Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԶԻՆՎՈՐԻ ՆՄԱՆ, ԶԻՆՎՈՐԻ ՊԵՍ, ԶԻՆՎՈՐԱՎԱՅԵԼ



...ԶԻՆՎՈՐԻ ՆՄԱՆ, ԶԻՆՎՈՐԻ ՊԵՍ, ԶԻՆՎՈՐԱՎԱՅԵԼՍեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսվելու մասին լուրն առնելուց ընդամենը մի քանի ժամ անց, Կարինե Ավանեսյանը երկու բժշկուհի ընկերուհիների՝ Վիկտորյայի եւ Տաթեւի հետ, հայրիկի  ուղեկցությամբ, արդեն  Արցախ տանող ճանապարհին էին։

Գնում էին իրենք  էլ   միանալու «սպիտակ բանակի» զինվորներին:

Կարինեն ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այժմ սովորում է կլինիկական օրդինատուրայում՝  ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ։

Ապրիլյան պատերազմի օրերին Կարինեին  նույն թիմով   կհանդիպեիք Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, բայց այս անգամ շտապել էին Արցախ։

Այլ որոշում չէր էլ կարող լինել: Տարիներ առաջ, երբ  թշնամին դարձյալ ամեն գնով փորձում էր հայաթափել Արցախը, երբ նորից  կենաց-մահու կռիվ էր հայրենի սահմաններին, Կարինեի հորեղբայրը՝ Զաքար Ավանեսյանը, որը  Երեւանի պետական համալսարանի ուսանող էր, եւ  օրենքն էլ  այդ ժամանակ թույլատրում էր ուսանողներին պատերազմին չմասնակցել, առաջնորդվեց միայն ու միայն սրտի օրենքով ու թելադրանքով՝ կանգնեց հայրենիքի նվիրյալ պաշտպանների կողքին. «Դեռ ժամանակ կունենանք սովորելու, ուսումը կսպասի, հիմա հայրենիքի լինելիության  հարցն է որոշվում»:

Զաքարը  միշտ ամենաթեժ, ամենավտանգավոր հատվածներում էր: Ազգանվեր  քաջորդին կռվեց ու զոհվեց հերոսի նման…

-Այսօր էլ թշնամու դեմ աներեր կանգնեց  մեր ազգի սերուցքը։ Հրաշալի երիտասարդություն ունենք՝  հզոր, անվախ տղերք, որ հայրենիքը սիրում են կյանքի չափ ու կյանքից առավել,- ասում է Կարինեն,- նրանցից ամեն մեկը քայլող լեգենդ է, հերոսականի մարմնացում:  Հիվանդանոցներում, հոսպիտալներում վիրավորները, դեռ կարգին չապաքինված,  անկախ վնասվածքի աստիճանից, բարդությունից, շտապեցնում էին բժիշկներին, ասում՝ մի բան արեք, շուտ ոտքի կանգնենք, գնանք մեր դիրքեր, տղերքը սպասում են։ Այդ վիճակում անգամ կարողանում էին կատակել՝ հիմա դուրս գրեք, մնացած օրերը  հետո կգանք, կլրացնենք… Ինչ մարտունակ, անկոտրում կամքով հզոր տղերք ունենք, նկարագրելու չէ,- ոգեւորված շարունակում է Կարինեն:- Հպարտանում եմ մեր քաջազուն, անվախ  զինվորներով: Ճիշտ է՝ իրենց սխրանքներին նոր չէ, որ ծանոթ ենք, բայց ամեն բացվող օրը մեր  պատմության  հերոսական էջերն է  լրացնում:  Նրանց ոգեղենությունը, անձնազոհ նվիրումը ամենքիս նոր եռանդ, նոր լիցք է հաղորդում՝ վերագնահատելու մեր  ներուժը, յուրաքանչյուր ասպարեզում անելու հնարավորն ու անհնարինը՝ մեր զինվորի նման, զինվորի պես, զինվորավայել…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #46 (1366) 18.11.2020 – 24.11.2020, Ազգային բանակ


19/11/2020