Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՅՍԸ ԵՐԲԵ՛Ք ՉԻ ՄԵՌՆՈՒՄ



ՀՈՒՅՍԸ ԵՐԲԵ՛Ք ՉԻ ՄԵՌՆՈՒՄԶինվորական թղթակցի վաղեմի իմ սովորությամբ՝ այս պատերազմի  (քիչ մնաց գրեի՝ «վերջին պատերազմի»)  ընթացքում էլ եմ օրագիր ունեցել, որի որոշ  գրառումներ շտապում եմ հրապարակել…

 

27.09. 20

Նորի՞ց:

Ազգային գրադարանում, զուտ ստեղծագործական նկատառումով, թերթում եմ Խարբերդի 1500 էջանոց պատմագիրքն ու նոթագրում. «Խուլագյուղցի տիկին Մարգարիտ Տեր-Կարապետյանը (օրիորդական ազգանունով՝  Գինոսյանը) պատմում է, որ բռնագաղթի ճանապարհին մի թրքուհի իրեն, որ սովից նվաղել էր ու նորածնին, որ գրկում սովից նվում էր, տանում է տուն, նորածնին մոր աչքի առաջ մորթում, խաշում, տալիս  է, որ սովից նվաղող մայրը ուտի:

-Սրան էլ տանեմ, մորթեմ,- տեսնելով, որ տիկին Մարգարիտը ուշագնաց, գրեթե անշնչացած ընկել է, ասում է թրքուհու ամուսինը:

-Ո՛չ,- ասում է թրքուհին,- պիտի լավացնեմ, որ ապրի, ամբողջ կյանքում ինչքան հիշի,  մորմոքի…»:

Այո՛, նորի՜ց… Լուր է տարածվում,  որ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է Արցախի վրա: Այս անգամ արդեն  Թուրքիայի մասնակցությամբ, հարակից  երկրների մահմեդական վարձկանների աջակցությամբ: 1500 էջանոց պատմագիրքը թողնում եմ գրասեղանին, ելնում եմ փողոց:

Հայրենի՛ք, ինչ անեմ, որ Խուլագյուղի  արհավիրքը չկրկնվի:

 

29.09.20

Ի՜նչ ահավոր է տարիքը, ուրեմն ես, որ հայկական բանակի պահեստի սպա եմ,  պիտի տեսասփյուռո՞վ հետևեմ հայկական բանակի պատերազմին, մեղանչումո՞վ կրկնեմ Վահագն Դավթյանին.

Ա՜խ, ինչ ասեմ, ո՜ւշ ծնեցիր,

Ես քեզ արյուն պիտի տայի,

Էրզրումի ցուրտ լեռներում,

Ես՝ արնաքամ մի ֆիդայի…

 

ՀՈՒՅՍԸ ԵՐԲԵ՛Ք ՉԻ ՄԵՌՆՈՒՄ15.10.20

Ինչո՞ւ եմ ինձ այսքան մեղավոր զգում, ինչո՞ւ է ինձ թվում, որ ամեն հերթական նահատակը  իմ փոխարեն է զոհվում:  Ես մեռնելուց չեմ վախենում, բայց հանդերձյալ աշխարհում եթե  մեր միլիոնավոր անմեղ նահատակները հարցնեն՝  հարյուր տարին էլ անցավ, մեր վրեժը լուծեցի՞ք, պատմական արդարությունը վերականգնեցի՞ք, ի՞նչ եմ ասելու: Հրանդ Դինքի, Գուրգեն Մարգարյանի աչքերին ո՞նց եմ նայելու:

 

16.10.20

Հայ ժողովուրդ ջան, քո հազարամյակների պատմության ընթացքում հաստատ այնպիսի  ժամանակաշրջան  չէր եղել, որ միաժամանակ մարտնչես ազերի-թուրքերի, թուրք-թուրքերի, մոլագար ծայրահեղականների, մահասփյուռ համավարակի ու հատկապե՛ս, հատկապե՛ս միջազգային դիվանագիտական խարդավանքների դեմ: Քո ոգուն մեռնեմ, հա՛յ ժողովուրդ, դու արդար ես, քո արդարամտությամբ  դու հավերժ  ես, դու հաղթելու ես:

 

17.10. 20

Ես ամեն նահատակվողի հետ գերեզման եմ իջնում ու հարություն եմ առնում, որպեսզի, հա՛յ, քեզ փոխանցեմ  յուրաքանչյուրի պատգամ-պատվիրանը.

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,

Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

 

24.10.20        

Այսօր, հրադադարին, Արցախի պաշտպանական բանակի քաջամարտիկ Հովհաննեսը մի պահ տուն եկավ, Շուշիի՝ թշնամու ռմբահարած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հենց զինվորական համազգեստով էլ պսակադրվեց իր չքնաղ դիցուհու՝  Մարիամի հետ,  քահանայական օրհնության արժանացավ, խաղաղության աղավնիներ թռցրեց ու ինքնաձիգը ուսը նետելով, առաջնագիծ վերադարձավ:

Ոնց որ Սարոյանը կասեր՝ շունշանորդիներ, դուք այս ժողովրդին կարո՞ղ եք հաղթել:

 

25.10.20

Հայրենիքը հող ու ջուր է, բայց զոհերի արյամբ սրբանում է: Արցախն ամեն օր, ամեն ժամ ավելի է սրբանում, մեր սրբություն սրբոցը դառնում:

 

26.10.20

Ի՜նչ դժվար ենք  նվաճում  մեր ազատագրած հողում խաղաղ ապրելու մեր իրավունքը…Արցախը մեր վերջին հույսն է ու ապավենը, Արցախի համար մատաղված արյան յուրաքանչյուր կաթիլը   մեզ համար սուրբ է, ելուզակներ, ո՞ր լեզվով գրեմ, որ հասկանաք՝ Արցախը չենք տալու:

 

30.10.20

Օրհասի պահին ես քեզ ավելի եմ սիրում, Հայրենի՛ք:

Օրհասի պահին ես ավելի եմ քոնը, ու դու ավելի ես իմը:

Օրհասի պահին միակ դավաճանությունը լալահառաչությունն է, Հայրենի՛ք:

Նոյ Նահապետից ի վեր մենք մեր հոգիներում անսասան ենք  պահել Արարատը ու հավերժ անսասան ենք պահելու:

 

08.11.20

Հայե՛ր, թշնամին արդեն պղծում է մեր սրբալույս հողը, դուք դեռ հավակնոտություննե՞ր եք բանեցնում, իրարի՞ց եք վրեժ լուծում:  Աստծուց  չեք վախենում, պատմության դատաստանից վախեցեք:

 

09.11. 20

Հայ ժողովրդի մասին շատ դիպուկ խոսույթներ կան, բայց ամենաճշգրիտը  Նանսենինն է՝ «Խաբված ժողովուրդ»:

 

10.11. 20

Արդեն չեմ էլ հավատում՝ այսօր արևը ծագելո՞ւ է:

 

11.11. 20

Ո՞վ է գրելու այս օրերի անաչառ պատմությունը:

 

12.11.20

ՀՈՒՅՍԸ ԵՐԲԵ՛Ք ՉԻ ՄԵՌՆՈՒՄՀայե՜ր, հիշե՛ք «նվիրական» այս օրերը՝

1915 թ.-Արևմտյան Հայաստան,

1921 թ.-Կիլիկիա,

1924 թ.-Նախիջևան,

2020 թ.-Արցախ:

Հիշե՛ք ու աղոթքի պես կրկնեք՝

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ-

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…

– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –

Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

 

14.11.20

Այսօր, Դադիվանքում, ռուսական դրոշի, ռուս խաղաղապահների զրահամեքենաների ահազդու հայացքի ներքո իմ վերջին մոմը վառեցի: Վերջին, որովհետև մինչ ես ՝ «Ազգիս հայոց հույս, փրկություն» էի մրմնջում, հայրենանվեր հայ երիտասարդները հավաքում, բեռնատարներն էին լցնում հոգևոր համալիրի սկիհները, խաչկիրները, մյուս մասունքները: Հետո ես Քարվաճառի կիրճով վերադարձա ու տեսա, թե ինչպես էր հայ շինականն իր տարիների տքնանքով բարեզարդած առանձնատունը, աշնանային հուռթի այգին հրդեհում ու լաց լինում:

Անսփոփ եմ ես, ա՛զգ, երանի դու քեզ կարողանաս սփոփել, գոյատևելու, հարատևելու ուժ գտնել:

 

15.11.20

Մենք չենք պարտվել, հայ ժողովուրդը կծնի, անպայման կծնի նո՛ր Մոնթեներ, նո՛ր Թաթուլներ, ու մենք կտեսնենք այդ օրը:

 

16.11.20

Գլուխդ բա՛րձր, հա՛յ ժողովուրդ, դու հերոսաբար, անձնազոհաբար հեղեցիր քո արյունը Հայրենիքի ազատագրության բագինին…

Բայց դու եղել ես, կաս ու լինելու ես: Հավե՛րժ:

 

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #47 (1367) 25.11.2020 - 1.12.2020, Հոգևոր-մշակութային


26/11/2020