Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ»



Օրերս ազատամարտիկ Ռուդիկ Գեւորգյանի ծննդյան տարեդարձն էր։ Երբ նա գնաց պաշտպանելու Արցախը, ընդամենը 24 տարեկան էր։ Ռուդիկը չվերադարձավ պատերազմից։ Մինչ օրս հարազատները սպասում են նրան. 18 տարի՝ ամեն օր, ամեն ժամ… Իսկ Ռուդիկի ծննդյան օրը գնում են Եռաբլուր, մոմ են վառում Արցախում զոհված բոլոր ազատամարտիկների հիշատակի ու նաեւ նրանց համար, որոնք շիրիմ ունենալու ու հայոց փառքի պանթեոնում ննջելու բախտին չարժանացան։

Ես ու Ռուդիկը համադասարանցիներ ենք։ Առաջին դասարանից միեւնույն նստարանին ենք նստել ու շատ մտերիմ ենք եղել։ Ռուդիկն ինձ եղբոր պես էր վերաբերվում, շատ հոգատար էր, ուշադիր, նրբանկատ։ Նա ինքնատիպ տղա էր։ Առաջին հայացքից կարող էր թվալ անմիջական, շփվող, կենսուրախ, բայց իրականում շատ նրբազգաց էր, խոցելի, ներամփոփ։ Նրա ապրումները, զգացմունքները հոգու խորքում էին։ Ռուդիկը նուրբ ու գեղեցիկ ներաշխարհ ուներ (իր արտաքինի պես)։ Նրա դպրոցական տետրերի բոլոր անկյուններում ինչ-որ պատկերներ էին նկարված։ Քանդակագործություն էր սովորում։ Ավելի բարձր դասարաններում սկսեց սպորտով զբաղվել, բոքս էր պարապում։ Բոքս եւ քանդակագործություն՝ այս երկու նախասիրությունները շատ բնութագրական էին Ռուդիկի համար, բնորոշում էին նրա հոգու ուժն ու գեղեցկությունը։
Ռուդիկը հիվանդ էր (սակավարյունություն ուներ) եւ կարող էր ազատվել բանակից։ Նույնիսկ անհրաժեշտ չէր լինի օգտագործել հոր կապերը։ Երբ այդ մասին ակնարկեցի, բարկացավ (հասկացա, որ տանն էլ էին խոսել), ասաց. «Անպայման բանակ եմ գնալու, էդ հարցը չի քննարկվում)։
Ռուդիկը սիրած աղջիկ ուներ բանակ գնալուց առաջ։ Ծառայությունից վերադառնալու հաջորդ օրը եկավ մեր տուն (իմացել էր, որ հայրս մահացել է)։ Այդ օրը զարմանալի զգացողություն ունեցա, ասես կողքիս ամենահարազատ, ամենամոտ մարդն էր, իմ պաշտպանը… իմ կեսը։ Օրեր անց իմացա, որ ընկերուհուց բաժանվել է (ինչ-որ անտակտ արարքից խոցվել-վիրավորվել էր)։ Մենք շարունակեցինք դպրոցական մտերմությունը։ Մի օր էլ սիրո խոստովանություն արեց։ Անկեղծ ասած, ես զարմացա, անակնկալ էր։ Բայց հետո հասկացա, որ ես խնամքով (նույնիսկ ինքս ինձնից) թաքցրել եմ այն զգացմունքը, որ ունեցել եմ Ռուդիկի հանդեպ, բայց հոգուս խորքում հավատացել ու սպասել եմ, որ մի օր…
…89-ի դեկտեմբերի 30-ին Ռուդիկը միացավ «Արաբո» ջոկատին։ Երբ ծնվում էր ավագ որդիս՝ Յուրան (սկեսրայրիս անունն ենք դրել), Ռուդիկը Արցախում էր։
