ԴԵՌ ԿԳԱՆ ՆՈՐ ՄԱՅԻՍՆԵՐ
Մեր հին, մեր բազմաչարչար պատմությանը պահ տվեցինք եւս մեկ ամիս՝ 2020-ի նոյեմբերը։ Մեկ ամիսը ակնթարթ էլ չէ բազմահատոր պատմության մեջ, սակայն պատմությունն իր չգրված օրենքներն ունի, և ժամանակի նրա չափագրությունը հավերժություն է շնորհում անգամ վայրկյանին։ 2020-ի նոյեմբերը կմնա հայոց պատմության մեջ որպես անանց ցավ, բայց ոչ անշրջելի իրողություն, որովհետև ժամանակներն անցողիկ են, անցողիկ են հանգամանքներն ու պատահականությունները, սխալներն ու ձախողումները, հաջողություններն ու հաղթանակները…
Մնայունը հերոսներն են, որ իրենց աստվածատուր ներկայությամբ բարձրացնում են ամենագետնամած ժամանակներն անգամ: Առաքինության ու ճշմարտության քարքարոտ ճանապարհներին կենդանի փարոս դարձած՝ նրանք շփոթ քարավաններ են փրկում մոլորումից, արեւներ են վառում սառած ու խեղճ հոգիներում։ Ժողովրդի պատմությունը իր հերոսներն են գրում: Աշնան դալուկ շողերի պես հալվող, անէացող այս նոյեմբերը նույնքան պատմություն է, նույնքան մերն է, որքան 92-ի մայիսը, որ հաղթանակի արեւ էր վառել Հայաստան աշխարհի վրա։ Ուրեմն՝ 2020-ի նոյեմբերը նոր ՄԱՅԻՍՆԵՐ ծնելու խոստում ունի:
2020-ի նոյեմբերը՝ իմ ու քո պատմությունը՝ հույժ կարեւոր ու նշանակալի… Նրա դասերը բառերի առատության ու ամենամերժ աղմուկի մեջ չէ, որ պիտի փնտրենք։ Այլ հենց մեր կողքին, մեզ մոտիկ ու մեր սրտերում։ 2020-ի նոյեմբերը՝ հույժ կարեւոր ու նշանակալի, նաև այն պատճառով, որ հենց այս ամսին Մոնթեն 63 տարեկան դարձավ, իսկ Լեոնիդ Ազգալդյանը՝ 78։ Անցնելու են տարիներ, այդպես նրանք դառնալու են 100-150-200 տարեկան, աշնան վերջին ամսին։ Ու արժեւորելու են ոչ միայն իրենց ապրած ժամանակը։ Այլ առասպել դարձած կյանքով, դյուցազներգություն դարձած սխրանքով, լեգենդ դարձած կերպարով արյուն ու ավիշ են տալու նաեւ մեր գալիք պատմությանն ու մշտարթուն են պահելու ոգեղեն խիզախումների տեսլականը։ Պատերազմը հերոսներ չի ծնում։ Հերոսները կան, ապրում են նաեւ առանց պատերազմի ու հերոսանում են աննկատ։ Պարզապես պատերազմը դառնում է հերոսության բեմ, կեղծն ու իրականը զատելու միջոց, մեծ հավատաքննություն, որ պոկում է բոլոր վեհաշուք դիմակները՝ մեր աչքերի համար աննկատելի, մեր մտքի համար՝ անբացահայտ։
… Հայի ճակատագիր է, կենսագրությունդ հասկանալու ու բազում հարցականներին պատասխան տալու համար պիտի հետ գնաս, որոնես ծագումդ, գտնես արմատդ ու հիշողության ցավոտ ճանապարհներով հասնես մի տաք ու հարազատ երկիր, որ անուն ունի՝ հայրենիք։ Մեկը Խարբերդից, մյուսը՝ Մարզվանից, բնավեր ու տարագիր երկու հայ եղեռնից մազապուրծ, նավաբեկությունից հետո ափ շպրտված երկու բեկոր, հատված ծառի երկու ընձյուղ հեռու հեռավոր Կալիֆորնիայում գտան իրար… Սա Մոնթե Մելքոնյանի կենսագրությունն է, նրա ծնողների կենսագրությունը, որ հայ ժողովրդի պատմությունն է միաժամանակ։ Առաջին բառը անգլերեն էր, առաջին գիրը անգլիատառ ու անգլիալեզու։ Ո՛չ Վասիլիայի միջնակարգ եւ երկրորդական վարժարանում, ո՛չ էլ Ճապոնիայի Օսակա քաղաքում ուսանելու տարիներին անգլիախոս հայ փոքրիկին ոչ ոք չէր պատմում Հայաստան հայրենիքի մասին, հաստափոր պատմության գրքերը համառորեն լռում էին, իսկ ուղեղում չգիտես որտեղից հայտնվող անվերջանալի հարցերը պատասխան էին որոնում ու հուշում ինքնությունը ճշտելու, կիսատ-պռատ գոյությունը ամբողջացնելու խորհուրդ։
