Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԵՐԸ ՍԵՎ ԾՈՎՈՒՄ ԲԱԽՎՈ՞ՒՄ ԵՆ



ԱՄՆ ռազմածովային հրամանատարությունը նպատակ ունի Վրաստանի սևծովյան ափին ստեղծել թիկունքային ապահովման ենթակառուցվածք, մասնավորապես՝ հսկիչ ռազմանավերի նավահանգիստ-ռազմակայան: Խոսքը Սև ծովի ավազանում նավագնացության անվտանգությունն ապահովելու, թմրանյութերի և արգելված այլ բեռների տեղափոխումը կանխելու մասին է, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտադիր են իրականացնել Վրաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ:

Վրաստանի քաղաքական ղեկավարությունն այդ նպատակի համար առաջարկել է Բաթումի և Փոթիի նավահանգիստները, սակայն դրանց հնարավորությունները և անվտանգության աստիճանը չեն բավարարում ամերիկացիների ներկայացրած պահանջները: Ուստի քննարկվում է նոր նավահանգիստ կառուցելու տարբերակը, մանավանդ որ այն ավելի էժան է:

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սև ծովում ԱՄՆ պահանջները բավարարող նավահանգիստներ ունի Թուրքիան, բայց ԱՄՆ-ը, չգիտես ինչու, չի ցանկանում օգտվել դրանցից: Ավելին, «Ամերիկացի սպաների ցանկացած այց Վրաստան անհանգստություն է առաջացնում Թուրքիայում, և Թբիլիսիում թուրքական դեսպանատունն ամեն անգամ Վրաստանի կառավարությանը հիշեցնում է, որ Բաթումի նավահանգիստը ռազմածովային բազայի վերածելու օրինականությունը կասկածելի է»,- գրում է քաղաքագետը «lragir.am»-ում:

Բացի դրանից, Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ Սև ծովում ռազմանավերով հսկելու սխեման, որն առաջարկում են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ոչ մի կերպ չեն համապատասխանում իրենց շահերին, և պնդում են, որ Թուրքիան էլ մասնակցի այդ ծրագրին: Իր հերթին, Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ Բաթումի նավահանգիստը ռազմածովային բազայի վերածելու մտադրություն չունի, և քննարկվում է ընդամենը սևծովյան նավահանգիստները անվտանգության ապահովման նպատակով օգտագործելու հեռանկարը:

Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ռազմաքաղաքական


23/11/2011