Պատմում են, որ Ռուդիկը մարտական ընկերոջը՝ Կարենին ուղարկել է շրջկենտրոն, որ զանգի Երեւան ու տեղեկություն բերի մեզնից։ Ու ասել էր՝ եթե տղա է ծնվել, գլխարկդ դրած կգաս, եթե աղջիկ է՝ գլխաբաց։ Ու չի համբերել, բարձրացել է ծառի վրա, որ հեռվից տեսնի Կարենին։ Ու երբ նկատել է, որ Կարենի գլխին գլխարկ կա, ուրախությունից ընկել է ծառից։ Հետո տղաներով գառ են առել, մատաղ են արել Գետաշենում։
Երկրորդ երեխաս ժամանակից շուտ ծնվեց։ Ծնվեց այն ժամանակ, երբ հայրը մի քանի օրով տուն էր եկել։ Երբ երեխային առաջին անգամ գիրկն առավ, նագանը դրեց նորածնի կրծքին։ Ավագ որդուն հոր անունով էր կոչել, երկրորդին՝ Համբարձում պապի անունը տվեց։ Ռուդիկը շատ էր հպարտանում իր պապով (նա Հայրենական պատերազմում անհետ կորել էր։ Ո՞վ կմտածեր, որ ինքն էլ նույն ճակատագրին կարժանանա)։ Երեխային հիվանդանոցից տուն բերելու հաջորդ օրը մեկնեց ճակատ։
…Ես ամեն ինչ անում էի, որ Ռուդիկին հետ պահեմ, չթողնեմ գնա ճակատ։ Նույնիսկ սպառնում էի, որ կբաժանվեմ, երեխային կառնեմ-կգնամ հորս տուն։ Պատահել է՝ չոքել եմ, գրկել եմ ոտքերը, պառկել եմ դռան առաջ, որ չգնա, ձեռքով հրել է ինձ ու դուրս եկել։ 91-ի փետրվարին առողջությունը կտրուկ վատացել էր, ընկերները բերեցին ճակատից (հազիվ էր քայլում)։ Սկսեց բուժվել։ Մտածում էինք, որ էլ չի գնա։ Երբ մայրը հասկացավ, որ պատրաստվում է կրկին միանալ ընկերներին, Ռուսաստանից կանչեց Ռուդիկի հորեղբորը՝ Լիպարիտ քեռուն, որը մեծ ազդեցություն ուներ Ռուդիկի վրա։ Լիպարիտը զրուցում էր Ռուդիկի հետ, համոզում։ Մի օր էլ իմացանք, որ պատրաստվում են երկուսով գնալ Արցախ, փաստորեն՝ Ռուդիկին հետ պահելու փոխարեն, Լիպարիտն էլ դարձավ ազատամարտիկ։
92-ի մայիսին Ռուդիկը կրկին վատացել էր ու եկել էր Երեւան բուժվելու։ Անկողնում պառկած էր (սակավարյունությունից ճնշումը կրկին իջել էր, երիկամները ցավում էին)։ Լիպարիտը Արցախից զանգել էր սկեսրոջս, ասել էր՝ Ռուդիկի առողջությունը լավ չի, իսկ այստեղ շատ ծանր պայմաններ են, գոնե թող մի-երկու ամիս բուժվի, այլապես չի դիմանա։ Մի օր էլ Ռուդիկը գնաց շտաբ ու շատ մտահոգ հետ եկավ։ Ասաց. «Շտաբում մի քանի հոգի են մնացել, այն էլ՝ տարիքով մարդիկ, ուրեմն Արցախում դրությունը լուրջ է»։ (Այդ օրը Ռուդիկը շտաբում վատացել էր)։ Երեկոյան հայտարարեց, որ հաջորդ օրը Արցախ է գնալու։ Կրտսեր որդիս բարձր ջերմություն ուներ։ Խնդրեցի՝ գոնե մի քանի օր սպասի, մինչեւ երեխան մի քիչ լավանա։ Ասաց՝ Արցախում կռվող է պետք, երեխին մերոնք էլ կօգնեն։ Ձեռքս փրփուրներին էի գցում, իբր ցանկանում էի վախեցնել. ասացի. «Բա որ գերի ընկնես, գիտես՝ թուրքերը քեզ ինչ կանեն»։ Ծոցագրպանից հանեց ու ցույց տվեց նռնակի միջուկը, ասաց՝ թուրքերի ձեռքը չեմ ընկնի, մի վախեցնի, սա միշտ գրպանումս է։ Երբ տեսնեմ գերի եմ ընկնում, ինքս ինձ վերջ կտամ։ Առավոտյան գնաց։ Ուժեղ անձրեւ էր գալիս, հեղեղ էր։ Գնաց ու… էլ հետ չեկավ։

ԱԼՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ազատամարտիկի կինը

***
Մայրս ինձ ու եղբորս չէր ասել, որ հայրս անհետ կորել է։ Ասել էր՝ հիվանդ է, բուժվում է, շուտով կվերադառնա։ Ես սպասում էի հորս, ես շատ էի զգում նրա կարիքը։ Մայրս միշտ զանազան նվերներ էր տալիս մեզ ու ասում, որ հայրիկն է ուղարկել։ Հայրս ամեն տարի ծննդյան օրվա առթիվ տորթ էր «ուղարկում» մեզ։ Մի օր էլ համբերությունս սպառվեց։ Իմ ծննդյան օրն էր։ Երբ հարազատներս սկսեցին շնորհավորել ու բերեցին «հորս ուղարկած» տորթը, ես դուրս եկա սենյակից ու փակվեցի իմ ննջարանում։ Երեկոյան ես ու մայրս զրուցեցինք։ Ես ասացի, որ ինձ հայր է պետք, ոչ թե նվերներ, որ հայրս մեզ չի սիրում, երեւի արտասահմանում ամուսնացել է։ Մայրս ասաց, որ հայրս գերի է ընկել ու Ադրբեջանում է։ Ու մեզ ցույց տվեց Արցախում արված մի տեսագրություն։ Կադրում ազատամարտիկներ էին՝ զինվորական հագուստով։ Հայրս նրանց մեջ էր։ Երբ հայրս զգում է, որ տեսախցիկն իրեն է նկարում՝ ժպտում է ու ասում՝ բարեւ ձեզ։ Ես ու եղբայրս երեւի հարյուր անգամ նայել ենք այդ կադրը (մինչ օրս նայում ենք)։ Փոքր ժամանակ պատասխանում էինք՝ բարեւ, պապա ջան, ե՞րբ ես գալու։
…Մի օր դպրոցում շարադրություն հանձնարարեցին՝ «Իմ հայրը» թեմայով (ես տասը տարեկան էի այդ ժամանակ)։ Ես հորս չէի հիշում. չգիտեի՝ ինչ գրեմ։ Հանկարծ ուսուցչուհիս խոսեց. «Մեր մեջ կա մեկը, որի հայրը մասնակցել է Արցախյան պատերազմին, ու ես հպարտ եմ, որ նրա որդին՝ Յուրան, մեր աշակերտն է, դուք էլ պիտի հպարտ լինեք, որ Յուրայի դասընկերն եք։ Յուրայի հայրը հերոս է, նա վտանգել է կյանքը, որ մենք հայրենիք ունենանք, խաղաղ ապրենք…»։ Երբեք այդքան երջանիկ չէի եղել, այդքան հպարտ, այդքան ուժեղ։ Ես սկսեցի գրել։ Նկարագրեցի հորս, ինչպես պատկերացնում էի։ Ես 5+ ստացա (հիմա, երբ կարդում եմ գրածս, տեսնում եմ, որ բազմաթիվ ուղղագրական սխալներ ունեմ)։ Այդ օրից հայրս դարձավ իմ հպարտությունը, ես սկսեցի կրել նրա փառքը իմ սրտում։

ՅՈՒՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ազատամարտիկի որդին

***
Ես մեր տան կրտսերն եմ, հորս չեմ հիշում։ Մայրս պատմում է, որ ես ու հայրս շատ կապված էինք։ Երբ նա հիվանդ էր լինում ճակատում, ես սկսում էի «անհանգստանալ», ջերմում էի, տրամադրությունս վատանում էր։ Երբ մայրս ասաց, որ հայրս գերի է ընկել, ես ինձ համար հորինեցի մի խիզախ, մի հերոսական կերպար, որը անպայման մի ելք կգտնի ու դուրս կգա գերությունից։ Երբ դռանը մեքենա էր կանգնում, ես վազում էի փողոց, մտածում էի՝ հայրս է վերադարձել։ Հետո, երբ մեծացա, ամեն ինչ հասկացա։ Սկսեցի զրուցել հորս ընկերների հետ, պարզել, թե նա ինչ հանգամանքներում է անհետ կորել։ Ասացին, որ ծուղակի մեջ են ընկել, կտրվել են մյուսներից ու…
Հետո ինտերնետում ադրբեջանցիները ցուցադրեցին կադրեր. ծուղակն ընկած հայ ազատամարտիկներն էին՝ բոլորն էլ զոհված։ Կադրերի հետ հնչող ձայնն ասում էր, որ հայ ազատամարտիկները կրակել են մինչեւ վերջին փամփուշտը, ու նրանք նոր Անդրանիկներ են։ …Հույս ունեմ, որ հայրս հասցրել է գործի դնել նռնակի միջուկը ու փրկվել է թշնամու խոշտանգումից։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեզ՝ անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամներին։ Սրտացավ, անկեղծորեն խոսեց մեզ հետ, ցավակցեց։ Հետո մեզ հրավիրեցին Արցախ՝ մասնակցելու հոգեհանգստի արարողությանը։ Մարդիկ հնարավորություն ունեցան տեսնելու, թե որտեղ են զոհվել իրենց հարազատները, բայց այդպես էլ չկարողացան մի բուռ հող նետել իրենց սիրելիների գերեզմաններին, մի փունջ ծաղիկ դնել նրանց շիրիմներին։ Տեսագրության մեջ չկարողացա գտնել հորս (որոշ ազատամարտիկներ բերանքսիվայր էին)։ Ես մինչ օրս սպասել եւ շարունակում եմ սպասել նրան։ Հրաշքի եմ սպասում։
Դեկտեմբերի 12-ին հորս ծննդյան օրն էր։ Մենք կրկին գնացինք Եռաբլուր, մոմ վառեցինք Արցախում զոհված բոլոր ազատամարտիկների հիշատակի ու նաեւ նրանց համար, ովքեր շիրիմ ունենալու ու հայոց փառքի պանթեոնում ննջելու բախտին չարժանացան։ Ու ես կրկին մտքիս մեջ կրկնեցի՝ շնորհավոր ծնունդդ, հայրի՛կ։ Մենք սպասում ենք քեզ։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ազատամարտիկի որդին

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Ճակատագրեր


24/12/2010