Լեոնիդի կյանքն ավելի հեշտ էր այդ առումով։ Նա ծնվել էր Թբիլիսիում, սակայն, Աստծո կամոք, ընտանիքը վերադարձել էր Երեւան։ Սա թերեւս բախտավոր հայի ճակատագիր է, քանզի դեգերումների քարավանը հայրենիքում էր հանգրվանել։ Մոնթեն հայրենիքը փնտրում, հայրենիքին կարոտում էր հեռվից, Լեոնիդը երկիր Նաիրին սեփական հայրենիքում էր որոնում, պատմության դասագրքերի ժլատ ու կցկտուր պատումներում, պատմավեպերի հերոսական ու արյուն վառող ասքերում։ Մասիսն աչքի առաջ էր ամեն Աստծո օր ու լուսաբաց, Մասիսը գերեվար հայրենիք էր, բանտված հարազատ։ Ի՞նչը պիտի անջրպետեր այս երկու հայորդուն հայրենիքի սիրուց. անգլիական ու ռուսական կրթությո՞ւնը, հազարավոր կիլոմետրերի հեռավորությունն ու խորհրդային ազգամերժ գաղափարախոսությո՞ւնը… Երբ արյունը արդեն վարակվել էր հայրենիքով ու հերոսությամբ, այդ տենդն անբուժելի էր։ Երբ հայրենիքն ինքն էր փնտրում նրանց, ու անկասելի է այդ կանչը։
… Մոնթեն 12 տարեկան էր ընդամենը, երբ պապերի ծննդավայր եկավ, երբ քայլեց հարազատ հողի վրա։ Ու մի տիրական, մի անդիմադրելի մղում արմատ ձգեց հոգու մեջ, այնքան իրական ու շոշափելի, որ տղան չէր կարող չնկատել, չէր կարող չտեսնել միանգամից ու անակնկալ բացված նոր հորիզոնի ձգողական ուժը։ Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժինն ընդունվելու որոշումը պատահական չէր։ Նա արդեն հասցրել էր ճանաչել-իմանալ հայրենիքը անգլիալեզու գրքերից ու դեռ պիտի ապրեր-զգար հայերենի անսահման հարազատությունը ու մեսրոպյան գրերի շքեղությունը։ Այդ հայտնությունից նա հետո պիտի սքանչանար, իսկ մինչ այդ իր իմացած հինգ լեզուներով կարդում էր հայերի մասին գրված ողջ գրականությունն ու ավարտաճառագրում Արարատյան թագավորության ժայռափոր դամբարանների մասին։
Լեոնիդ Ազգալդյանը ուսանեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ու երբեք մտքով չէր անցնի, որ տարիներ հետո՝ հայոց ազատագրական պայքարի թոհուբոհում իր խաղաղ, անվտանգ մասնագիտությունը ծառայելու է պատերազմին, իրեն ռադիոֆիզիկից դարձնելով փայլուն «զինագործի»։ Նա չգիտեր, որ ամենահամարձակ երազանքներն անգամ նախախնամության բարեհաճությամբ կարող են իրականություն դառնալ, բեկել կարծես անկասելի ու հաստատուն ընթացքը։ Լեոնիդն ապրում-աշխատում էր Հայաստանում։ Մոնթեն հայերեն էր ուսանում Լիբանանում։ Երկու ճանապարհ՝ մեկը սկիզբ առած հեռավոր Ամերիկայում, մյուսը՝ Հայաստանում, առաջին հայացքից անհամատեղելի ու տարբեր, բայց իրականում նման ու նույնական։ Նրանց հանդիպումը կանխորոշված էր ու անխուսափելի։ Նրանց ճանապարհները՝ այնքան տարբեր, պիտի խաչվեին Արցախ աշխարհում, կրակների մեջ այրվող հայկական հողի վրա։
