Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՋԱԼՈՒԻ ՓՐԿԻՉԸ…



ԽՈՋԱԼՈՒԻ ՓՐԿԻՉԸ...Վերջին պատերազմական շրջանում հայ ազգաբնակչության հանդեպ ադրբեջանաթուրքական ակնհայտ ռազմական հանցագործությունների պայմաններում ադրբեջանական քարոզչամեքենան կրկին սկսեց լայնորեն շրջանառել, այսպես կոչված՝ «Խոջալուի ջարդերի» ժամանակ վավերագրված՝  երեխան ձեռքին՝ ադրբեջանցի գերիներին իբր կոտորածից փրկող ադրբեջանցի զինվորականի լուսանկարը: Շատ ազդեցիկ լուսանկար է, ի՜նչ խոսք: Փա՜ռք ադրբեջանցի անձնազոհ զինվորականին, որ, կյանքը վտանգելով, փրկում է ազգակիցներին…  Իրականում, սակայն, այս լուսանկարի պատմությունը շատ ավելի գզայուն ու դրամատիկ է… քանի որ, ինչպես վկայել է լուսանկարի հեղինակը՝ ռուս լրագրող Վալենտինա Իվլևան, որ ներկա է եղել գերիների փոխանակման գործընթացի օրը, ադրբեջանցի գերիներին այդ օրը առաջնորդում ու նրանց անվտանգությունն ապահովում էր հայազգի ազատամարտիկը՝ Քաջիկ Լևոնի Հովսեփյանը՝  իր մի քանի մարտական ընկերների ուղեկցությամբ:

Օրերս հնարավորություն ունեցա զրուցելու Քաջիկ Հովսեփյանի հետ, որը ողջ ու առողջ է, այժմ բնակվում է Երևանում: Ծանոթացա նրա հերոսական անցյալին ու հենց իրենից լսեցի լուսանկարի իրական պատմությունը…

Քաջիկը ծնունդով Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է: Արցախյան ազատամարտի տարիներին ապրել է Ստեփանակերտում, պատերազմի առաջին օրվանից  կամավորագրվել: «Տեսանք, որ պետք է զենք վերցնել, ուրիշ հնար չկա: Շուշիից Ստեփանակերտի վրա «գրադի» կարկուտ էր թափվում: Ամեն օր մեր խաղաղ բնակիչներն էին զոհվում: Սկսեցինք միտինգներով, հետո ջոկատներ հավաքեցինք ու անցանք ինքնապաշտպանության»:

Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի ստեղծած Հատուկ ջոկատում էր ներգրավվել. լեգենդար հրամանատարի վարորդ-թիկնապահն էր: «Այսպես եղավ: Լուրեր էին շրջում, որ Կոմանդոսին կարգին, հմուտ  վարորդ է պետք, որ և՛ ամբողջ Արցախը լավ ճանաչի, և՛ ճարպիկ, աչքաբաց լինի: Ես այդ ժամանակ շատ աշխույժ ու անվանս նման երիտասարդ էի, աշխատում էի որպես հարկայինի պետի վարորդ: Արցախի առաջին  նախագահը՝ Մկրտչյան Արթուրը, ինձ այցելեց, ասաց՝ «Կարիքդ կա. պետք է գաս հետս»: Ինձ տարավ Կոմանդոսի մոտ: Երբ Կոմանդոսն իմացավ, որ ոստիկանության մեքենա էի վարում, զայրացավ. «Почему этого мента привели ко мне?». Չընդունեց: Որոշ ժամանակ անց, Դաշնակ Ագո ունեինք, նա եկավ մոտս. «Քաջի՛կ ջան, քեզ պիտի տանենք մի կարևոր մարդու մոտ, լավ, հմուտ վարորդ ու վստահելի մարդ է պետք»: Գնացինք, պարզվեց՝ էլի Կոմանդոսի մոտ: Նա ինձ տեսավ թե չէ՝ էլի զայրացավ. «Опять этого мента привели?»: Երկրորդ անգամ հետ ուղարկեց: Հետո, երբ Ստեփանակերտում հիմնվեց ընդհատակյա շտաբը, մեր հարևան Վաղոն ու Գալստյան Ժաննան եկան, թե՝ մի մարդ կա, պետք է իրեն օգնես: Ասացի՝ «Խնդիր չկա»: Երբ երրորդ անգամ մտա Կոմանդոսի գրասենյակը, նայեց ինձ, վեր կացավ տեղից, գրկեց, ծիծաղելով ասաց. «Արի՛, արի՛, իմ ճակատագիր…»: Ու այդպես էլ մնացի մոտը: Հետո արդեն համոզվեց, որ ամենավստահելի մարդկանցից էի լինելու: Մինչև օրս էլ շատ մտերիմ ենք, անբաժան: Ես դեռ շատ բան ունեմ այդ մեծ մարդուց սովորելու:

Շուշիի գրավումը՝ «Հարսանիք լեռներում» օպերացիան, ռազմարվեստի գլուխգործոց էր. հստակ կազմակերպված,  չափված-ձևված. մի չնչին սխալ անգամ թույլ չտրվեց… Սպասում էինք, որ շատ զոհեր ու վիրավորներ կլինեն, բայց կեսի կեսն էլ չեղավ:

ԽՈՋԱԼՈՒԻ ՓՐԿԻՉԸ...Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի խաղաղ բնակչության ուղղությամբ ադրբեջանական կրակի հաջորդ աղբյուրը Խոջալուի օդանավակայանն էր: Այդտեղից հուժկու կրակ էին վարում. ավերածություններ, մահեր…  Պետք էր դիմացն առնել: Կոմանդոսը ծրագիր մշակեց և հրաման արձակեց Ստեփանակերտից Խոջալուի երկաթգծային կայարան մեկնող գնացքի վագոններից մեկով ռումբ տեղափոխել և պայթեցնել: Խուճապ էր առաջանալու: Այդպես կազմակերպվեց ու իրագործվեց: Այդ օրը գերիներ վերցրինք: Շտաբից, մեր տներից ուտելիք էինք տանում, կերակրում էինք նրանց. մեջները երեխաներ, կանայք կային: Մի օր Կոմանդոսն ինձ ասաց. «Քեզ եմ վստահում. գերիներին պետք է տանես փոխանակման»: Ասացի. «Ոչ մի խնդիր. ոնց կասես, այդպես էլ կանեմ»: Զգուշացրեց. «Շատ ուշադիր կլինես. լավ կպահպանես, կպաշտպանես»: Երբ Խոջալուից գերիների համար մարդասիրական միջանցք թողեցինք, որ հեռանան, ներքևում՝ Աղդամ չմտած, որքան թուրք տղամարդ կար գերիների մեջ, բոլորին հենց իրենց զինվորականները կոտորեցին: Հետո էր պարզ լինելու, թե ինչու՝ որպեսզի ասեին, թե մենք ցեղասպանություն ենք գործել ադրբեջանցիների հանդեպ: Այս ամենը իմ աչքի առաջ է տեղի ունեցել: 600-700 մետրի վրա էինք այդ պահին: Նայում էինք, թե ինչպես են կրակում յուրայինների վրա, բայց մոտենալ չէինք կարող. վստահ չէինք, որ խաղողի մոտակա այգիներում ադրբեջանցիք դիրքավորված չեն լինի: Թողեցինք, դուրս եկանք: Միայն երեխաներին ու կանանց բաց թողեցին: Ինչպես հետո պարզվեց,  նրանց  ահաբեկելով օգտագործելու էին իրենց քարոզչությունը առաջ տանելու նպատակով: …Սա  է նրանց ձեռագիրը: Բոլոր այդ մարդկանց, ով գիտի, ինչպես էին ահաբեկել, լռեցրել, որ չխոսեն, ճշմարտությունը չասեն, ասեն բաներ, որ չի եղել … Թե ինչեր սկսեցին շրջանառվել հետո ադրբեջանցի գերիների հանդեպ «անմարդկային, սատանայական» վերաբերմունքի մասին, սարսափելի էր: Իհարկե, ոչ մի փաստական տվյալով ոչինչ չի ապացուցվել, բայց ակտիվորեն տարածվում էր:

Կեղծիքն այնքան շատ է նրանց հասարակության մեջ, որ նրանց համար ոչինչ չարժե ստելը: Տեսեք, մեր Արցախի անտառներում սպիտակ ֆոսֆոր էին տեղում այս օրերին, հաջորդ օրը տեսաֆիլմ էին պատրաստում, տարածում, թե՝ հայերն էլ իրենց վրա են նույնը կիրառում… այն դեպքում, երբ մենք չունենք նման զենք: Մեր բոլոր շեները պատերազմի սկզբից հրթիռակոծվել են բոլոր տեսակի արգելված զենքերով: Անվերջ զոհեր, վիրավորներ… Նրանց ներկայացրած կադրերը ակնհայտորեն բեմադրված են:  Այն, ինչ իրականում եղել է, անհամամասն է մեր կորուստների հետ… Դա իրենց քարոզչությունն է, իրենց ղեկավարության վարած լկտի ու ստահոդ քաղաքականությունն է: Իրենց սուտն այսօր փողով, նավթադոլարներով են առաջ տանում: Բայց ժամանակը կգա, ու նրանց բոլոր ստերը ջրի երես կելնեն:

