կտրվել էր, մառախուղն էլ կամաց-կամաց քաշվում էր վերև։ Հետո, դեռ ուսանողական տարիներին սովորած հոգեբանական հնարքներով, որոշեցի վանել ինձանից այս անկումային տրամադրությունն ու կուտակված մռայլությունը։ Փորձեցի հիշել ինձ հանդիպած բոլոր աղջիկների ու կանանց հետ կապված արկածներս։ Բայց, էլի անօգուտ. չգիտես ինչու, այդ հիշողությունների դաշտում համառորեն ցցվում էր ուղեղիս մեջ տակավին պատանեկան տարիների մի հիմար պատմություն։

…Մեր փողոցի կանգառում դպրոց գնալիս գրեթե ամեն օր հանդիպում էի մի չքնաղ աղջկա։ Ամեն օր դասերից ուշանում էի՝ ոտքս կախ գցելով կանգառում, մինչև նա կերևար, հետո հանգիստ կբարձրանար մոտեցող ավտոբուսն ու թաքուն մի հեգնական ժպիտով կնայեր իմ կողմը։ Ենթադրում էի, որ դաշնակահարուհի է, որովհետև շատ նուրբ ու երկար մատներ ուներ։ Ավելի ուշ, իր հարևանությամբ ապրող ընկերոջիցս իմացա նրա անունը։ Երևակայությանս չափ ու սահման չկար, երբ քնելիս փակում էի աչքերս, ու դեմքիս էին շաղվում նրա երկար, փափուկ մազերը…

Մի քանի օր հետո դպրոցական ընկերոջս օգնությամբ կանգառի հետնապատին կարմիր ներկով գրեցի նրա անունն ու նկարեցի նետով խոցված մի սիրտ։

Չեմ կարող ասել, թե ի՞նչ տպավորություն թողեց նրա վրա իմ այդ «համարձակ» նկարչությունը, որովհետև դրանից հետո ես երկար ժամանակ չտեսա նրան։

Ամիսներ անցան, և կանգառի «նկարչությունս»  էլ արդեն ծածկել էին անդուր կապույտ ներկով։ Եվ մի օր էլ, երբ ընկերոջս տանը միասին դաս սովորելուց հետո դուրս եկանք փողոց, ես տեսա նրան։ Գալիս էր մեզ ընդառաջ՝ հայացքը մեր գլխավերևով հեռուն ուղղած… Հանգիստ անցավ մեր կողքով… կապույտ մանկասայլակը առջևից հրելով։ Ես կանգնեցի… բայց չկարողացա ետ շրջվել…

-Պաղպաղակ առնե՞մ քեզ համար,- լսեցի ընկերոջս ձայնը։

 

***

 

Գյուղից արդեն դուրս էի եկել։ Ճիշտ է, անձրև չէր գալիս, բայց շորերս թաց էին, ու սրթսրթոցս էլ փոխվել էր ատամների կափկափոցի։ Տաքանալու համար սկսեցի քայլել թռչկոտելով ու թափահարել ձեռքերս։

Էլի ինչ-որ անցած-գնացած պատմություններ մտաբերեցի՝ տարօրինակ դիպվածներով, սկսեցի բարձրաձայն խոսել ու վերլուծել։

Մի պահ ինձ թվում էր, որ կողքովս մարդիկ են անցնում, հետո ձայներ եմ լսում ետևիցս։ Կանգնում եմ, թիկունքս դաղող քամին նորից մի ձայն է հասցնում ականջիս։ Շրջվում եմ՝ երկու կին են կանգնած՝ ավանակի վզին գցած պարանը բռնած։

-Բարև, այ բալա ջան,- կանչում է նրանցից մեկը։

Ես հասկանում եմ, որ շատ ամոթալի մի բան է կատարվել. ես անցել եմ մարդկանց կողքով ու չեմ բարևել, չեմ պատասխանել նրանց բարևին։ Հիմարի ժպիտը երեսիս մի քանի քայլ եմ անում նրանց ուղղությամբ, կանայք էլ քաշում են էշի պարանը ու մոտենում են ինձ։ Ես բարևում եմ, կմկմալով ներողություն խնդրում։

-Էս ցուրտ ու անձրևին բա էս ուր ես գնում, այ ախպեր ջան։

Ատամներիս կափկափոցով ասված իմ պատասխանից նրանք դժվար թե ինչ-որ բան հասկացան։

-Շորերդ թաց են, կմրսես, ախր։ Արի գնանք տուն, տաքացի մի քիչ, շորերդ չորացրու, համ էլ սոված ես երևի, հաց կուտես ու նորից ճամփա կընկնես։

Ես հրաժարվում եմ՝ արդարանալով զինվորական գործի կարևորությամբ։

-Երկինքն էլի մթնեց, տես, էլի անձրև պիտի գա։ Անձրևանոց էլ չունես, ախր։ Էս երկու օր ա՝ հարսիս հետ գնում ենք հանդը, որ կարտոլը ցանենք վերջացնենք։ Հլա դեռ գործը չսկսած՝ անձրևը նորից վրա ա տալիս։

Ես գլխի շարժումներով ու արհեստական ժպիտով մասնակցում եմ զրույցին։

-Բա սոված կլինես, ախր։ Հարս ջան, էն խուրջինի մեջ հաց կա, դեսը տուր։

Ջահել հարսը եռանդով սկսեց քրքրել էշի մեջքի փալանի լայն գրպանները։

-Սպասի, ախր, գինի ունենք, քեզ մի բաժակ գինի լցնեմ, խմի, կտաքանաս։

Հետո փալանի մյուս գրպանից դուրս է քաշում փոքրիկ կավե մի կուժ ու էմալապատ մետաղյա մի բաժակ։

-Պահի,- մեկնում է ինձ բաժակը ու ինքը դուրս քաշում փայտյա մխոցը։

Բաժակը բերնեբերան լցվում է կարմիր գինով։

-Դե, խմիր, միանգամից, մինչև վերջ, դա լավ կտաքացնի։

Գինին կոնծում եմ մինչև հատակ՝ մտածելով, թե սառը գինին ինչպե՞ս պիտի տաքացնի։

-Կտրի էս հացից, էս մի կտոր պանիրն էլ վերցրու։

Ես ծամում եմ հաց ու պանիրը, իսկ նրանք սևեռված դեմքիս են նայում։

-Հը, տաքացա՞ր մի քիչ,- հարցնում են կողքից։

-Ըհը,- գլխով եմ անում ու ավելի մեծ ոգևորությամբ կծում հաց ու պանիրը։

-Ախր, որ տուն գնայինք, լավ կլիներ, բալա ջան, լա՜վ ճաշ եմ եփել, է։ Տղաս էլ հեսա կգա հանդից՝ իրար հետ սեղան կնստեք։ Խնձորի շիվեր էր առել, ասավ՝ տանեմ, շուտ տնկեմ, քանի անձրևը չի խփել։ Բեր բաժակը՝ մի հատ էլ լցնեմ։

Ջահել հարսը անմիջապես մեկնեց ձեռքին պահած բաժակը։

-Դե, հանդ գնալիս գինի էլ ենք վերցնում հետներս, ցրտին լավ էլ տաքացնում է, իսկ թե շոգ է լինում՝ ծարավներս ենք կոտրում։

-Իսկապես, տաքացնում է,- բաժակը հարսին մեկնելով՝ վերակենդանացածի պես ասում եմ ես։

-Հա, բա ոնց, կտաքացնի։ Բայց, շորերդ, ախր, թաց են, բալա ջան։

-Շորերս, ոչինչ, որ արագ-արագ քայլեմ, չեմ մրսի։ Դե, ես… Դուք էլ ձեր գործին գնացեք։

-Էլ ի՞նչ գործ։ Տե՛ս, դու չմրսես։ Գնա՛, բալա ջան, գնա՛, որ լուսով տեղ հասնես։ Մեքենա դժվար թե հանդիպի։

Մի հարյուր մետր քայլեցի՝ ասես սահելով։ Հետո ականջներիս մեջ սկսեց հնչել իմ սիրած ջազը։ Դյուկ Էլինգտոնն էր։ Դաշնամուրի ստեղների հնչյունների ռիթմով թռչկոտում էի մեկ այս, մեկ այն ոտքիս ու գնում առաջ։

Հետո կանգնեցի՝ ետ նայեցի։ Երկու կանայք դեռ չէին ծածկվել ճանապարհի ոլորանում։ Նրանք էլ այդ պահին շուռ եկան ու նայեցին իմ կողմը։ Ես երկու ձեռքերս բարձրացրի ու թափահարեցի։ Նրանք նույնպես։ Հետո տարիքով կինը ձեռքով նշան տվեց՝ գնա, գնա։ Այդ հեռվից ես լսեցի նրա բառերն էլ՝

-Գնա, գնա, չմրսես, բալա՛ ջան։

 

ԿՈՐՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Խորագիր՝ #46 (1366) 18.11.2020 – 24.11.2020, Հոգևոր-մշակութային


19/11/2020