ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ
Ադրբեջանցի դիպուկահարների կողմից նոյեմբերի 19-ին և 20-ին երկու հայ զինծառայողների սպանության կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին: Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»:
«Ազգ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Դ.Կարապետյանը հավելել է. «Քաղաքական ճանապարհով Ադրբեջանին զսպել հնարավոր չէ, նա չի կարողանում կատարել իր միջազգային պարտավորությունները: Յուրաքանչյուր սադրանքի հայկական կողմը կպատասխանի պատժիչ գործողություններով` ոչ թե վրեժխնդրությամբ, այլ հետագա սադրանքները կանխելու նպատակով: Դա կլինի մեր բնական, տրամաբանական և օրինաչափ արձագանքը: Եվ եթե մեր պատժիչ գործողություններից ադրբեջանական կողմում կորուստներ լինեն, ապա ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը համոզված է, որ «հայկական կողմն այլընտրանք չունի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների գնդակից հայ զինծառայողների զոհվելու պարագայում հակառակորդիին պետք է խոցել ոչ պակաս, քան նույն զենքով»:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, իր հերթին մեկնաբանելով իրավիճակը, ասել է. «Առավել քան վստահ եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ առաջիկայում ադրբեջանական բանակը անխուսափելիորեն կորուստներ է կրելու: Գիտակցում է, սակայն առաջին գծում լարվածությունը պահպանելուց չի հրաժարվում: …Բաքվում կարծում են, թե հայ զինվոր սպանելով բարոյալքում են հայաստանյան հասարակությանը, մինչդեռ տեղի է ունենում ճիշտ հակառակը: …Արտաքին թշնամու կերպարը նպաստում է հասարակության համախմբմանը: Այդ համախմբման արդյունքը լինում է` թշնամուն խաղաղություն պարտադրելու նպատակով վճռական գործողություններ ձեռնարկելու հանրային պահանջի ձևավորումը»:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում