ԴԻՎԻԶԻՈՆԸ, ՈՐՈՎ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ
Վերջին անգամ ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը ԱՊՀ ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը մասնակցել եւ հնարավորություններն ստուգել էին 2005թ.։ Հնգամյա ընդմիջումից հետո, մանավանդ, մասնագետների երիտասարդ սերնդի համար, շատ էր կարեւորվում կրկին մարտական հրաձգություն կատարելու, գիտելիքները գործնական աշխատանքով ստուգելու խնդիրը։ Ձգտումը իրականություն դարձավ մեր երկրի անկախության քսաներորդ տարեդարձի նախաշեմին։ Գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոններից մեկը Ռուսաստանի Դաշնության Աշուլուկ զորավարժարանում մասնակցելով «Մարտական համագործակցություն-2011» զորավարժությանը, տրված առաջադրանքները կատարեց առանց թերությունների եւ վերահաստատեց զորատեսակի մարտունակությունը։ Այս դիվիզիոնը, որի հրամանատարը փոխգնդապետ Վ. Հակոբյանն է, հիմնականում համալրված է երիտասարդ սպաներով, որոնց մեծ մասը ՌԴ ՀՕՊ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած մասնագետներ են։
-Որպես դիվիզիոնի հրամանատար` ես շատ էի հուզվում, որովհետեւ առաջին անգամ էի մասնակցում նման լայնընդգրկուն, ներկայացուցչական միջոցառման, սակայն հենց շփվում էի մեր ընդհանուր ղեկավար, ՀՕՊ զորքերի վարչության պետ գնդապետ Նիկոլայ Բաբայանի հետ, հուզմունքս միանգամից անցնում էր։ Նրա հանգստությունը, գործին որպես առօրյա, սովորական աշխատանքի վերաբերվելու ինքնավստահությունը փոխանցվում էր բոլորիս,- հիշում է փոխգնդապետ Վ. Հակոբյանը։ -Մարտական խնդիր իրականացնող հրամանատարը, զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանն էր։ Նա նույնպես շատ փորձառու անձնավորություն է եւ հմտորեն էր ամեն ինչ կազմակերպում, ղեկավարում։ Փոխգնդապետ Արմեն Սուքիասյանը 2005թ. էլ էր մասնակցել Ս-300 համալիրով անցկացված զորավարժությանը եւ իր անելիքը շատ լավ գիտեր։ Ինձ պես առաջին անգամ էին մարտական հրաձգությանը մասնակցում կապիտան Սասուն Աբրահամյանը, ավագ լեյտենանտ Արամ Գեւորգյանը, կապիտան Աշոտ Հարությունյանը եւ այլք։ Մենք մեկնեցինք Աշուլուկ սեպտեմբերի 5-ին, տեխնիկան ընդունեցինք սեպտեմբերի 8-ին եւ սկսեցինք կարգավորման աշխատանքները։ Այդ տեխնիկան երկար ժամանակ չէր շահագործվել, եւ անելիքները շատ-շատ էին։
Նախնական կրակոցը նախատեսված էր ամսի 9-ին, սակայն հրաման ստացանք, որ հենց ութին էլ պիտի կրակենք։ Ի պատիվ մեր մասնագետների` ամեն ինչ կատարվեց անթերի։ Հաջորդ հիմնական կրակոցի ժամանակ մենք արդեն շատ ավելի վստահ էինք գործում։ Ուզում եմ նաեւ նշել, որ զորավարժության ընթացքում մշտապես զգում էինք զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Կ. Ղարիբյանի աջակցությունը, իրեն հրաշալի դրսեւորեց նաեւ մարտկոցի հրամանատար մայոր Արման Ավետիսյանը։ Շատ բարձր մակարդակի վրա էր այսպես ասած վերից վար որոշումներ ընդունելու, առաջադրանքներ, հրամաններ տալու, դրանք ընդունելու կատարելու եւ հակառակ ուղղությամբ զեկուցելու ամբողջ գործընթացը։ Ասեմ, որ մենք տպավորված էինք. միայն նման զորավարժության ժամանակ ես զգում, թե ինչ հզոր զենքի օգտագործում է քեզ վստահված, եւ թե ինչքան կարեւոր է միմյանց հետ համագործակցելու, կոլեկտիվ օգտագործման զենքը կիրառելու, օտար գործընկերների հետ հարաբերվելու բարձր կուլտուրան։
ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱՇՈՒԼՈՒԿԻՑ ԵԿԱԾՆԵՐԸ
