Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ՝ ՄԻ՛ՇՏ ՊԱՏՐԱՍՏ



ՄԵՆՔ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ՝ ՄԻ՛ՇՏ ՊԱՏՐԱՍՏՕրերս համացանցում հուզիչ մի տեսագրություն գրավեց ուշադրությունս. զինվորը ռազմի դաշտից տուն է վերադարձել պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից 54 օր անց: Մորուքը երկար, կարոտած փարվում է մորը: Հաջորդ պահին զինվորականի հաղթ կերպարանքի ու ժպիտի մեջ ծանոթ ու հարազատ գծեր եմ նկատում: Ավելի ուշադիր եմ նայում և հասկանում՝ Հովհաննես Աբրահամյանն է, ակնարկներիցս մեկի հերոսներից, զորակոչիկներից մեկը, որին 2018 թ. ձմեռային զորակոչին կենտրոնական հավաքակայանից ճանարարհեցի ծառայության: Հիշում եմ, թե ինչպես լուրջ, հավասարակշիռ, մի քիչ խստադեմ երիտասարդը կտրականապես հրաժարվեց խոսել: Նրա փոխարեն խոսեց հայրը՝ Սարգիս Աբրահամյանը. «Մորն ու քրոջը թույլ չտվեց, որ գան ճանապարհելու` կանացի հուզումնալից պահերից խուսափում է: Որդիս երկու տարի անընդմեջ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի «վազող թիրախ» մրցումներում Հայաստանի մասշտաբով երկրորդ տեղն է զբաղեցրել: Իսկ երևանյան մրցումներին 2017 թ.` առաջին պատվավոր տեղը: Մի խոսքով` իսկական «վոյին է»: Հովհաննեսին բանակ ճանապարհելու եկած զինվորական հորաքույրն էլ՝ Սաթենիկ Աբրահամյանը, վստահ էր. զարմիկն «ունիվերսալ» զինվոր կլինի. «Թե՛ լավ վարորդ է, թե՛ խոհարար և թե՛ լավ հրաձիգ: Երազում է Արցախում՝ սահմանամերձ մի զորամասում ծառայել»:

Հետագայում իմացա, որ ցանկությունն իրականություն է դարձել… Հովհաննեսը ծառայել ու զորացրվել էր այս տարվա՝ 2020 թ. հունվարին: Իսկ սեպտեմբերի 27-ին Հովհաննեսն անմիջապես զինկոմիսարիատ էր դիմել՝ շտապել դեռ ծառայությունը չավարտած ընկերներին օգնության:

Պատմում է հորաքույրը՝ Սաթենիկը.

-Ամսի 27-ն էր, կիրակի: Իմանալով, որ պատերազմն սկսվել է, անհանգստացած զանգել էր ծառայակից ընկերներից մեկին: Տղան ասել էր. «Հովո՛, էնքան անհարմար պահի ես զանգել, հենց հիմա հրանոթի թելն եմ քաշում…»: Առավոտ վաղ զինկոմիսարիատից զանգեց ինձ, թե՝ «Որոշված է արդեն, ես գնում եմ, հորքո՛ւր»: Չորս ընկերներով որոշել ու անմիջապես դիմել էին՝ որպես կամավոր մեկնելու համար: Զինկոմիսարիատում ասել էր. «Ճիշտ է՝ որպես վարորդ եմ ծառայել, բայց նաև լավ հրաձիգ եմ: Ի նկատի ունեցե՛ք»: Հովիկի մայրը` Լարիսան, հոսպիտալում է աշխատում. տանը չէր եղել այդ օրը. ես էի գնացել զինկոմիսարիատ: Տեսա՝ ոչ մի բան չէին վերցրել հետները՝ ո՛չ տաք շորեր, ո՛չ մի բան: Արագ խանութից գնեցի, ինչ պետք էր: Ու գնացին…

…Ամեն օր նրա զանգին էինք սպասում, դրանով էինք ապրում: Գիշերը անկողին մտնելիս միշտ մտածում էի՝ Հովիկս հիմա խրամատում է, անքուն: Երբ կարողանում էինք խոսել, մեզ ոչինչ չէր ասում: Հրետանու հարվածից ոտքից բեկորային վիրավորում էր ստացել, չէր ասել: Միշտ ասում էր. «Լավ է ամեն  ինչ, չանհանգստանաք»: Ու հիմա, երբ հետ է եկել,  էլի նրանից ոչինչ չես լսի: Երբ նոր ներս մտավ ու նայեցի աչքերի մեջ… շատ բան տեսա այնտեղ, ինչի մասին երբեք չի խոսի: Մեր տղաների աչքերն այնքան բան են տեսել, ուղիղ մահվան աչքերին են նայել: Մեծ, հասուն տղամարդ դիմավորեցինք…:

Հովհաննեսի մայրը՝ տիկին Լարիսան, պարզվում է, արդեն 12 տարի է՝ Կենտրոնական զինվորական կայազորային հոսպիտալում է աշխատում՝ որպես բուֆետապան:

-Բոլոր զինվորները, որ մեր հոսպիտալում են բուժվում, իմ տղաներն են,- ասում է:- Հենց որ նիհար զինվոր է գալիս բուֆետ, մինչև կարգին չկերակրեմ՝ բաց չեմ թողնում: Երբ այս ընթացքում նայում էի զինվորներիս, ինձ թվում էր՝ Հովիկիս եմ տեսնում… Թող մեր բոլոր տղաները իմ որդու պես հետ գան, ուրիշ բան չեմ ցանկանում:

ՄԵՆՔ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ՝ ՄԻ՛ՇՏ ՊԱՏՐԱՍՏԶորակոչվելիս ինձ անգամ չթողեց, որ դարպասից դուրս գայի: Իսկ այս սեպտեմբերի 27-ին ճաշարանում էի, երբ լսեցի, որ պատերազմ է սկսվել: Սիրտս մի բան զգաց. անմիջապես տուն զանգեցի, ամուսնուս հարցրի՝ «Սարգի՛ս, Հովոն ի՞նչ է անում»: Ասաց. «Արդեն շորերը հավաքել, գնացել է զինկոմիսարիատ»: Ճաշի ժամն էր. չէի կարող դուրս գալ: Եղբայրս զանգեց, ասաց, որ ոչ մի կերպ չի հաջողվել համոզել, որ սպասի մինչև տուն գնամ: Այնպես որ՝ «գնաս բարով» էլ չկարողացա անել. շատ նեղացա, որ ինձ չէր սպասել: Այն ապրումները, որ այս ընթացքում ունեցել եմ, ոչ մեկին չեմ ցանկանա:

Գնաց ու եկավ… Կարևորը՝ եկավ: 50 օր խրամատներում… Եկավ վատ տրամադրությամբ… Չի հաշտվում այս վիճակի հետ: Բայց ես հույսս չեմ կորցնում, որ լավ է լինելու: Վստահ եմ՝ այս ամենը ժամանակավոր է:

Փորձում եմ խոսել նաև Հովհաննեսի հետ: Այս անգամ չի մերժում.

-Հիշո՞ւմ ես, ո՜նց էիր ուզում հենց Արցախում ծառայել:

-Շատ էի ուզում, ու այդպես էլ եղավ,- ասում է, ու զգում եմ, որ այս անգամ մի քիչ կզրուցենք: Իհարկե, այդ օրերի իր ապրումներից շատ քիչ բանով կկիսվի: Այժմ արդեն հասկանում եմ, թե ինչու էր այն ժամանակ համառորեն հրաժարվում խոսելուց. դեռ չգնացած, ոչինչ չարած՝ չէր ուզում խոսել:- Ժամկետային ծառայությանս երկու տարիները շատ մեծ փորձ տվեցին ինձ,- շարունակում է Հովհաննեսը,- հատկապես այս պատերազմին նախապատրաստվելու առումով. ինքնուրույնություն, որոշումներ ընդունելու, պատասխանատվություն ստանձնելու  կարողություն ձեռք բերեցի: Հրաձիգի իմ հմտություններն էլ շատ, շա՛տ կարևոր եղան: Այս ընթացքում որպես ավագ հրաձիգ եմ գործել:

…Սեպտեմբերի 27-ի առավոտն ընկերներով իմացանք, որ պատերազմն սկսվել է: Որոշումն անմիջապես ընդունվեց. մի վայրկյան չենք մտածել, նույն օրն էլ մեկնեցինք: Ես այդ պահին մտածում էի՝ ընկերներս, որ դեռ չէին ավարտել ծառայությունը, այնտեղ են, կռվում են: Ուզում էի գնալ նրանց մոտ, նրանց կողքին լինել: Բայց ուրիշ ավտոբուս էինք նստել, ուրիշ ուղղությամբ ուղարկեցին. հենց ընկերներիս մոտ չկարողացա լինել: Բայց, միևնույն է, նրանց հետ էի այս կռվում:

Ընկերներով, երկու-երկու հոգով, իրար մոտ դիրքեր էինք պահում: Երկրորդ, թե երրորդ օրն էր. կապ տվեցին, ասացին, որ օդից հարձակում է: Դուրս եկանք, տեսանք, որ մեր դիրքի ուղղությամբ ադրբեջանական ուղղաթիռ է թռչում: Սկսեցինք կրակել: Քիչ հետո տեսանք, թե ինչպես է ծուխ արձակելով ներքև իջնում. գետնին հասավ ու բռնկվեց: Լուսանկար կուղարկեմ՝ կտեսնեք, մեր այդ խփած ուղղաթիռներից մեկի մոտ ենք: Քիչ անց՝ աջ կողմից էլ մի ուրիշ ուղղաթիռ մոտեցավ. այդ մեկին էլ մեր ՀՕՊ-ը խփեց: Երկու ուղղաթիռ մի քանի րոպեի ընթացքում. այդ օրվա մեր զգացմունքները, ոգևորությունը հնարավոր չի բառերով նկարագրել:

Շատ բան տեսանք այս ընթացքում… Իմացա՝ ինչ է պատերազմը: Երկու կողմերից հիմնականում հրետանին էր աշխատում: Հրետանու զարկից հենց կողքիս մեր տղաներից մեկը զոհվեց… Բայց կորստի ցավը կռվի դաշտում չի հիասթափեցնում, հուսահատություն չի բերում, այլ ընդհակառակը՝ դրանից միայն ավելի է սրվում հակառակորդին ցավոտ հարված հասցնելու ցանկությունդ:

…Պատերազմի արդյունքում սկսեցինք գնահատել կյանքի ամեն մի վայրկյան:

Չեմ զղջում, որ գնացի. եթե նորից վտանգ սպառնա մեր երկրին, էլի հաստատ գնալու եմ:

-Ինչպե՞ս վիրավորվեցիր:

-Լուրջ վնասվածք չի եղել: Արկը մեզնից որոշ հեռավորության վրա պայթեց, և բեկորներն այսուայնկողմ էին թռչում: Մեկը մխրճվեց ոտքիս մեջ, ճիշտ է՝ այդ  պահին չեմ չզգացել, որ խնդիր կա: Հետո մեր բուժակը հեռացրեց բեկորը: Հիմա արդեն նորմալ քայլում եմ:

-Ի՞նչ կուզենաս ասել և ո՞ւմ:

-Այսօր մեր բոլոր զինվորներին կուզեմ մաղթել, որ ով դեռ չի եկել, ողջ ու առողջ հետ գա, հասնի իր ընտանիքին: Ու մեծ ցանկությունս է, որ հաղթական լինեն մեր կռիվները: Մենք մեր տեղում ենք՝ մի՛շտ պատրաստ…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #48 (1368) 2.12.2020 - 8.12.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/12/2020