Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԵԼ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ  ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆՔ ԱՆԵԼ



ԱՐԵԼ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ  ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆՔ ԱՆԵԼՔարվաճառն այն անառիկ ուղղություններից էր, որտեղ պատերազմի օրերին մեր զինված ուժերը պարզապես անթերի են գործել: Նրանք ոչ միայն չեն նահանջել, ավելին՝ բարելավել են մեր բնագծերը, ինչին նպաստել են հատկապես հրետանավորները՝ դիպուկ, անվրեպ կրակով ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ, ռազմական տեխնիկայի շարասյուններ: Նրանցից յուրաքանչյուրի հետ մեր զրույցը մի ուրույն պատմություն է, արցախյան թեժ մարտերում ծնված գիտակցական պայքարի պատմություն՝ հայրենիքը սիրելու, նվիրումի ու հերոսական սխրանքների մասին:

-Ամենածանր պահերին գաղափարը միշտ մեկն է եղել՝ պաշտպանել հայրենիքն ամեն գնով,- ասում է ժամկետային զինծառայող, սերժանտ Էդուարդ Մովսիսյանը:

-Իսկ հայրենիքի պաշտպանությունն սկսվում է ընտանիքից, առաջին իսկ վայրկյանից բոլորիս մտքում մեր ընտանիքներն էին, մեր ընկերները, մեր սիրելի մարդիկ: Միանշանակ, նաև նրանց համար ենք կռվել,- ընկերոջ խոսքն է շարունակում կրտսեր սերժանտ Ջիվան Մկրտչյանը:

-Արել ենք այն, ինչ պետք է անեինք, ինչը պարտավոր էինք անել,- զինակից ընկերներին է միանում կրտսեր սերժանտ Գուրգեն Պողոսյանը:

Էդուարդը, Ջիվանն ու Գուրգենը հրանոթի հրամանատարներ են, որոնք պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ եղել են ռազմաճակատում՝ կրակային դիրքերում, իրենց անձնակազմերի հետ հաջողությամբ կատարելով մարտական առաջադրանքները: Կրտսեր հրամանատարներն այսօր էլ իրենց մշտական տեղակայման վայրում են՝ զբաղված սպառազինության խնամքով, հրանոթները մարտական վիճակի բերելով:

ԱՐԵԼ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ  ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆՔ ԱՆԵԼ-Ամեն ինչ անում ենք, որ եթե, Աստված մի արասցե, էլի գործողություններ սկսվեն, պատրաստ լինենք,- ասում է Ջիվանը:

Մերօրյա հերոսների մասին այժմ պատմենք ավելի մանրամասն, թե պատերազմի օրերին ով ինչ մարտական առաջադրանք է կատարել, ինչպես և ինչ պայմաններում:

-Իմ հաշվարկով խոցել ենք հակառակորդի զրահատեխնիկա, ոչնչացրել կենդանի ուժ, կրակային միջոցներ ու հենակետեր,- պատմում է Գուրգենը: -Բավականին շատ տեխնիկա ենք ոչնչացրել, հատկապես ճանապարհ բացող, մոտ 200 հոգանոց գրոհող անձնակազմ ենք ոչնչացրել մեր մարտկոցով:

– Շատ մեծ հեռավորության վրա խոցել ենք չդիտարկվող շարժվող տանկ տիպի նշանակետ, որը հրետանային ստորաբաժանման խնդիրներում համարվում է բացառիկ: Մեկ, երկու հրանոթով կատարել ենք ամբողջ ստորաբաժանման խնդիրը՝ միաժամանակ աշխատելով տարբեր ուղղություններով,- ասում է մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Գոռ Բաղդասարյանը:

Հերոսական դրվագները, բացառիկ դեպքերը բազմաթիվ են, որոնք ապահովել են մեր զորքերի կրակային հզորությունը, երբեմն նույնիսկ հրետանային կրակի ռեկորդներ սահմանել:

-Մեր մի կրակային դասակը խոցում էր դիրքերին մոտենալ փորձող թշնամու հետևակը, մյուսը՝ զրահատեխնիկան: Երկու հրանոթով, առանց չափազանցության, երեք րոպեի ընթացքում խոցել ենք 13 տանկ:

-Անձնական օրինակով փորձել եմ ոգևորել տղերքիս, մարտական խնդրի կատարման ավելի բարձր ցուցանիշների բերել: Մենք մեր խնդիրը կատարել ենք,- ամփոփում է մարտական գործողությունների ժամանակ բացառիկ արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված փոխգնդապետ Բալոյանը՝ հընթացս մեկ առ մեկ ներկայացնելով իր զինվորներին, նրանց անցած հերոսական ուղին, ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրը կրակե հեղեղի տակ կռվել է արիաբար, որպես հրետանավոր դրսևորել բարձր վարպետություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ազգային բանակ


17/12/2020