Կապիտան Սասուն Աբրահամյան – Խնդիր էր դրված բաց թողնված թիրախը` «Պիշչալ» հրթիռը, որը 68 վայրկյանում թռչում է 50 կմ, հայտնաբերել եւ ուղեկցել 40-րդ կմ-ի վրա։ Ես այն հայտնաբերեցի 44-րդ կմ-ի վրա եւ զեկուցեցի վերադասին։ Երբ թիրախը խոցվեց, բառերով աննկարագրելի ապրումներ ունեցա, համոզվեցի, որ պատրաստ ենք կատարելու ցանկացած առաջադրանք։
Ավագ լեյտենանտ Արամ Գեւորգյան -Զորավարժությունը շատ կարեւոր փորձ էր ինձ համար։
Կապիտան Աշոտ Հարությունյան -Ես շատ հանգիստ էի եւ երբ հրթիռը բաց թողեցի, համոզված էի, որ խոցելու է թիրախը։
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Զորավարժության ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ մասնակից երկրների պաշտպանության նախարարների կողմից պարգեւատրվեցին գնդապետ Ս. Գրիգորյանը, փոխգնդապետներ Ա. Սուքիասյանը, Կ. Դարբինյանը եւ Վ. Հակոբյանը։ Վերջինս ընթացիկ տարում, երիտասարդ սպաների հետ հանդիպման ժամանակ, դրամական պարգեւ էր ստացել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից։
Դիվիզիոնի մյուս սպաներին տարբեր կարգի խրախուսական միջոցներով պարգեւատրեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ գնդապետ Նիկոլայ Բաբայանը։
ՆԱԽՔԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ…
Մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսչությունը ստուգել եւ գոհ էր մնացել զորամասի ցույց տված արդյունքներից։ Այս տարվա առաջին ուսումնական փուլի արդյունքներով` դիվիզիոնը զորամասի կազմում ճանաչվել է լավագույնը։ Սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների արդյունքով` դիվիզիոնը դարձյալ լավագույնն է, եւ այստեղ է «Լավագույն դիվիզիոն» փոխանցիկ դրոշը։ Լավագույն մարտկոց է ճանաչվել մայոր Սարգիս Սայադյանի մարտկոցը։ Անցկացված զորավարժությունից դիվիզիոնն ստացել է «լավ» գնահատական։ Այժմ էլ պարապմունքները շարունակվում են, եւ ինչպես մասնագետ սպաները, այնպես էլ հաշվարկները նախապատրաստվում են տարեվերջյան ամփոփիչ քննություններին։
ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Դիվիզիոնը նախորդ զորակոչին չի համալրվել պարտադիր ժամկետային ծառայության զինվորներով եւ չի համալրվի առաջիկա զորակոչին։ Փոխարենը սկսվել է պայմանագրային ծառայության արմատավորման գործընթացը։ Արդեն շուրջ 40 տոկոսը պայմանագրայիններ են։ Ինչպես նշեց մայոր Վ. Ղազարյանը, ընտրություն կատարելիս նախապատվությունը տրվում է զինծառայությանը ՀՕՊ զորքերում անցկացրածներին։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ ԷԻՆ
Հրամանատարական կետում շուրջօրյա մարտական հերթապահություն է։ Այնտեղ էին ավագ լեյտենանտ Արմեն Մուրադյանը, պլանշետավարներ, շարքայիններ Հովհաննես Անիկյանը, Արմինե Մելիքյանը, դիզելիստ էլեկտրամեխանիկներ շարքայիններ Ալեքսան Ավետիսյանը, Հրաչյա Խաչատրյանը, օպերատորներ շարքայիններ Գեղամ Արշակյանը եւ Նարեկ Մկրտչյանը։ Այստեղ աշխատանքը գրեթե կանգ չի առնում, մշտական են հաղորդագրությունները, հեռախոսազանգերը, պլանշետի վրա թռչող օբյեկտների տեղաշարժերի նշումները…
Ռադիոլոկացիոն կայանում էլ աշխատում էր շարքային Զորայր Սանթրոսյանը, իսկ կապիտան Մովսես Բաշյանը զբաղված էր հաղորդիչներից մեկի աշխատանքի կարգավորմամբ։
Մարտական հերթապահության ընթացքում ցույց տված բարձր արդյունքների համար հերթական զինվորական կոչման է ներկայացվել ջոկի հրամանատար պայմանագրային սերժանտ Արման Կիրակոսյանը։ Հերթական զինվորական կոչման է ներկայացվել կրտսեր սերժանտ Անդրանիկ Պողոսյանը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան