Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ…



ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ...…Զինվորի կռիվը երբեք չի ավարտվում: Այն սկիզբ է առնում զինվորական համազգեստ կրելուց շատ ավելի վաղ ու հասունանում դառնում գաղափար հայրենիքի պաշտպանության համար նույնիսկ կյանքը չխնայելու երդման տեքստն առաջին անգամ արտասանելիս եւ ամեն անգամ է՛լ ավելի ամրապնդվում յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ, երբ երդվում է ծառայել անձնվիրաբար, իրեն վստահված մարտական դիրքը պահել անառիկ, մինչև անգամ կյանքի գնով:

-Պատերազմից հետո շատ բան փոխվեց: Հասկացա, որ բանակը շատ պետք է, որ  յուրաքանչյուր հայ տղա պետք է ծառայի: Ես ծառայել եմ, ծառայում եմ ու պատրաստ եմ էլի ծառայել ու պաշտպանել իմ հայրենիքը: Գիտեմ, որ ինչ-որ բանով պետք եկա հայրենիքիս: Հիմա էլ մարտական ոգին բարձր է, և պատրաստ ենք կատարելու  ցանկացած մարտական խնդիր,- մեզ հետ անկեղծանում է օրերս մարտական դիրքից իջած ժամկետային զինծառայող Արմեն Մալխասյանը:

Տղաները մի քանի օր առաջ են իջել մարտական դիրքերից: Նոր մարտահրավերներին այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է պատրաստվել ամեն օր, ամեն ժամ, հիմա արդեն նոր շնչառությամբ: Անելիքներ շատ կան:

Մի քանի մարտական գործողությունների են մասնակցել տղաները, զգացել ու ապրել պատերազմը, որի մասին միայն գրքերում էին կարդացել ու ֆիլմերում տեսել: Ինչ խոսք՝ այս մեկը գրքերում կարդացածին ու ֆիլմերում տեսածին բոլորովին նման չէր: Գուցե առաջին հայացքից քիչ դժվար է ընկալել, բայց 18 տարեկան ժամկետայինը ընդգծված ոգևորությամբ է պատմում մեր հրետանու անվրեպ խոցումների մասին, վստահ, որ թշնամին դեռ երկար կհիշի հայ զինվորին ու սպային:

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ...-Մեր մարտական պատրաստականությունը, մեր մարտական ոգին, մասնագիտական հմտություններն ու իմացությունը բարձր մակարդակի վրա են եղել,- վստահեցնում է շարքային Արշակ Ավագյանը:

-Բոլոր առաջադրանքները կատարել ենք գերազանց, թշնամու հարձակումները կասեցրել ենք ու կարողացել ենք տեղը տեղին հակահարված տալ՝ պատճառելով լուրջ կորուստներ: Հրամանատարությունը գոհ է եղել մեզնից,- մարտական ընկերոջն է շարունակում  ժամկետային Սերգեյ Մանուկյանը:

Պատերազմ էր իր գրված ու չգրված բոլոր օրենքներով, ամենամարդկային բնական վախից ու տագնապից մինչև անպարտելի խիզախություն ու քաջություն:

Արշակն ու Հարութը կամավորականներ են: Մեկը, որովհետև բժիշկ է, երկրորդը, որովհետև իր նախկին ծառայավայրը՝ Մարտակերտն էր վտանգված:

Ժամկետայինները պահեստազորայիններից ու կամավորականներից են պատմում, իրենց հոգատարությամբ ոչ մի րոպե իրենց չլքած Արցախյան պատերազմի փորձառու վետերաններից:

-Նաև նրանց շնորհիվ էր, որ մեր՝ ժամկետայիններիս մարտական ոգին չէր կոտրվում, նրանց ներկայությունը մեզ անասելի ուժ էր տալիս,- ասում է կրտսեր սերժանտ Արման Հովհաննիսյանը:

Ու հետո մեր հերոսները հերթով ծոցագրպաններից հանում են թղթի կտորներ՝ ծանրոցների, քաղցրավենիքի, հագուստի ու դեղորայքի հետ առաջնագիծ հասած նամակներ ու բացիկներ՝ մեկը դպրոցականից, մեկը տատիկից, իսկ մեկն էլ՝ անծանոթ մի օրիորդից, ու բարձրաձայն կարդում են.

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ...-Սիրելի՛ զինվոր, ես շատ եմ սիրում քեզ, շնորհակալ եմ, որ դու պաշտպանում ես մեր հայրենիքը…,- գրել են մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները: Իսկ Լոռու մարզի Թումանյան համայնքի կրտսեր դպրոցականներն էլ գրել են.

-Մե՛ր եղբայրներ, մենք գիտենք, որ դուք կանգնած եք սահմանին ու կռվելով թշնամու դեմ՝ պաշտպանում եք մեզ: Շուտ ու առողջ վերադարձեք…

Իրիկնանում էր: Վառարանի ջերմությունը տարածվում, հոգուդ է հասնում, ու կրակի ճարճատյունի հետ դաշտային կացարանը հազար ու մի զրույցով է լցվում, պատերազմի մասին հազար ու մի զրույցով, այն պատերազմի, որ այս տղաներն են տեսել, ապրել ու զգացել: Թե ինչ են տեսել, ապրել ու զգացել, բարի ու չարի մասին հեքիաթ չէ…

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ազգային բանակ


17/12/2020