Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ



ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄՍԱՅԱԴՅԱՆ ՀԱՄԻԿ ՅԱԽՇԻԲԵԿԻ

աշխարհագրական գիտությունների թեկնածու,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գնդապետ

 

Ծնվել է 1968 թ. Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղում: 1993 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, 1997 թ. ԵՊՀ ասպիրանտուրան: 2001 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1991-1993 թթ. աշխարհագրություն է դասավանդել Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում:

1987-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1993 թ. զինվորական ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում: 1995-2008 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում, 2005 թ. շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:

2001 թ. մասնակցել է Եգիպտոսի «Գամալ Աբդել Նասերի անվան ակադեմիայի», 2010 թ. ՉԺՀ Ազգային ազատագրական բանակի ԳՇ ակադեմիայի, 2012 թ. ԳԴՀ «Ջորջ Մարշալ կենտրոնի» դասընթացներին: 2014-2019 թթ.  նշանակվել է ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ: 1992-1994 թթ. մասնակցել է Արցախի ազատագրման համար մղված մարտերին: Պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական պարգեւներով:

Հեղինակ է 25 գիտական աշխատությունների, որոնք հիմնականում վերաբերում են ռազմական աշխարհագրության կիրառական ոլորտի հիմնահարցերին:

♦♦♦

Ընթերցողի սեղանին է Համիկ Սայադյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արգասիքը՝ «Հայաստանի ռազմական աշխարհագրություն» (Երևան, 2020) մենագրությունը: Այն կարևոր ներդրում է մեզանում գիտության այդ համեմատաբար նոր ոլորտի բնագավառում, քանի որ հեղինակը, հայ իրականության մեջ առաջին անգամ, ռազմական աշխարհագրությունը ներկայացնում է որպես գիտության ինքնուրույն ճյուղ, աշխարհագրական գիտությունների համակարգի ենթահամակարգ, որն ուսումնասիրում է աշխարհագրական տեղեկատվության և մեթոդների օգտագործումը ռազմական խնդիրների լուծման գործում:

Հ. Սայադյանի հեղինակած աշխատությունը, անկասկած, ունի նաև կարևոր գիտաքաղաքական ու գիտագործնական նշանակություն` հատկապես հաշվի առնելով ներկայումս աշխարհում և մասնավորապես մեր երկրի անմիջական հարևանությամբ գտնվող Մերձավոր Արևելքում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացները: Այն հնարավորություն է տալիս նաև խորությամբ ընկալելու և ՀՀ անվտանգության շահերի շրջանակներում համապատասխան գնահատականներ տալու հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող ռազմական հակամարտությունների հիմնական միտումներին:

ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄՄենագրությունը նորովի է ներկայացնում Հայաստանի աշխարհագրական դիրքի, բնական պայմանների, բնակչության և տնտեսության նկարագիրը՝ մեկնաբանելով այն ռազմական տեսանկյունից: Հատուկ տեղ է հատկացված ՀՀ ռազմավարչական բաժանման մեթոդոլոգիական հարցերի վերլուծությանը: Տրվում են տնտեսության տարածքային տեղաբաշխման՝ պաշտպանական նպատակներով օգտագործման տեսական հիմքերը:

Աշխատանքում խորությամբ լուսաբանվում են նաև Հայաստանի ռազմաաշխարհագրական առանձնահատկութունները ու դրանց  հնարավոր օգտագործման հարցերին վերաբերող խնդիրները: Հեղինակը բազմակողմանի ուսումնասիրելով պաշտպանության և ինքնաբավության գործոնները և հաշվի առնելով ռազմաաշխարհագրական բնույթի հետազոտությունների միջազգային փորձը՝ համալիր գնահատական է տալիս ՀՀ ռազմաաշխարհագրական պայմաններին և ընդգծում է, որ այն կարևոր է արտաքին ռազմական մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:  Առաջին անգամ տրվում է Հայաստանի ռազմաաշխարհագրական դիրքի բնութագիրը` մեգա, մեզո և միկրո մասշտաբներում: Բերվում են ռազմաաշխարհագրական մի շարք կիրառական օրինակներ: Կարծում ենք՝ աշխատությունում ձևակերպված առանձին դրույթներ և եզրակացություններ կարելի է օգտագործել ՀՀ ռազմական դոկտրինում:

Օգտագործված աղբյուրների ու գիտական գրականության ցանկը հարուստ է, ինչը վկայում է հեղինակի գիտական արհեստավարժության և լայնախոհության մասին: Համոզված ենք, որ գրքում զետեղված քարտեզները, աղյուսակները և գծապատկերները կգրավեն ընթերցողի ուշադրությունը: Անտարակույս, մենագրության հաջողությանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ հեղինակը Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից է:

Կարող ենք ընդգծել, որ Համիկ Սայադյանի հեղինակած մենագրությունն այն եզակի աշխատություններից է, որի արդյունքներն արտացոլում են Հայաստանի բնաաշխարհագրական և տնտեսական պաշտպանական ներուժը: Այն  կոտրում է արտերկրում տարիների ընթացքում ձևավորված կարծրատիպը առ այն, թե ռազմական աշխարհագրությունը զուտ գերտերությունների գիտություն է, և ապացուցում է, որ վերջինս կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր երկրի պաշտպանողունակության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման ուղիների հետազոտման գործում:

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ 

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, 

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

♦♦♦

Հ. Սայադյանի հեղինակած աշխատությունը ոլորտին վերաբերող առաջին ամփոփ աշխատությունն է, որն անշուշտ պահանջված է՝  հաշվի առնելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ներկա ռազմաքաղաքական իրողությունները։

Հեղինակը նոր` ռազմական անվտանգության տեսանկյունից է բնութագրում Հայաստանի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները, տնտեսությունը, ինչպես նաև Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքները:

Մենագրությունում, օգտագործելով հարուստ պատմական աղբյուրներ, ներկայացվում է հայ ռազմարվեստի ծագման և զարգացման աշխարհագրական միջավայրը` սկսած Հայկի ու Բելի ճակատամարտից մինչև Արցախյան ազատամարտ։ Ուշագրավ է պատմական օրինակների վերլուծությամբ բնակչության տարածքային տեղաբաշխման ռազմաաշխարհագրական գնահատման առանձնահատկությունները, ինչպես նաև, ըստ հնարավոր հակառակորդների ուղղությունների,  ՀՀ ռազմավարչական բաժանման մեթոդոլոգիական հարցերի վերլուծությունը:

Աշխատությունում տրվում են ՀՀ տնտեսության տարածքային տեղաբաշխման առաջարկություններ, որոնք իրենց հիմքում կրում են երկրի ռազմական անվտանգության ապահովման կարևորությունը:

Եզրակացնելով կարող ենք ընդգծել, որ Համիկ Սայադյանի «Հայաստանի ռազմական աշխարհագրություն» մենագրությունը գիտաճանաչողական ծանրակշիռ հայագիտական բնույթի աշխատություն է և խիստ շահեկան է Հայաստանի պատմության ու աշխարհագրության ուսումնասիրության տեսանկյունից:

 

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ 

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն,

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 

Խորագիր՝ #02 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


21/01/2021