ԱՆՊԱՐՏ ԶԻՆՎՈՐԸ
Լուսանկարում Նարեկ Մարտիրոսյանն է՝ փոքրամարմին հսկան, հատուկ նշանակության ժամկետային, արդեն մեր օրերի լավագույն սպաներից մեկը: Նրա կենսագրության մեջ այս պատերազմը պետք է ընդգծված շարադրել, դյուցազունների շարքում առանձնացնել, խորհրդանիշ դարձնել:
Ջաբրայիլում է ծառայել: Երեսուն հոգանոց ստորաբաժանումով բառի ամենաուղիղ իմաստով սարեր են շուռ տվել, սարեր են իրենց ուսերին առել ու հերոսաբար կռվել:
Նրան հանդիպել էի Արցախի հարավում պատերազմի առաջին օրերին, այն ժամանակ լուռ էր, հիմա ամփոփում է արածն էլ, սխրանքն էլ: Երեք սպաների գլխավորությամբ դիրք են ազատագրել ու հարյուրից ավելի հակառակորդի երեսուն հոգով հետ շպրտել: Ինքն է ամենամեծ վնասը հասցրել՝ «Մուխայով» ոչնչացնելով թշնամու կուտակումը: Ազատագրած հենակետը փոխանցել են մերոնց, իրենք շարժվել հաջորդ առաջադրանքը կատարելու:
Թութակ լեռան հատվածում շրջափակման մեջ են ընկել, կրակի տակ հայտնվել, վիրավոր ու զոհ տվել: Ու Նարեկը, վտանգելով կյանքը, կրկին գործի է դրել «Մուխան» ու ելքի հնարավորություն ստեղծել: Այդ զինատեսակից կրակել թույլատրվում է միայն կանգնած: Պառկած է կրակել ու մեջքը վնասել, բայց բոլորին փրկել է, հասցրել են այդ ընթացքում դուրս գալ անվտանգ վայր:
Մեկ այլ ուղղությամբ կռվելիս ուսն է դուրս ընկել՝ հրետակոծության հետևանքով: Չի թողել խմբին, մնացել է ու մի ձեռքով կոորդինատ տվել թիկունք ու երբեմն էլ ավտոմատով կրակ է վարել:
Երբ հրամանատարին ավելի բարձր պաշտոնի են նշանակել, դասակի հրամանատար կարգել են Նարեկին, հիմա արդեն՝ լեյտենանտ Մարտիրոսյանին: Մի քանի օր է՝ գյուղում է, կարճատև արձակուրդի, շուտով կլինի Արցախում իր զինակիցների կողքին, արդեն որպես նրանց հրամանատար:
Համեստությունն այս տղաների պարզապես անչափելի է, նախանձելի զուսպ են իրենց սխրանքը ներկայացնելիս ու շատ շռայլ` հրամանատարի ու զինվորների հերոսությունները շարադրելիս: Անպարտ զինվորի վառ օրինակ են Նարեկն ու մյուս տղաները:
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում