ՀՐԵԱՆԵՐԻ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ»
Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների հետաքրքրիր բացատրություն է առաջարկում ուկրաինացի վերլուծաբան Ալեքսանդր Լևչենկոն: Նրա առաջ քաշած վարկածի համաձայն՝ արաբական երկրներում սկիզբ առած հեղափոխությունները հրահրել է ԱՄՆ-ը, որպեսզի հնարավոր լինի պահպանել Իսրայելը՝ որպես հրեական պետություն:
Խնդիրը հետևյալն է: Իսրայելում ապրում են և՛ արաբներ, և՛ հրեաներ: Արաբների ծնելիության ցուցանիշն ավելի բարձր է, քան հրեաներինը: Սա նկատի ունենալով՝ դեռ 1950-ականներին որոշ գիտնականներ անհեռանկար գործ էին համարում հրեական պետության ստեղծումը: Իսրայելի ղեկավարները ժամանակին փորձեցին այս խնդիրը լուծել՝ խթանելով հրեաների ներգաղթը և, միաժամանակ` արաբների արտագաղթը: Սակայն սա միայն ժամանակավոր արդյունք տվեց: 2006թ. տվյալներով, արաբները կազմում էին Իսրայելի բնակչության 20.8%-ը, հիմա՝ հաստատ ավելին: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2003թ., երբ դեռ ֆինանսների նախարար էր, ասել էր՝ «Եթե Իսրայելի արաբ բնակչության քանակը կազմի 35-40%, ապա Իսրայելը կլինի արդեն ոչ թե հրեական պետություն, այլ՝ երկազգ» (ամենաուշը 2050թ. դա կդառնա իրականություն): Բայց այդ դեպքում մարգարեությունները չեն իրականանա (հրեաների կարծիքով), և հրեաների սպասած մեսիան չի գա: Ուրեմն պետք է կամ արաբներին հռչակել ձայնազուրկ, այսինքն՝ հրաժարվել պետության դեմոկրատական սկզբունքներից, կամ էլ նվազեցնել նրանց քանակը: Երկրորդ տարբերակն հաստատ ավելի հեշտ է, քան առաջինը: Բայց ինչպե՞ս իրագործել:
Այստեղ ուկրաինացի վերլուծաբանը առաջարկում է հիշել, թե ե՞րբ էր, որ հրեաների քանակն Իսրայելում առավելագույնն էր, իսկ արաբներինը՝ նվազագույնը: Ահա՝ 1967թ. պատերազմի ժամանակ, որովհետև ռազմական գործողությունների պատճառով արաբները Իսրայելից ու Պաղեստինից փախչում էին հարևան երկրներ: Ուրեմն՝ պատերազմը միակ միջոցն է, որ արաբներին կստիպի ինքնակամ հեռանալ Իսրայելից ու Պաղեստինից:
Իսկ ո՞ր դեպքում պատերազմ կսկվի Իսրայելի դեմ: Պատասխան՝ եթե արաբական երկրներում իշխանության գան ծայրահեղական մահմեդական ուժերը. նրանք կամ իրենք պատերազմ կսկսեն, կամ էլ Իսրայելը կստանա նախահարձակ լինելու հիմնավոր առիթ (ինչպես 1967թ., երբ Եգիպտոսը Իսրայելի սահմանից հեռացրեց ՄԱԿ-ի խաղաղապահներին, և իսրայելցիները դա որակեցին որպես ագրեսիայի նախապատրաստություն): Ի դեպ՝ վերոհիշյալ ծայրահեղական ուժերը «արաբական գարուն» տեսած երկրների նախորդ իշխանությունների օրոք ճնշված էին: Այսօր արդեն վերցնում են իշխանությունը: Ջինը բաց է թողնված շշից:
Վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում մի հետաքրքիր հանգամանքի վրա ևս. Եգիպտոսում, Սիրիայում (նաեւ տարածաշրջանի այլ երկրներում) «արաբական գարուն» է (այսինքն՝ հեղափոխություն), իսկ Իսրայելի հարևան Հորդանանում հանգիստ է ու խաղաղ: Ինչո՞ւ: Որովհետև, ենթադրում է վերլուծաբանը, Հորդանանն այն միջանցքն է, որով Իսրայելի արաբները Հորդանան գետի արևմտյան ափից պետք է փախչեն արևելք: Միջանցքում խժդժություններ պետք չեն, այլ պետք է կարգուկանոն, որպեսզի մարդկանց կուտակումներ չլինեն. հանկարծ ու արաբները մտածեն հետ դառնալ:
Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ռազմաքաղաքական