Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹՇՆԱՄՈՒ» ԴԵՄ



ՊԱՏԵՐԱԶՄ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹՇՆԱՄՈՒ» ԴԵՄ«Մենք պատերազմի մեջ ենք և պատերազմում ենք անտեսանելի թշնամու դեմ»: Իսկ այս «թշնամին» անտեսանելի է և է՛լ ավելի անկանխատեսելի:

…Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ հայ բժիշկներն են այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում համաճարակի դեմ ու փրկում մարդկային կյանքեր: Բժշկի մասնագիտությունը կոչում է, նվիրվածություն, պատիվ ու պատասխանատվություն, և այս ծանր օրերին բժիշկներն իրենց անձնվիրությամբ զօրուգիշեր անտրտունջ աշխատանքով հավատարիմ են մնում իրենց բարձր առաքելությանը:

Հայ բժիշկները խոստովանում են, որ արդեն տևական ժամանակ է՝ օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ են քնում:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանի պետ, բուժծառայության փոխգնդապետ Վլադիմիր Աշոտի Էլիզբարյանը հայտնի եւ ճանաչված է ոլորտում: Կորոնավիրուսի դեմ պատերազմի առաջամարտիկներից է: Նա էլ, ինչպես հանրապետության մյուս բուժհիմնարկների բժիշկները, չի հուսահատվում, հավատում է իր գործին և հաղթանակին: Այս հավատն է, որ նրան ուժ է տալիս, վստահություն ու կորով և օգնում  աշխատել անքուն գիշերներից հետո: Եթե նա զբաղված չէ նոր ընդունված հիվանդներով, ապա, հավանաբար, զննում է արդեն ապաքինվողներին: Եթե հիվանդասենյակում չէ, ապա վարակազերծման սենյակում հետևում է հատուկ միջոցների նախապատրաստմանը: Իսկ եթե մեկ-երկու րոպեով մտնում է աշխատասենյակ, իսկույն բջջային հեռախոսով կամ առցանց զանգում են մյուս հիվանդները, որոնց նա հեռակա ցուցումներ է տալիս ու հուսադրում՝ խնդրելով ուշադիր հետևել իր խորհուրդներին:

Բժիշկ վարակաբան Վլադիմիր Էլիզբարյանը խոստովանում է, որ ամենաշատը կարոտել է ընտանիքի անդամներին, հարազատներին: Ռազմական բժիշկը լիահույս է, որ մեր հայրենակիցները կօգնեն իրենց և կհետևեն անվտանգության կանոններին, տանից դուրս կգան միայն անհապաղ ու անհետաձգելի գործերի պարագայում, իսկ լավագույն դեպքում՝ կնստեն տանը, որպեսզի բժիշկները կարողանան տուն վերադառնալ, որ հիվանդությունը մի քիչ նահանջի, և բժիշկներն անցնեն իրենց նախկին առօրյային:

-Շատ կարևոր է, որ մեր համաքաղաքացիները պահպանեն բոլոր ցուցումները: Հորդորում եմ բոլորին դիմակ կրել: Դիմակ կրելը վտանգավոր չէ, դիմակ կրելը թթվածնային քաղց չի առաջացնում, առավել ևս՝ բժշկական դիմակ կրելը,- ընդգծում է բժիշկ վարակաբանը:

Նրա խոսքով՝ այս հիվանդությունից հնարավորինս շուտ ազատվելու համար հիմնական գործիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը, ձեռքերը հաճախ լվանալն ու ախտահանելը, ձեռքերով դեմքին չդիպչելը, չգրկախառնվելն ու չողջագուրվելը:

-Բոլորին զգուշացնում եմ՝ երբեք չգիտեք, թե ինչ դրսևորումներ կունենա այս հիվանդությունը ձեր օրգանիզմում, քանի որ հետևանքներն անկանխատեսելի են: Սա մի փորձություն է, որ պատուհասել է ամբողջ աշխարհը, և յուրաքանչյուրս պարտավոր ենք պատասխանատու լինել ոչ միայն մեր, այլ նաև դիմացինների կյանքի ու անվտանգության համար: Առո՛ղջ եղեք, պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները ու հոգացե՛ք մյուսների մասին:

Վլադիմիր Էլիզբարյանի օրինակով տեսնում ենք, թե ինչ բարձր որակավորում ունեն հայ բժիշկները: Հատկապես՝ ռազմական բժիշկները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում սովորել են աշխատել ու գործել ցանկացած ծանր ու բարդ իրավիճակներում և պայմաններում: Եվ թերևս այս համակողմանի պատրաստության շնորհիվ հայ բժիշկները կարողացան շատ ու շատ երկրներում խուճապի աղբյուր դարձած վարակի կործանարար ալիքը շեղել նվազման:

Մեր շնորհակալության ու երախտագիտության խոսքն ենք ուզում ուղղել այն անձանց, որոնք ներգրավված են այս հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին ու կազմակերպիչներին:

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #47 (1367) 25.11.2020 - 1.12.2020, Ազգային բանակ


26/11/2020