ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ…
Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք ու …. պատերազմ…
Զինվոր եղբայրս՝ Արցախ աշխարհի սահմանին կանգնած՝ զինակից ընկերների հետ միասին իրենց հերոսական ուղին էին գծում…
Մեր ամեն օրը դարձավ անվերջ սպասում։ Սպասում էինք ճակատից եկող լուրերին, սպասում եղբորս զանգին…
Վերջապես եղբայրս զանգեց, հարցնում էր՝ ո՞նց ենք, զինվորը սահմանից, դժոխային կրակների մեջ հարցնում էր` մենք ոնց եք։ Ձայնը լսելուն պես ցրտից սառած ճնճղուկներից դարձանք սավառնող արծիվներ. մեր ժայռը տեղում էր` անսասան, ուրախ և վճռական։
Ինքը ոչինչ չէր պատմում, որևէ դեպքից չէր խոսում, ասում էր՝ պետք է գործել, պետք է կռվել։
Ամիս ու կես ապրեցինք ու չապրեցինք…Ամեն զանգից ծնողներս վեր էին թռչում, եղբորս ձայնից թևավորվում, պայծառանում, հետո դարձյալ կուչ էին գալիս տագնապներից։
Ժամանակը չափելու նոր միավոր ունեինք՝ եղբորս զանգից զանգ…
Ես էլ էի ծառայել, բայց այսպես չէ։ Մենք պատերազմ չտեսանք, մենք չմեռանք ապրելուց առաջ։ Իրենցն ուրիշ էր։
Եղբայրս եղել էր պատերազմի տարբեր ճակատներում, թեժ կետերում, հայրենի հողին վստահ կանգնած, ինչպես եւ մեր բոլոր զինվոր տղերքը;
♦♦♦
Զանգեց, ասաց, որ տուն է գալու, արձակուրդ են տվել։ Թե ինչ անհամբերությամբ էինք սպասում նրա վերադարձին, ինչ ապրումներով, բառերով բացատրելի չէ, մեզ լավ կհասկանան այդ ժամանակ պատերազմի դաշտում հարազատ ունեցողները…
Պատերազմն ավարտվել էր, խաղաղություն չէր, բայց գոնե խաղաղ էր առժամանակ։ Գիշերով անակնկալ եկավ հերոս եղբայրս։ Եղբայրս ծառայությունից արձակուրդ էր եկել, չէ~, պատերազմից էր արձակուրդ եկել։ Շատ չէինք խոսում, լուռ վայելում էինք նրա ներկայությունը՝ 45 օրում 45 տարի ապրած, մահվան աչքերին նայած, հաղթանակի հույսն ու հավատը սրտում պահած-փայփայած եղբորս։
Այսօր մենք նրան դարձյալ ճանապարհեցինք Արցախ։
Արծվենի հայացքով ու պայքարի վճռականությամբ հրաժեշտ տվեց մեզ…
Հիմա կարող ենք ասել՝ հային կարելի է սպանել, բայց հաղթելն անհնար է։ Մենք հիմա ապրում ենք այս նույն երկրագնդի վրա, այս նույն արևի տակ, այս նույն տան մեջ, բայց մենք էլ առաջվա մենքը չենք, մենք հինգ հազար անգամ մեռանք և հինգ հազար անգամ վերածնվեցինք…
Այս պահից մենք ապրում ենք միայն վասն հայրենյաց…
ԳԱԳԻԿ ԵԿՄԱԼՅԱՆ
Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ազգային բանակ