ՏՂԱՍ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԵՑ ՈՒ ԶՈՀՎԵՑ
…Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, առաջիններից մեկը արձագանքեց Արցախի Քաշաթաղի շրջանը։ Արդեն կար փորձ. 2014-ին, 2016-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր քաշաթաղցիներ շտապեցին առաջնագիծ և ժամկետային զինծառայողների հետ պաշտպանեցին հայրենիքը։ Այս անգամ էլ բազում քաշաթաղցիներ եկան զինկոմիսարիատ և զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանությանը։ Հրայր Սարգսյանը Չարենցավանից է, նա Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի առաջին բնակիչներից էր։ Այստեղ եկավ ընտանիքով ու դարձավ ազատագրված ու վերահայացած հայրենիքի շենացնողներից մեկը։ Հետագայում տեղափոխվեց Բերձոր ու աշխատում էր գյուղվարչությունում որպես հողաշինարար։ Երեք որդիները՝ Ժիրայրը, Վլադիմիրն ու Գոռը, դուստրը՝ Լիլիթը, շատ քաշաթաղցի երեխաների նման դարձան շրջանի ապագան կերտողները։ Եկավ նաև հայրենիքի զինվոր դառնալու ժամանակը, և որդիները բարեխղճորեն ծառայեցին հայրենիքին, դարձան օրինակելի զինվոր ու տուն եկան զորամասերի հրամանատարության շնորհակալագրերով, պատվոգրերով, կրծքանշաններով։ Կրտսեր որդին՝ Գոռը, այս տարվա սկզբին զորացրվեց Հայոց բանակից, ծառայում էր Արցախի սահմանում և լավ գիտեր տարածքն ու թշնամուն։
Ծնվել է 1999 թ. սեպտեմբերի 1-ին Բերձորում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, ավարտել 2017 թ. բարձր գնահատականներով։ Դպրոցական տարիներին ակտիվ էր, սիրում էր նվագել և ցանկացած ցերեկույթի, հանդեսի ժամանակ իր տեղն ուներ։ Միջնակարգն ավարտելուց հետո Գոռն ընդունվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոբիզնեսի բաժին։ 2018 թ. հունվարին զորակոչվեց հայոց բանակ՝ ժամկետային զինվորական ծառայության, ծառայեց ամենայն պատասխանատվությամբ եւ զորամասի հրամանատարության կողմից արժանացավ շնորհակալագրի։ …Համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը նույն տարվա սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան լսելով պատերազմի լուրը, չսպասելով զինկոմիսարիատի կանչին, դասավորելով անհրաժեշտ իրերը, արդեն զինկոմիսարիատում էր ու կամավոր մեկնեց առաջնագիծ։ Շատերին էին պահանջում, որ շուտ հասնեն ժամկետային զինծառայողներին օգնության։ Իսկ Գոռն ու իր նման տղաները, որ նոր էին վերադարձել բանակից ու գիտեին իրենց անելիքը, ավելի շուտ մեկնեցին։ Հայրը՝ Հրայրը, հավատով ճանապարհեց երեք որդիներին, հավատով, որ տուն են գալու հաղթանակած։
Պատերազմի առաջին օրերին օպերատիվ շտաբում նաև Հրայրն էր աշխատում։ Կապ չուներ որդիների հետ, անհանգիստ էր, բայց վատի մասին չէր մտածում։ Նույն օրերին արդեն գալիս էին տագնապալի լուրեր, ունեցանք առաջին զոհերն ու անհայտ կորածները։ Թշնամին առաջ էր գալիս։
Գոռն սկզբում եղել էր հարավում, իսկ հոկտեմբերի կեսերից Շուշիի մատույցներում էր մասնակցում թեժ մարտերին։ Նոյեմբերի 7-ին բերդաքաղաքի պաշտպանության ժամանակ էլ հերոսաբար զոհվել է։ Մինչև Շուշիում մարտերի թեժանալը եղբայրները հանդիպել էին Գոռին և փորձել էին համոզել գնալ Բերձոր՝ մասնակցելու հոր ծննդյան տարեդարձին: Գոռը հրաժարվել էր, ասելով՝ «Կարևոր օպերացիա ունենք պլանավորած, չեմ կարող ընկերներիս թողնել միայնակ, կներեք, բայց չեմ գա»։ Եղբայրնրը տուն էին եկել՝ համոզված՝ ամեն ինչ լավ է լինելու։ Բոլորս էինք այդ օրերին սպասում լավ լուրի, որ թշնամուն հետ ենք քշելու Շուշիից, ազատագրելու ենք մեր երկիրը։ Մինչև վերջին շունչը Գոռը հավատարիմ մնաց թե՛ հայրենիքին, թե՛ զենքին և թե՛ մարտական ընկերներին։ Ընկերները հենց այդպես էլ բնորոշում են նրան՝ հավատարիմ ու անշահախնդիր ընկեր։ Հերոսն ամփոփված է Հրազդանում։ Զեմֆիրա մայրն ամեն օր է այցելում որդու շիրիմին։ Հայրը ինձ գրել է. «Ջորիկ ջան, Գոռս իր համար չապրեց, իր ընտանիքի, իր քրիստոնեական հավատքի, իր ընկերների, հարևանների ու իր հայրենիքի համար ապրեց…»։ Վերջերս հանդիպեցի Հրայրին, թողել են Բերձորի տունը, հաստատվել Հրազդանում…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ճակատագրեր