ԻՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՑ
Խաղաղություն նկարելու համար ինձ գունավոր մատիտներ են պետք, որովհետև գույների մեջ են մնացել անմահ հերոսների դեմքերը, շունչը, այն ամենը, ինչը կապված է իրենց հետ: Մի ուժ կա։ Այն մեռնել չի սիրում։ Դա մեր գենն է, որ անգամ հողի տակ է մտնում մի պահ, իսկ հետո վեր հառնում՝ որպես փյունիկ։
Հողը խաղաղությանը սպասել գիտի…
♦♦♦
Ամենասովորական զգացողությունները հպարտությամբ են լցվում, եթե կանգնած ես զինվորի կողքին։ Կանգնած սպասում ես նրա հերթական խոսքին, շարժմանը, արձագանքին, աչքերին, ժպիտին…
Իսկ երբ հարցնում է զինվորը, թե ինչո՞ւ են իր մասին գրում, ապա պատասխանը մեկն է լինում. իսկ հերոսների մասին չե՞ն գրում։ Ու այդտեղ հասկանում ես նրա համեստության ու հայրենանվիրումի չափը, այն ամենը, ինչը կա, այո, իրական է, ոչ թե այլ աշխարհից:
♦♦♦
Պատերազմական օրեր էին։ Հեռվում ծուխն այնքան էր տարածվել, որ մտածում էի մի քանի րոպե հետո մի պայթյուն էլ իմ կողքին կլինի, ու ես էլ չեմ լինի։ Արագ էի քայլում։ Այնքան զարմանալի էր, որ ճանապարհներին մարդ չկար։ Այս ի՞նչ ժամանակներ են։ Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ մարդիկ իրենց դարպասների մոտ նստում էին, մի երկու րոպե զրուցում։ Կյանք կար։
Այս պատերազմը շատ տարբերվեց։
♦♦♦
Դիրքեր այցելելու ժամանակ զինվորներից մեկին հարցրի, թե կարոտե՞լ է տնեցիներին։ Ասաց, որ այդ 2 տարին կարոտը Հայրենիքի հանդեպ սիրո միջով է անցնում և մի այլ տեսակ զգացում է այս պարագայում։
Իսկապես, հիմա կարոտում եմ նրանցից յուրաքանչյուրին։ Ես զգացել ու տեսել եմ նրանց անպարտ կեցվածքը, պայքարող ոգին ու հաղթելու ուժը։ Նրանք երբեք չեն պարտվել ու չեն պարտվելու…
♦♦♦
Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրիկի` տիկին Համեստի հետ այցելությունը մարտական դիրքեր մինչև պատերազմը վերջինն էր։ Այսօրվա պես եմ հիշում, թե նրա մայրական ջերմ վերաբերմունքը ինչպես զինվորների աչքերում վերականգնեց այն փայլը, որ երկար ժամանակ նրանց աչքերում չէր եղել։
Իրենց պատրաստած ամենահամով սուրճն էլ հյուրասիրեցին մեզ։ Բոլորը լուսավոր էին…
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #48 (1368) 2.12.2020 - 8.12.2020, Հոգևոր-մշակութային