Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԱԶԳՈՎԻ



Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 3-ին կայացավ «Ադրբեջանական կարպետներ. Իրեւանյան խումբ» գրքի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցավ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը` հայտարարելով, որ «Ադրբեջանն այսօր ի վիճակի է վերականգնել իր պատմությունը` շնորհիվ իրեւանյան եւ ղարաբաղյան կարպետների, որոնք բացահայտում են հայկական կողմի կեղծիքները»:

Զավեշտալի է, բայց Ադրբեջանի իշխող կուսակցության բարձրաստիճան գործիչը իր խոսքերով ակամայից (կամ գուցե` տգիտորեն) մեկ անգամ եւս հաստատել է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող մշակութային ժառանգության ոչ մի կոթող կապ չունի ադրբեջանցիների (ավելի ճիշտ կլինի ասել` ադրբեջանական թյուրքերի) հետ: Ադրբեջանի իշխանական վերնախավը, չկարողանալով որեւէ կերպ հիմնավորել «ադրբեջանական ազգի» հազարամյա պատմության մասին պնդումները եւ վկայակոչել որեւէ փաստական իրադարձություն կամ միջազգային հանրաճանաչ հավաստի աղբյուր, որեւէ պատմական գործչի կամ նշանավոր անձի անուն, հանրությանը ցուցադրում է պարսկական, հայկական կամ կովկասյան կարպետներ` դրանք անվանելով ադրբեջանական: Անհասկանալի է, թե ինչպես են ադրբեջանցիներն ապացուցել այդ կարպետների պատկանելիությունը իրենց «մշակութային արժեքներին»: Անկասկած, ադրբեջանցիներն իրենց են վերագրում պարսկական եւ կովկասյան (հայկական, վրացական, դաղստանյան) կարպետները, որոնք տարբեր ժամանակներում յուրացվել են թյուրքերի կողմից: Այդ են վկայում նաեւ պատմական փաստերը: Այսպես, 1905 թվականի օգոստոսի 18 – 22-ը տեղի ունեցած հայկական ջարդերի ժամանակ միայն մեկ հայկական ավանից գողացվել է 1290 գորգ եւ 688 կարպետ:

Գորգեր եւ մշակութային այլ արժեքներ յուրացնելուց բացի, ադրբեջանցիները յուրացնում են նույնիսկ… բանաստեղծներին: Ահա այսպես, մեծն պարսից բանաստեղծ Նիզամի Գյանջեւին (Նիզամի) ադրբեջանցիները ներկայացնում են որպես ազգային բանաստեղծ եւ «ադրբեջանական պոեզիայի խորհրդանիշ»: Սակայն Նիզամիին Ադրբեջանին կապում է միմիայն այն փաստը, որ մեծն պարսից բանաստեղծը ծնվել է եւ ստեղծագործել է ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Գյանջա (Գանձակ) քաղաքում, որը միջնադարում գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ: Նիզամին ստեղծագործում էր պարսկերեն, ոչ մի կապ չուներ թյուրքական էթնոսի հետ. ինքը Նիզամին նշում է, որ իր հայրը` Յուսուֆ իբն Զաքին, ազգությամբ պարսիկ էր, իսկ մայրը` Ռաիսան` քրդուհի: Ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները պարսից բանաստեղծին «մեծն ադրբեջանցի» անունով կնքել, հայտնի չէ:

Թրքացման ճակատագրին է արժանացել նաեւ հայկական ծագում ունեցող «Սարի Գելին» (Հարսնացուն սարերից) ժողովրդական երգը, որը յուրացրել են թուրքերն ու ադրբեջանցիները: Իրենց հատուկ նենգությամբ, ադրբեջանցիները թրքացրել են երգի բառերն ու հնչողությունը եւ այդպիսով «ստացել» հերթական «ազգային-մշակութային» արժեքը: Ադրբեջանցիները ոչ միայն բացառում են երգի հայկական ծագումը, այլեւ նույնիսկ անպատկառորեն ամեն քայլափոխի շեշտում են, որ հայերը «գողացել են այն ադրբեջանցիներից»: Սակայն երգի հայկական ծագման մասին վկայում են նույնիսկ որոշ թուրք մասնագետներ: Օրինակ` ազգությամբ թուրք Գյոքչեն Կարանֆըլի խոսքերով` «Սարի Գելին» երգը առաջացել է հայկական անանուն երգից, որը «ժամանակի ընթացքում դարձել է թուրքական մշակույթի մի մաս»: Երգի հայկական ծագումնաբանության փաստը հաստատել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հյուրընկալվելով Թուրքական Kanal D հեռուստատեսության «Seffaf Oda» (Թափանցիկ սենյակ) հաղորդմանը, համաձայնվել է հաղորդավարի այն մտքի հետ, որ վերոհիշյալ ստեղծագործությունը հայկական է: Սակայն Ադրբեջանում երգը շարունակում են համարել «ազգային արժեք», եւ, հավանաբար, 2012 թվականի մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի օրերին Նիզամիի ստեղծագործությունները, հայկական դուդուկի եւ դոլմայի հետ միասին կդառնան Ադրբեջանի «այցեքարտը»:

Իհարկե, մեր հարեւաններին կարելի է հասկանալ. եթե չես կարողանում ստեղծել, եւ գոռոզությունդ էլ թույլ չի տալիս խնդրել ու ստանալ, պետք է գողանաս: Սակայն ինչ էլ փորձեն անել, ինչպես էլ փորձեն մեծարել իրենց` գոյություն չունեցող գողացված մշակույթը, ինչքան էլ, ի լուր աշխարհի, բղավեն «հայկական կեղծիքի» մասին, միեւնույն է` Ադրբեջանի կեղծարարության քաղաքականությունը դատապարտված է մերկացման:

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ռազմաքաղաքական


23/11/2011