ԽՈՋԱԼՈՒԻ ՓՐԿԻՉԸ...…Ադրբեջանցիների հետ ինչպե՞ս ենք ապրել մինչև Արցախյան առաջին պատերազմը:  Ահ ու դողով: Նրանց Նովրուզ բայրամի օրերին պարբերաբար հայեր էին կորչում: Ամենահնչեղ դեպքն էլ եղել է 1966 թվականին՝ հենց մեր գյուղում՝ Բերդաշենում, երբ այդ օրը մեր հայ երեխաներից մեկին մորթել էր ադրբեջանցի հարևանը՝ Էլշատը: Նրա կինը իր ամբողջ ոսկին տվել էր, որ ամուսնուն ազատի: Շատ մեծ բողոքներ եղան մեր բնակչության կողմից. իսկ ադրբեջանցիք նրան ամեն կերպ փորձում էին արդարացնել: Ի վերջո, մեր տղամարդիկ, տեսնելով, որ հնարավոր չէ այս հարցի արդարացի   լուծումը,  շուռ էին տվել ու վառել կալանավորներին տեղափոխող ոստիկանական ավտոմեքենան, որով տեղափոխում էին այդ հանցագործին: Դատեցին մեր երիտասարդներին: Մորթված երեխայի հորն էլ դատապարտեցին 25 տարվա ազատազրկման: Տուն վերադառնալուց  հետո այդ մարդը աստիճանների վրա մահացավ. սիրտը չէր դիմացել. տուն էլ չմտավ…

Իրենց «նովրուզ բայրամներին» նրանք պարտադիր հայի արյուն պիտի տեսնեին: Եթե չկար, իրենց տոնը լիարժեք չէին համարում: Հայերն այդ օրերին անհետանում էին. քանի-քանի այդպիսի դեպքերի ենք ականատես եղել: Գիտեինք. այդ օրերին երեխաներին պետք է տանը պահեինք, դուրս չթողնեինք…Դժվար է եղել կողք կողքի ադրբեջանցու հետ ապրելը. պայթյունավտանգ: Մենք միշտ դա զգացել ենք, ու դա էր պատճառը, որ 1990-ականներին ոչինչ չխնայեցինք մեր հաղթանակի համար, ոչինչ… Ստեղծեցինք ազատ անկախ պետականություն, կռեցինք մեր ապրելու իրավունքը:

Մեր արցախցիները միշտ շատ դաժան ճակատագիր են ունեցել… Այսօր էլի մեր ամբողջ ազգի գլխին թուրք-ադրբեջանական խաժամուժը կարկուտ է թափում… Վստահ եմ, չի հաջողելու: Իմ ազգի ճակատագիրն է այսօր որոշվում: Եթե տեղը գա, այսօր ցանկացած մեկի կոկորդը կկրծեմ հայի ապահովության համար:

…Խոնարհվում եմ մեր զոհված հերոսների մայրերի առջև, մեր վիրավոր տղերքի, մեր անհայտ կորածների առջև: Նրանք բոլորը ի՛մ էրեխեքն են, իմ հարազատ էրեխեքը: …Իմ հոգու մեջ ես այդ դառը կսկիծն արդեն կրել եմ. ծառայության ընթացքում դիպուկահարի գնդակից իմ հարազատ որդին է զոհվել…  Որդիներիցս մեկն այս օրերին սրտի ծանր վիրահատություն տարավ: Հենց զգամ՝ նրա վիճակը կայունանում է, իմ ջոկատով մեկնելու եմ ռազմաճակատ. այստեղ ուրիշ ի՞նչ գործ ունեմ: Մյուս տղաս՝ Գևորգս,  հենց այս պահին կռվում է. Շուշիում է: Եթե այս որդիս էլ վիրահատված չլիներ, հո տանը չէ՞ր նստելու: Մենք ենք պահելու մեր հողը… Քրոջս որդին վիրավոր էր. ոտքի ջիլն էր կտրվել: Դեռ կարերը չքանդած՝  էլի կռվի դաշտում էր…

Իմ բոլոր ընկերներն այսօր այնտեղ են. բոլորի հետ մշտական կապի մեջ եմ: Ինչով կարող եմ, ինչքան փորձ եմ ձեռք բերել այն տարիներին, հեռվից հեռու փոխանցում եմ, մինչև ահա իմ ջոկատը կհավաքեմ ու կմեկնեմ առաջնագիծ: Արդեն հավաքվում են տղերքս»:

…Քաջիկ Հովսեփյանի ընտանիքն այս պահին իրենց տունը անծանոթ արցախցիների է բնակության տվել: «Ես ընկերոջս տանն եմ մնում, կինս իր ընկերուհու տանը, մյուս տղաս զոքանչի տանն է մնում: Բա ի՞նչ պիտի անենք. դժվարության մեջ իրար պիտի հասնենք, օգնենք»: Այս հարցազրույցը հարկադրված էի հեռավար անել՝ հեռախոսով: Կորոնավիրուսից նոր էի ապաքինվում. չուզեցի վտանգել ընտանիքի առողջությունը: Պարոն Քաջիկը վերոհիշյալ փաստի մասին ասում է ինձ իրենց տուն հրավիրելիս. ուզում է բացատրել, թե ինչու, երբ այցելեմ իրենց ընտանիքին, տնակում եմ գտնելու իրենց, ոչ իրենց սեփական տանը…

Մեր այս զրույցը Քաջիկ Հովսեփյանի հետ տեղի էր ունեցել մինչև նոյեմբերի 10-ը…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Քաջիկ Հովսեփյանի ընտանեկան արխիվից

Խորագիր՝ #46 (1366) 18.11.2020 – 24.11.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


19/11/2020