Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ ԻՎԱՆՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԽՐԱՆՔԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ԳԵՆԵՐԱԼ ԻՎԱՆՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԽՐԱՆՔԸՄեկ ուրիշ անգամ փոխգնդապետ Իվանյանը դիվիզիայի ինժեների հետ միասին իրագործեց պաշտպանության ճակատային հատվածի հակատանկային ականապատման մի այնպիսի հնարամիտ համակարգ, որ հակառակորդի ոչ մի տանկ կամ մարտական այլ մեքենա չկարողացան հաղթահարել այն: Գործողության ընթացքում խիզախ հրետանավորը դարձյալ վիրավորվում է, սակայն վիրակապ դնելուց հետո կրկին շարք է վերադառնում:

Հայրենիքն ըստ արժանվույն գնահատեց Էլտիգենի դեսանտի մասնակիցների սխրանքը. նրանցից 55-ին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչում, իսկ մյուսները պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: Պարգևատրվածների մեջ զգալի թիվ էին կազմում հայ ժողովրդի զավակները: Բավական է նշել, որ 318-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շարքերում մարտնչում էին մի քանի հարյուր հայորդիներ: Նրանցից 1337-րդ լեռնահրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Գրիգոր Բլբուլյանը, դիվիզիայի դատախազ, մայոր Արտավազդ Ֆրանգուլովը, դասակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Շմավոն Պատվականյանը, նույն գնդի վաշտի ավագ Մկրտիչ Աղաջանյանը, 1339-րդ գնդի ջոկի հրամանատար, ավագ սերժանտ Ֆիդան Աբրահամյանը, 32-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 80-րդ գվարդիական հրաձգային գնդի 3-րդ գումարտակի կուսկազմակերպիչ, գվարդիայի ավագ լեյտենանտ Մկրտիչ Տիգրանյանը պարգևատրվեցին Լենինի շքանշանով: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1943 թ. նոյեմբերի 17-ի հրամանագրով՝ Լենինի շքանշանով է պարգևատրվում նաև 18-րդ բանակի 195-րդ գվարդիական լեռնաականանետային գնդի հրամանատար, փոխգնդապետ Քրիստափոր Իվանի Իվանյանը:

Էլտիգենի գործողության ավարտից հետո փոխգնդապետ Իվանյանը նշանակվում է փառապանծ 318-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար և ակտիվ մասնակցություն ունենում Կերչի և Սևաստոպոլի ազատագրմանը: Դիվիզիայի հրետանու գործողությունները հմտորեն ղեկավարելու և մարտերում ցուցաբերած քաջության համար փոխգնդապետ Իվանյանը առանձին Մերձսևծովյան բանակի հրամանատարի 1944 թ. հունիսի 10-ի թիվ 0375 հրամանով պարգևատրվում է Սուվորովի 3-րդ աստիճանի զորավարական շքանշանով: Դիվիզիայի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Վ. Ֆ. Գլադկովը, որն անձամբ էր կազմել ու ստորագրել Իվանյանի պարգևատրման թերթիկը, նշել է. «Ընկեր Իվանյանը Կերչի շրջանում հակառակորդի պաշտպանության ճեղքման նախապատրաստման և իրագործման ժամանակ հմտորեն ու ճիշտ կազմակերպեց հրետանու համագործակցությունը հետևակի հետ: Հաճախակի լինելով հրետանու մարտակարգերում և ղեկավարելով այն, բոլոր ուժերն ու կարողությունները նվիրում է հրետանին ավելի արդյունավետ օգտագործելուն: Մարտի ժամանակ կարողանում է հմտորեն կազմակերպել հրետանու գործողությունը, որի հետևանքով մեր հետևակը ստանում է հրետանային կրակի հզոր աջակցություն:

ԳԵՆԵՐԱԼ ԻՎԱՆՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԽՐԱՆՔԸՍևաստոպոլյան գործողության ընթացքում փոխգնդապետ Իվանյանի հրամանատարությամբ դիվիզիայի հրետանին թշնամուն պատճառեց կենդանի ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստներ. Ոչնչացվեցին 3 տանկ, «Ֆերդինանդ» տիպի մեկ ինքնագնաց հրանոթ, տարբեր տրամաչափի 2 հրանոթ, 33 գնդացիր, հակատանկային 7 հրացան, ավելի քան 900 զինվոր ու սպա, ճնշվեց 5 հրետանային և 8 ականանետային մարտկոցների կրակը, ավերվեց թշնամու շուրջ 4 կմ երկարությամբ խրամատը, 28 դզօտ, 16 գետնատնակ, ավելի քան 400 մետր փշալարե արգելապատնեշ»:

Ղրիմի ազատագրումից հետո փոխգնդապետ Իվանյանը 18-րդ բանակի 318-րդ, ապա 128-րդ հրաձգային դիվիզիաների շարքերում՝ որպես միավորման հրետանու հրամանատար, ակտիվորեն մասնակցեց Անդրկարպատյան Ուկրաինայի ազատագրմանը, լեռնաանտառոտ բարդ տեղանքում հաղթահարեց Կարպատները և Մեծ հաղթանակը դիմավորեց Չեխոսլովակիայում:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից հետո արդեն գնդապետ Իվանյանը շարունակեց զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում, հընթացս ավարտեց բարձրագույն ռազմական ակադեմիան, ղեկավարեց հրետանային զորամասեր ու միավորումներ: Նրան շնորհվեց հրետանու գեներալ-մայորի, ապա գեներալ-լեյտենանտի կոչում: Ռազմաճակատում վաստակած պարգևներին ավելացան նորերը՝ «Մարտական ծառայությունների համար» մեդալ, Կարմիր աստղի՝ 2, ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքի ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններ և այլն: Թվում էր, թե զինվորական անուրանալի մեծ վաստակ ունեցող և տարիքն առած զորավարը լիիրավ հանգստի գնալու իրավունք էր վաստակել և կարող էր մի տաքուկ անկյունում անցկացնել իր կյանքի խաղաղ օրերը: Սակայն լսելով վերածնված հայրենիքի նորաստեղծ բանակի կազմավորման և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործի համար զինվորական բանիմաց մասնագետների անհրաժեշտության մասին, առանց վարանելու եկավ Հայաստան և շարունակեց ծառայությունը հայկական նորաստեղծ բանակում՝ որպես զորամասի հրամանատար: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձեռք բերած մարտական հարուստ փորձն ու գիտելիքները նա սիրով հաղորդեց երիտասարդ սպաներին ու զինվորներին, իր զորամասի անձնակազմի հետ կիսեց ամեն տեսակ դժվարություն ու հաջողություն: Չնայած պատկառելի տարիքին, գեներալ-լեյտենանտ Իվանյանը երիտասարդ զինվորի ճարպկությամբ ցատկում էր հետևակի մարտական մեքենայից, հմուտ ձիավարում, դիպուկ կրակում, անձնական օրինակով ոգևորում անձնակազմին, նրանց մեջ սերմանում զինվորական ամուր կարգապահություն, ուսուցանում էր կռվելու և հաղթելու, հայրենիքին հավատարիմ և անմնացորդ ծառայելու արվեստը՝ դրսևորելով մարտական ծառայության նախանձելի երկարակեցություն:

Խորագիր՝ #51 (1371) 23.12.2020 - 29.12.2020, Պատմության էջերից


24/12/2020