Եթե չլիներ պատերազմը… որտեղ կլինեին Մոնթեն ու Լեոնիդը։ Եթե չլիներ հայոց ազատագրական շարժումը, ինքնանվիրումի եւ հերոսացման ի՞նչ դաշտ կգտնեին նրանք։ Կգտնեի՞ն արդյոք… Մարտական ընկերները, հարազատները, բարեկամները, բոլոր նրանք, ովքեր ճանաչել են այս երկու հերոսին, հավատացած են, որ նվիրյալ զինվոր, ազգասեր հայորդի ու հմուտ ռազմական գործիչ լինելուց զատ, նրանք բազում առաքինություններ ունեին։ Մոնթեն հզոր էր, ծայրահեղ, շռայլ ե՛ւ ընկերության մեջ, ե՛ւ սիրո, ե՛ւ խիզախության։ Միևնույն ժամանակ, նուրբ, դյուրընկալ հոգի ուներ, բարձր ինտելեկտ, ուժեղ կամք։ Ինքնիշխան էր ու ինքնուրույն։ «Հերոս էր։ Հանգիստ, անվախ, անխուճապ։ Զինվոր էր ու հրամանատար։ Մարդ- առասպել էր»։
Լեոնիդը մարտական ընկերների հիշողության մեջ միշտ կմնա որպես անսահման բարության, անհատույց նվիրումի, անօրինակ արիության ու անկոտրում կամքի խորհրդանիշ։ Բոլոր նրանք, ում հետ ընկերություն է արել Լեոնիդը, հերոսին իրենց լավագույն ընկերն են համարելու մշտապես եւ խորին ափսոսանքի հետ նաեւ մեծ հպարտությամբ պատմելու են, թե ինչ երանելի պահեր են ապրել՝ վայելելով քաջի շքեղ ներկայությունը։ Նա բոլորին էր օգնում, ականջալուր էր բոլորի հոգսուցավին, իրենից բացի բոլորին էր խնայում։ Հավասարակշիռ էր, լրջախոհ։
Լեոնիդ Ազգալդյանը «Ազատագրական բանակի» մարտական ջոկատների հրամանատարն էր, Մոնթե Մելքոնյանը ղեկավարում էր Մարտունու պաշտպանական շրջանը։ Մեկը՝ տակավին երիտասարդ, մյուսը՝ հասուն տղամարդ, հայրենիքի փրկությանը սեփական կյանքը նվիրաբերած։ Երկու հերոս, երկու ռազմիկ, երկու պատվախնդիր հայորդի՝ քաջերի գլուխ անցած։ Մոնթեի հրամանատարությամբ ազատագրվեց բռնագրավված տարածքների 80 տոկոսը, Լեոնիդի ղեկավարած ազատագրական բանակը ազատագրեց 27 բնակավայր։
Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մատույցներում։ Թշնամին փորձում էր կոտրել հայ քաջերի դիմադրությունն ու գրավել գյուղը։ Տղաները կռվում էին վերջին ուժերով, սպասում էին օգնության ու չէին հանձնվում։ Նրանց ձեռքին Լեոնիդի պատրաստած զենքերն էին նաեւ ու անվրեպ էին խոցում։ Թվում էր, թե մարտն արդեն դադարել է, թշնամին՝ նահանջել, սակայն մի դավադիր գնդակ այնուամենայնիվ գտավ հերոսին։
Մոնթե Մելքոնյանը զոհվեց 1993 թվականին, դարան մտած ՀՄՄ-ի անակնկալ կրակոցից, Մարզիլի գյուղի մատույցներում, երբ գնացել էր անձամբ ստուգելու դիրքերի վիճակը։
Երկու հերոս, երկու ճակատագիր, հավերժություն տանող երկու ճանապարհ։ Որ անցան պատերազմի փորձություններով, ինքնակամ ու այնքան շռայլ վճարեցին հերոսացման գինը։ Այդպես հաղթանակած իրենց երկրային ուղին ավարտեցին փառքի պանթեոնում ու բարձրացան երկինք՝ միանալու հայ քաջերի շքեղ աստղաբույլին։
Նրանք իջնելու են Երկնքից, նրանք ծնվելու են նոր դեմքերով ու անուններով: Մենք նրանց գտնելու ենք մեր կողքին: Հենց այսօր, վաղը ու միշտ: Ու նրանց հետ, նրանց առաջնորդությամբ մենք հաղթահարելու ենք նաև այս փորձությունը: Մենք տիրոջ պատվախնդրությամբ, սրտի ցավով, բայց կանգուն ու խիզախորեն ասելու ենք՝ 2020-ի նոյեմբերը մերն է. բայց մերն են լինելու նաև նոր ու լուսավառ ՄԱՅԻՍՆԵՐԸ: Նրանք գալու են՝ աներկբա ու անպայման:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #51 (1371) 23.12.2020 - 29.12.2020, Հոգևոր-մշակութային