Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ…



ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...Աշխարհի տարբեր ծայրերում «սպիտակ բանակի» մարտիկներին՝ բժիշկներին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան: Հուշարձաններից մեկի վրա տպավորիչ մակագրություն է. «Խոնարհվում ենք՝ բոլոր ողջ մնացածների կողմից»:

Ադրբեջանաթուրքական զորքերի հրահրած լայնածավալ ու աղետալի այս պատերազմի ընթացքում քանի զինվոր, կամավորական ու խաղաղ բնակիչ ողջ մնաց բժիշկների, բուժակների, բուժքույրերի անդուլ աշխատանքի շնորհիվ, թիվ-հաշիվ չկա… Բուժանձնակազմն էլ զինվորի նման, զինվորի նվիրումով ու պատասխանատվությամբ աշխատեց…

Պատերազմի սկսվելու հենց առաջին օրից ռազմական բժիշկներին միացան նաեւ քաղաքացիական բուժհաստատություններում աշխատող բժիշկները թե՚ Հայաստանից, թե՚ արտերկրից…

Գնացին սրտի թելադրանքով, անտեսելով ամեն դժվարություն, ամեն վտանգ, մահն աչքի առջեւ…

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Սերգեյ Գուլոյանն էլ իր երկու վնասվածքաբան-օրթոպեդ ընկերների՝ Վանիկ Ասոյանի եւ Դավիթ Հայրապետյանի հետ կամավոր մեկնեց Արցախ՝ Ստեփանակերտի հոսպիտալ:

Տարիներ առաջ Սերգեյն իր զինվորական ժամկետային ծառայությունը, որպես բժիշկ, հենց այնտեղ էր անցկացրել:

…Ուշ գիշեր էր, երբ հասան Ստեփանակերտ, քաղաքն ընկղմված էր խավարի ու լռության մեջ: Երբեմնի աշխույժ, լուսավոր Ստեփանակերտը չկար… Ավերված շենքեր, փլատակներ….

Պատերազմ էր ու … վիրավորների մեծ հոսք՝ անընդհատ, անընդմեջ…

Քաղաքից եկած բժիշկների համար սկզբնական մի քանի ժամն էր անսովոր՝ աշխատել պայթյունների ձայների, օդային տագնապի ազդանշանների տակ: Սկզբում մի քիչ լարվում էին, բայց հետո արդեն սովորական էր դարձել, ընտելացել էին այդ ամենին, անխռով իրենց վիրահատություններն էին անում, երբեմն-երբեմն էլ պայթյունների ուժգնությունից փորձելով որոշել, թե որ հատվածում, ինչ հեռավորության վրա է ընկել հերթական արկը…

Պատերազմական պայմաններում «Սպիտակ բանակը» հիանալի գործեց:

-Բոլոր օղակները համակցված աշխատանք էին կատարում,- նշում է Սերգեյը:- Հիացած եմ բուժակների աշխատանքով՝ լուռ, անտրտունջ իրենց գործն էին անում, առաջին օգնություն ցույց տալիս, ուսանող կամավորներն էլ քիչ չէին նրանց շարքերում: Իսկ բուն զորամասային օղակի բուժանձնակազմի մասին խոսքեր չունեմ ասելու. հերոսաբար են գործել՝ անմիջական կրակի թեժ տարափի տակ, իրենց կյանքի գնով կյանքեր էին փրկում…

♦♦♦

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...Պատերազմն աննախադեպ էր իր ծավալներով, օրեցօր թշնամու զինուժն է՛լ ավելի էր մոլեգնում. հակառակորդը գործի էր դրել իր ամբողջ զինանոցը եւ՝ ոչ միայն իր: Թիրախավորվում էին նաեւ խաղաղ բնակավայրերը:

Երբ Ստեփանակերտի ուղղությամբ ռմբակոծություններն առավել ինտենսիվ դարձան, վիրահատություններն արդեն բունկերում էին անում՝ պահասենյակում: Վիրավորների թիվը գնալով աճում էր, բուժանձնակազմը անքուն օրեր էր լուսացնում վիրահատական սեղանների առջեւ: Պատահում էր՝ միանգամից 30-40 վիրավորի էին բերում…

-Պայթյունային, բեկորային վիրավորումներն էին շատ, հիմնականում՝ վերին, ստորին վերջույթներն էին վնասված:

Խեղված, հաշմված մարմիններ… Երբեմն այնքան սարսափազդու էին պատկերները, սարսռեցնող, մարդկային բանականության մեջ չտեղավորվող… Պատերազմի ձեռագիրը…

Անասելի ցավ էր տեսնել անդամահատված 18-20 տարեկան երիտասարդ տղաներին, որոնց կյանքը դեռ առջեւում էր…

Ե՛վ հոգեբանորեն, ե՛ւ ֆիզիկապես ծանր էր այդ ամենը տեսնելը, բայց բժիշկը պետք է չկորցնի սառնասրտությունը, սթափ գործելու ունակությունը, պետք է հնարավորինս արագ կառավարի հոգեհուզական վիճակը, աշխատի կենտրոնանալ միայն ու միայն իր գործի վրա, որովհետեւ հստակ գիտի ու հասկանում է, որ ամեն րոպեն կարեւոր է, ամեն րոպեն կյանք է…

-Բավականին մեծ թվով վիրավոր ոստիկաններ բերեցին, Շուշիում ծանր մարտերի ժամանակ էին վիրավորվել՝ ԱԹՍ-ների հարվածներից: Նրանցից շատերը տնեցիներին չտագնապեցնելու, չանհանգստացնելու համար չէին էլ ասել, որ առաջնագծում են…,- պատերազմական օրերից տարբեր դեպքեր ու դրվագներ է պատմում բժիշկ Գուլոյանը ու հավելում:- Ինձ ամենից շատ ապշեցնում եւ հիացնում էր 18-20 տարեկան ժամկետային զինվորների աննկարագրելի քաջությունը, ոգեղենությունը, ասում էին՝ մեզ ոչ մի բան էլ չի եղել, լավ ենք զգում, շուտ օգնություն ցուցաբերեք, տղերքը մեզ են սպասում… Գիտեք, ո՞րն էր այդ օրերի իմ ամենամեծ բացահայտումը. ես տեսա ցավից այլայլված աչքեր, անմարդկային ցավից կուչուձիգ եղած մարմիններ, բայց, հավատացեք, ես չտեսա հոգեբանորեն ընկճված մի զինվորի…

♦♦♦

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...-Երբ Ստեփանակերտից վերադարձա Երեւան, առաջին պահին այնքան անսովոր էր այդ հանգիստ-խաղաղ կյանքը,  չէի համակերպվում, ինձ չէի գտնում, կարծես բոլորովին ուրիշ իրականության մեջ լինեի, ուզում էի կրկին հետ գնալ,- խոստովանում է բժիշկը:- Հիմա մի տեսակ ավելի անհանդուրժող եմ դարձել ամեն անարդարության հանդեպ…. Իսկ երբ ինչ-որ մարդիկ փորձում են շահարկել, կամ զինվորին մեղադրել՝ կասկածի տակ դնել նրա քաջությունը, զայրույթս չափ ու սահման արդեն չի ճանաչում. ես տեսել եմ մեր զինվորի ոգեղենությունը, նվիրվածությունը, ինչը հոգիս լցրել է անափ հպարտությամբ: Ես տեսել եմ վախը հաղթած, մահվան աչքերին անվախ նայած զինվորին, նրա ոգու ուժը… Տեսել եմ զինվորին, որ հայրենիքը սիրում է կյանքի չափ, կյանքից առավել…

…Մայրաքաղաքում, երբ բժիշկ Գուլոյանն այցելում է այս կամ այն հիվանդանոց կամ հոսպիտալ, հայացքով անընդհատ փնտրում է Արցախում իրենց բուժած, վիրահատած հիվանդներին:

-Ընդամենը մի քանի ժամ եմ շփվել, ու մի քանի ժամվա մեջ զինվոր տղերքը դարձել են հարազատի նման, դու կիսել ես ցավը նրա հետ… Չեմ կարող նկարագրել ուրախությունս, երբ տեսնում եմ արդեն զգալիորեն լավացած, ապաքինված տղերքին, երբ արդեն անցյալում են մնացել առողջական լուրջ խնդիրները, ոտքի վրա են …

♦♦♦

Բժշկի հետ մեր զրույցն ընդհատվում է հեռախոսազանգով՝ ապաքինված մարտիկներից մեկն է զանգահարել, որին Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել էր, խոշոր բեկորներ հեռացրել:

-Շնորհակալ եմ, բժի՛շկ ջան, արդեն լավ եմ…Շուտով գնալու եմ առաջնագիծ:

Ամեն մեկն իր առաջնագծում է՝ կյանքի եւ մահվան, պատերազմի եւ խաղաղության սահմանագծին…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #48 (1368) 2.12.2020 - 8.12.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


03/12/2020