Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀԱԿԲԵՐ



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀԱԿԲԵՐԴեռ 1988 թ. սկզբներին Հանրապետության քաղաքներն ու գյուղերը հեղեղած ցույցեր ու երթեր, անկախության կոչերով պաստառները ձեռքներին մարդիկ՝ տարբեր հույզերով ու տրամադրություններով, որ դառնում էին օրվա կադրն ու հայտնվում թերթերի առաջին էջերին: Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը վստահ է՝ անկախությունն արժեք է, երբ դու դրա տերն ես, իսկ մեր ժողովուրդը պատերազմի միջոցով ամրագրեց իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախությունից մինչև Ազատամարտ. հարուստ է լուսանկարչի ֆոտոդարանը:

Հանրահավաքների, ցույցերի, պատերազմի տպավորիչ կադրերն ենք փորձում առանձնացնել, ամեն մի լուսանկարն իր պատմությունն ունի, ամեն կադրի հետևում անցած մի ամբողջ ճանապարհ է, ամեն կադրում ապրումներ ու հույզեր են՝ երբեմն թաքնված, երբեմն վառ արտահայտված, որ ընդամենը մի կադրն են լիամետրաժ դրամայի՝ անկախության համար սկսված ցույցերով ու պատերազմի դաշտում  շարունակվող…

Նկարներից մեկում, որը լուսանկարիչն արել է Շուշիի ազատագրման հաջորդ օրը, տղամարդու գրկին պարող երեխան է, որը  92-ին գուցե դեռ մեկ տարեկան էլ չկար, Հակոբ Բերբերյանի համար այսօր արդեն հենց Անկախության սերնդի խորհրդանիշն է, Պատերազմի լուսանկարիչը կադրի միջոցով իր վավերագրածի մասին է պատմում, իսկ ես փորձում եմ ի մի բերել պատերազմի ուշագրավ դրվագները լուսանկարչի աչքով, բեկոր առ բեկոր հավաքել պատերազմի խճապատկերը՝ առանձին-առանձին լուսանկարներով…

Լուսանկարչական օբյեկտիվն իրականությունը ցավեցնելու աստիճան օբյեկտիվ է մատուցում. ահա Շահումյանից, Արծվաշենից հեռացող խաղաղ բնակիչների շարասյունը, որ հազար ու մի գույն ու երանգի խառնուրդ է առաջին հայացքից, մի փոքր ավելի երկար նայելու դեպքում՝ մռայլ ու գորշ է դառնում:

-Պատերազմը, նույնիսկ պատերազմի հաղթական դրվագները, երբեք  «գունավոր» չեն լինում,- ասում է Հակբերը:

Լուսանկարիչը հատկապես մարտադաշտում արված դիմանկարներն է առանձնացնում: Դուշման Վարդանի, Միայնակ գայլի, Բեկոր Աշոտի…ու շատ շատերի դիմանկարներն այսօր պատերազմի, Արցախի հաղթանակի խորհրդանիշն են, ինչո՞ւ…Որովհետև տղաների մի հայացքն անգամ, որ հավերժացել է սովորական մի լուսանկարում, արդեն պատմություն է…

-Հակասական հույզեր հաճախ էին լինում, երբեմն ցանկություն էր առաջանում վերցնել զենքն ու կանգնել տղաների կողքին, բայց մի ուրիշ պահի անմիջապես հասկանում էի, որ պատերազմի դաշտում կռվողները շատ են, իսկ վավերագրողները… Չէ՛, սկզբունք էր, ես իմ գործը պիտի անեի, միայն, ափսոս, որ ոչ միշտ էր թույլատրվում լուսանկարել, ոչ բոլոր տեղերում էր, որ բախտ էր վիճակվում լինել:

Ըստ իս՝ ամենաբարդն ամենևին էլ պատերազմի տարիները չէին. պատերազմը քրտնաջան աշխատանք է, իսկ անկախությունը՝ ամենօրյա պայքար: Իմ լուսանկարներն էլ նաև մեր հանապազօրյա պայքարի խոսուն վկաներն  են,- ասում է իր գործի վարպետը:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #46 (1366) 18.11.2020 – 24.11.2020, Բանակ և հասարակություն


19/11/2020