Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ



ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՎերջին շաբաթներին ՊՆ գերիների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Այստեղ աշխատանքներն ընթանում  են շաբաթը 7 օր, 24 ժամ գրաֆիկով: Հանձնաժողովում փորձում են հնարավորինս արագ տեղեկություններ ձեռք բերել մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Գործընթացում ներգրավված են նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

 

Վաղ առավոտից մինչև ուշ երեկո սենյակներում հեռախոսազանգերը չեն դադարում. թեժ գծի աշխատակիցները հերթով ու համբերատար պատասխանում են հարցերին։ Նրանց ավելի շատ դիմում են անհայտ կորածների խնդիրներով: Զանգահարողներին ուղղորդում են տեղեկատվական կենտրոնում գործող հանձնաժողով, որպեսզի տեղում նրանց օգնությամբ հնարավորինս արդյունավետ կազմակերպվեն որոնողական աշխատանքները:

Հարևան սրահներում ընդունում, ունկնդրում և դիմումների  հիման վրա կազմվում են մարտական գործողությունների ընթացքում գերեվարված և անհայտ կորած զինծառայողների անձնական տվյալները:

Հանձնաժողովի կազմում  ներառված են թե՛ ՊՆ աշխատակիցները և թե՛ հասարակական հիմունքներով որոնողական գործընթացին կամավոր միացած անհատ քաղաքացիները։ Թարմացվում, նոր տվյալներով է համալրվում ու ճշգրտվում գերեվարված և անհայտ կորած զինծառայողներին վերաբերող տեղեկատվական բազան։

Որոնվող անձանց տեղեկատվական բազայի համալրման գործում հանձնաժողովին մեծապես օգնում են գերեվարված և անհայտ կորած զինծառայողների հարազատները, որոնք տրամադրում են լուսանկարներ և իրենց բարեկամների հետ կապի դուրս գալու ընթացքում ստացած վերջին տվյալները։

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾԴիակների արտահանձնման և գերիների վերադարձման գործընթացում հակամարտ կողմերից բացի ներգրավված են նաև ՌԴ խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Վերջինս, օրինակ, հաշվի առնելով Արցախում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, արդեն իսկ էապես ավելացրել է թե՛ Արցախում գործող աշխատակիցների թիվը,  թե՛ հասցեագրվող  մարդասիրական օգնության ծավալները։ Հայաստանում ԿՄԽԿ պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին նշում է. «Մեր գրասենյակներում այս պահին ընդգրկել ենք և՛ տեղական նոր ռեսուրսներ, և՛ տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչների. տարբեր մասնագետներ, որ ժամանել են և աշխատելու են առաջիկա ամիսների, գուցե և տարիների ընթացքում, որպեսզի կարողանանք ամեն կերպ արձագանքել մարդկանց և նրանց ապրուստի հետ կապված խնդիրները»:

Ինչ վերաբերում է հանրության լայն շրջանում բուռն քննադատության արժանացած դիակների արտահանձնման գործընթացի ոչ գոհացուցիչ տեմպերին, ապա Զառա Ամատունին նկատում է, որ դա բնավ կապ չունի Կարմիր խաչի աշխատանքի հետ. որոնողական աշխատանքները կանոնակարգում և իրականացնում են հայկական և ադրբեջանական կողմերը. «Մենք և ռուսական կողմը պարզապես դիտորդներ ենք: Մենք ներկա ենք լինում տեղերում, և ընթացիկ խնդիրների դեպքում տեղում քննարկում, փորձում ենք հարթել դրանք: Մասնակցում ենք նաև զոհվածների մարմինների արտահանձնման գործընթացին, որպեսզի այն հնարավորինս կարգավորված ու վստահելի լինի»:

Դիակների արտահանձնումից, մարդասիրական օգնությունից և չպայթած զինամթերքի հնարավոր վնասների  չեզոքացմանը միտված գործառույթներից զատ, Կարմիր խաչն ակտիվ աշխատանքներ է տանում նաև գերեվարված քաղաքացիական անձանց և զինծառայողների արտահանձնման ուղղությամբ։ «Մենք հրապարակայնորեն տվյալներ չենք տրամադրում, թե քանի հոգու ենք այս պահին այցելում,- ասում է Զառա Ամատունին,- սակայն, կարող եմ փաստել, որ հոկտեմբերի կեսից մինչև օրս մենք երկու կողմերից պարբերաբար նոր հաստատումներ ենք ստանում իրենց մոտ պահվող անձանց վերաբերյալ, որոնց թվում կան և՛ քաղաքացիական, և՛ զինվորական անձինք: Տեսակցում ենք այս անձանց հետ և փորձում ենք ապահովել այդ այցերի հնարավոր պարբերականությունը՝ մինչև կողմերի համաձայնությամբ իրականանա բոլորի վերադարձը իրենց երկրներ»:

Հավելենք, որ զոհված և վիրավոր զինծառայողների, անհայտ կորածների և գերեվարվածների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար  կարող եք զանգահարել 8135 և 012-28288980 հեռախոսահամարներով։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս՝. ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Ռազմաքաղաքական


10/12/2020