ՀԱԷԿ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ
Եթե չես կարողանում մրցակցիդ հետեւից հասնել եւ սեփական պարտությունդ ընդունելու չափ ազնվություն էլ չունես, անելու այլ բան չի մնում, քան մրցակցիդ փեշից կախվելը: Այլ կերպ հնարավոր չէ որակել Ադրբեջանի ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ա.Ղարիբովի՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը, թե «Հայաստանն ատոմակայան ունի եւ Ռուսաստանի օգնությամբ 10-15 տարի հետո կարող է դառնալ միջուկային զենք ունեցող երկիր»: Ղարիբովը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ միջուկային երկիրն է, եւ որ ատոմակայանի առկայությունը Հայաստանին հատուկ կարգավիճակ է տալիս:
Ոզնուն էլ է հասկանալի, որ Ադրբեջանը, «ձայնակցելով» Թուրքիային, փորձում է հասնել հայկական ատոմակայանի փակմանը՝ օգտագործելով Իրանի «միջուկային գործի» շուրջ միջազգային աղմուկն ու շահարկելով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հոգեբանական ազդեցությունը (իբր, հայկական ատոմակայանը սեյսմիկ առումով անվտանգ չէ, ինչը իրականությանը չի համապատասխանում): Պարզ ասած՝ Ադրբեջանն ատոմակայան չունի, ուզում է, որ Հայաստանն էլ չունենա:
Մեկնաբանելով ադրբեջանցի «գիտնականի» հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը «Իրավունք» թերթին ասել է, որ «թեեւ Հայաստանն այս պահին չունի համապատասխան տեխնոլոգիաներ, սակայն, եթե անհրաժեշտ լինի, 5 տարի անց էլ կարող է ունենալ»: Սա՝ հնարավորության մասին: Ինչ վերաբերում է միջուկային զենքի անհրաժեշտությանը, ապա մեր թշնամիներն այնքան մոտ են մեզ, որ նրանց դեմ միջուկային զենքի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության, եւ միայն ապուշը կարող է մտածել, որ Հայաստանին միջուկային զենք է պետք:
Հարցն ունի նաեւ այլ տեսանկյուն. Հայաստանի «փեշից կախվելիս» Ադրբեջանն ու Թուրքիան հաշվի չեն առնում, որ աշխարհում վաղուց արդեն հասկացել են` Հայաստանն իր էներգետիկ կարիքները հոգալու համար ատոմակայանից բացի այլընտրանք չունի, եւ դրա մեղավորը, ի դեպ, նույն Թուրքիան եւ Ադրբեջանն են:
Ընդհանրապես, Ադրբեջանում հաշվի չեն առնում, որ Արեւմուտքն իրենց եւ Հայաստանին նույն «արշինով չի չափում»: Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է կրկնօրինակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության բազմակողմանիությունն ու կոմպլեմենտարիզմը (փոխլրացվածությունը): Սակայն եթե Հայաստանի պարագայում Արեւմուտքը հասկանում է, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթի անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը, ապա Ադրբեջանի դեպքում այդպես չէ. ադրբեջանա-ռուսական հարաբերությունների սերտացումն Արեւմուտքն ընկալում է որպես Ադրբեջանի հեռացում, օտարացում իրենից: «Այդ իսկ պատճառով նման դեպքում Արեւմուտքի արձագանքն ավելի կոշտ է»,- արձանագրում է քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
Ըստ նրա՝ թեպետ Ադրբեջանը փորձում է նավթի գործոնը շահարկել՝ Ղարաբաղի հարցում դիվիդենտներ շահելու համար, սակայն գործնականում ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան ձգտում են նավթամուղների պաշտպանության խնդիրը «հեռու պահել» տարածաշրջանի անվտանգության ապահովման խնդիրներից: Ավելին, եվրոպացի փորձագետների մեծ մասն այսօր արդեն համակարծիք է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարեւորը ստատուս-քվոյի պահպանումն է եւ պատերազմի կանխումը, քանի որ կարգավորումն անհնար է՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ռազմաքաղաքական