ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԻՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է…
Հայտնի «Եղնիկների» լեգենդար հրամանատարից «ազատվելու» համար թուրք-ադրբեջանական զինուժը 44 օր անդադրում ավիացիա կիրառեց` թիրախավորելով հատկապես նրա գտնվելու հավանական վայրը: Ինն անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկեր, չդադարող հրթիռային գրոհներ: Ողջ մնաց՝ անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:
Հրթիռակոծված շինությունից հիմքերն են մնացել, թիթեղյա տանիքի բեկորներն ու սմերչի չպայթած կասետային պայթուցիկները: Յուրաքանչյուր գրոհից հետո հիասթափվել են, երբ գնդապետի նոր հակագրոհն են արձանագրել կամ չեն հասցրել արձանագրել: Հետո կրկին նշան են բռնել արդեն հողին հավասարված շինության ուղղությամբ, էլի հրետակոծել, էլի անակնկալի եկել:
…Խորհրդավոր է հրամանատարը, անառիկ իր հայրենի լեռների պես: Մտքերը կարելի է հայացքից կարդալ, ընկալել… առանց հարցուպատասխանի: Կարճատև լռությունը, թերևս, ամենաթեժ և ամենաերկար զրույցն է:
Արցախի հերոսի մասին պատերազմական դրվագներ կարելի է ամեն օր պատմել. 44 օր, ամեն օրը սխրանք: Քիչ է ասել սխրանք, իսկական, իրական հերոսապատում: Իր տեղում է, իր գործին, իր առաքելությանը: Հերթապահություն է կազմակերպում: Դժվարությունների մասին, ինչպես միշտ, լռում է, իրենց կատարած յուրաքանչյուր գործողության մասին՝ նույնպես: Մարտական ծառայությունը շարունակելի է…
Սահմանին ժամկետայիններ են, պայմանագրայիններ, ՄՈԲ: Ստեփանակերտցի Չալյանով է հպարտանում՝ սխրագործ է: Սպասում են հակառակորդին. յուրայինների դիակները, առանց խղճի, շարունակում են անտեսել, թողնել մարտադաշտում: Հիսունին մոտ են: Միայն այդ դիրքի մոտ:
Հորիզոնում առաջնագիծն է՝ անտառապատ, անձրևոտ ու մառախլապատ:
Պատերազմի չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհների դիմադրած ու թշնամուն անհամար մարդուժի ու ռազմական տեխնիկայի կորուստներ պատճառած ճակատի հրամանատարն իր լեռներում է…
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #46 (1366) 18.11.2020 – 24.11.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում