Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆԱԿ ԵՂԲՈՐՍ ԲԱՆ ՉԼԻՆԻ…»



«ՄԵՆԱԿ ԵՂԲՈՐՍ ԲԱՆ ՉԼԻՆԻ...»Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրը, տանկ խոցելուց հետո, հերոսաբար զոհվեց հայրենիքի նվիրյալ, Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Դավիթ Բադալյանը: Ապագա բժիշկը ծնունդով Մասիս քաղաքից էր:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը խորը ցավ է ապրում սիրելի ուսանողի մասին անցյալ ժամանակով խոսելիս.

-Դավիթին կբնութագրեմ որպես դասախոս. յուրահատուկ ուսանող էր, յուրահատուկ սովորող. գիրքը ձեռքից ցած չէր դնում: Միշտ պատրաստակամ էր, բոլորին լսելու, օգնելու կամքով:

Ուսանողական ընկերները ևս կարոտով են հիշում կուրսընկերոջ հետ անցկացրած օրերը: Տաթևիկ Զուռնաչյանի խոսքով՝ Դավիթը հասակակից տղաներից տարբերվում էր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, ծրագրված քայլերով. հստակ գիտեր, թե ինչ պետք է անի բանակից վերադառնալուց հետո:

-Միշտ ժամանակ էր գտնում զանգելու, երբեք չէր մոռանում ընկերների ու դասախոսների մասին, հարցնում էր ու բարևներ փոխանցում, նույնիսկ հիշում էր բոլորի տարեդարձները: Ձմռանը, մինչև իր բանակ զորակոչվելը, միասին ենք պատրաստվել բոլոր քննություններին. վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ընկերներով պարապում էինք գրադարանում: Դավիթի ներկայությունից արդեն մեզ պաշտպանված էինք զգում, որովհետև գիտեինք, որ ցանկացած հարցում կաջակցի ու մենակ չի թողնի մեզ: Դավիթը քաղցրակեր էր,- կարոտով հիշում է Տաթևիկը:- Իր բանակ գնալուց մեկ ամիս անց, խմբով, Դավիթի համար իր սիրելի քաղցրավենիքներից էինք ուղարկել, ինչը շատ էր ուրախացրել նրան: Նա անկեղծ ու կյանքով լի անհատականություն էր: Անսահման հպարտ եմ, որ իմ կյանքում ունեցել եմ Դավիթի նման անկեղծ ու սրտացավ ընկեր:

…Զինընկերները տեսել են նրան արդեն գետնին ընկած, նա հասցրել է չորս բառ ասել. «Մենակ եղբորս բան չլինի»,-պատմում է համակուրսեցին հավելելով, որ Դավիթի եղբայրը ևս ծառայության մեջ է. երկուսն էլ եղել են առաջնագծի տարբեր մասերում:

Հավերժ փառք և խոնարհում…

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԵՊԲՀ ռեկտոր

Խորագիր՝ #48 (1368) 2.12.2020 - 8.12.2020, Ազգային բանակ


03/12/2020