Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ



ԵՍ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՄ ՆԿԱՐՈՒՄԶրույց նկարիչ ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

 

-Դուք նկարում եք վերջին պատերազմի հերոսներին ու պարբերաբար տեղադրում համացանցում: Ես հաշվել եմ՝ ավելի քան 35 նկար: Ինչո՞ւ որոշեցիք նկարել Հայրենիքը հերոսաբար պաշտպանած տղաներին, դա հոգու պա՞րտք էր, նրանց ծնողներին ինչ-որ կերպ մխիթարելու ցանկությո՞ւն, կամ գուցե ավելի մեծ լսարանին ուղղված ուղերձներ կան…

-Մեր հայրենապաշտ հերոսներին նկարելու գաղափարը ծնվեց դեռևս տավուշյան կռվի օրերին, ես հասցրի նկարել չորս քաջորդու, հետո սկսվեց վերջին պատերազմը, ու հերոսների պատկերասրահը ավելացավ ևս 35 նկարով: Այդ նկարները առաջին հերթին պարտք են մեր ազգի լավագույն զավակների հիշատակի առաջ: Նրանք պիտի ապրեն մեր սրտում, մեր մտքում, մեր ամենանվիրական զգացմունքների մեջ, մեր կտավների վրա, մեր երգերում, ֆիլմերում, մեր գրականության ու արվեստի ամենալուսավոր, ամենապատվաբեր, ամենաազդեցիկ էջերում: Ես այդ նկարները նվիրում եմ հերոսների ծնողներին՝ իբրև խոնարհում նրանց մեծ ցավի առաջ, իբրև անսահման հպարտություն, իբրև երախտագիտություն, իբրև մխիթարանք: Այս ամենով հանդերձ, ամենակարևորը մեր տղաների կերպարի բովանդակած ուղերձն է հայ ժողովրդին ու աշխարհին: Ես նրանց դիմանկարով ամբողջացրել եմ հաղթած հայի կերպարը: Նրանք չեն ծնկել թշնամու առաջ, նրանք զոհվել են կանգնած՝ մինչև վերջին շունչը արիաբար պայքարելով հանուն հայրենիքի ազատության ու հարազատ ժողովրդի արժանապատվության: Նրանք մեզ թողել են անօրինակ քաջության ասքեր ու լեգենդներ՝ փրկօղակ, որից կառչած պիտի ոտքի կանգնենք: Նրանք վառվող լույս են թունելի ծայրին, մեզ առաջ մղող, մեզ կանչող, մեզ ճիշտ ճանապարհը հուշող, մեզ հավատ ու վստահություն ներշնչող լույս… Նրանք մեր վաղվա հաղթանակի ավետաբերներն են:

-Իսկ ինչպիսի՞ն էր հասարակության արձագանքը: Այսօր անկումային տրամադրությունները այնքան տիրական են, որ հաճախ լավատեսության ամենակուռ փաստարկներն անգամ չեն ընկալվում: Մարդիկ հավատացի՞ն Ձեզ, Ձեր կերտած կերպարների ուղերձները փոխեցի՞ն լսարանի ապրումները:

-Կարծում եմ՝ այո՛: Ես դատում եմ մարդկանց արձագանքներից, նրանք մեր հերոս տղաների գործը կիսատ չթողնելու մասին գրառումներ էին անում, երդվում էին հետ բերել կորցրածը, միասնության ու դիմակայության կոչեր էին անում: Նրանք, ովքեր պատիվ ունեն արվեստի լեզվով խոսելու մարդկանց հետ, պիտի վառ պահեն ժողովրդի հավատը սեփական ուժերի և պայծառ ապագայի հանդեպ: Մանավանդ՝ մեր լավատեսությունը հիմք ունի, մեր ժողովուրդը շատ ավելի օրհասական վիճակներից է դուրս եկել ու հաղթել է: Մենք պայքարի ու հաղթանակի դարավոր պատմություն ու հազարամյակների փառահեղ մշակույթ ունեցող ազգ ենք, մեր անհայրենիք, անարմատ քոչվոր թշնամիների ռազմական հաջողությունները ժամանակավոր են, մենք հավերժ ենք այն հողի վրա, որի ամեն թիզը ներծծված է մեր ըմբոստ ու հերոսական արյունով, որի վրա ամենուր մեր արարչագործության հետքերն են…

Մեր հողի վրա բորենու անասնական խրախճանքը վայրկյանի նման է հավերժության մեջ: Իսկ մենք հավերժի ճամփորդ ենք:

ԵՍ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ-Դուք նկարել եք և՛ տավուշյան կռվի, և՛ վերջին պատերազմի հերոսներին: Այդ երկուսը էապես տարբերվում են իրարից. մեկը ավարտվեց մեր հաղթանակով, մյուսը ՝ պարտությամբ, զոհերով, նյութական ու մարդկային կորուստներով, իսկ ինչո՞վ էին տարբերվում Ձեր զգացողությունները դրանք մարմնավորելիս:

-Նախ՝ ասեմ, որ ես ինձ պարտված չեմ զգում: Հայկական զորքը ռազմադաշտում չի հանդիպել ադրբեջանական զորքին, հայկական զորքը կռվել է թուրքական «բայրաքթարների», օտարերկրյա վարձկանների, արգելված զինատեսակների, այսինքն՝ բարբարոսության, վայրագության դեմ: Այս սխալը կարելի է ուղղել, կարելի է զարգացնել տնտեսությունը, զինվել սպասվելիք պայքարին հարիր զինատեսակներով, իսկ մեր թշնամին երբեք չի կարող փոխել վարձկանների թիկունքում թաքնվելու ազգային-գենետիկ վարքը, չի կարող թոթափել վախկոտությունը… Մեզ մի փոքր ժամանակ է պետք իրավիճակը փոխելու համար: Ինչ վերաբերում է հերոսներին, նրանք նույնն են՝ անկախ պատերազմի ելքից, նրանք հզոր են, նրանք հաղթած են, նրանք մեր ազգի սերուցքն են, լավագույնը, որ ունենք, մեր ապագայի հույսն են, ու ես նույն վեհ զգացողություններն եմ ունեցել նրանց դիմանկարները կերտելիս:

-Ի՞նչ գույներ եք ընտրել այդ զգացողությունները պատկերելիս: Որո՞նք են ուժի, հերոսության, քաջության, հպարտության գույները:

-Մեր հերոսների դիմանկարները կերտելիս ես հաղթանակ եմ նկարում: Ու հաղթանակը պատկերում եմ ոչ թե գույների, այլ մեր քաջորդիների հայացքի մեջ, աչքերի, դիմագծերի, կեցվածքի: Նրանց դեմքին մեզ ուղղված ուղերձներ կան՝ ոտքի կանգնելու, մեջքը շտկելու ու մեր համազգային երազանքները իրականացնելու հրամայական: Նրանց հայացքի մեջ լավատեսություն կա, որը ես ուզում եմ փոխանցել յուրաքանչյուր հայի:

-Ձեր նկարչական ստուդիայի սաները բարեգործական ցուցահանդես էին կազմակերպել և հասույթը նվիրել էին պատերազմում  զոհված հայորդիների  ընտանիքներին…: Մարդիկ միացա՞ն նախաձեռնությանը, Ձեր սպասելիքները արդարացա՞ն:

-Այո՛, բոլոր նկարները վաճառվեցին, բայց բարեգործական ցուցահանդես-վաճառքի նպատակը ոչ այնքան նյութական մեծ միջոցներ հայթայթելն էր, այլ դրա բարոյական հնչերանգը: Նախ՝ իմ սաները հասկացան, որ իրենք պարտք ունեն սեփական կյանքն ու առողջությունը մեր ժողովրդի արժանապատիվ, ապահով ու խաղաղ կյանքի համար զոհվածների առաջ, այս միտքը նրանք կփոխանցեն նաև իրենց հասակակիցներին, իրենց շրջապատին… Երեխաների նկարները գնող մարդիկ նույնպես միացան պատերազմի հերոսներին օգնելու միջոցառմանը, ու մի փոքրիկ բարոյական կաթիլ, պատկերավոր ասած, գոլորշիացավ, ներծծվեց օդի մեջ, այն ավելի ոգեղեն, ազնիվ, բարի ու վեհաշունչ դարձրեց: Այն ամենը, ինչը մենք կանենք այսուհետ հերոսների ու նրանց ընտանիքների համար, ավելի շատ մեզ է պետք, մեր հասարակությանը, բարձրացող սերնդին, որպեսզի հայրենիքի համար կռվելն ու նահատակվելը դառնա գերագույն արժեք յուրաքանչյուր հայի սրտում: Միայն այդ դեպքում մենք կփայփայենք մեր կորուսյալ հայրենիքը հետ բերելու երազանքը:

ԵՍ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ-Գարի՛կ, հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ էիք նկարում պատերազմից առաջ:

-Նկարում էի մեր մեծերին: Հայոց մեծերը մեր ազգային այցեքարտն են, մեր մշակութային անձնագիրը: Նրանց կյանքը, վարքը, նրանց արարումները պիտի մեր գաղափարական, բարոյական ուղեկիցը լինեն ամբողջ կյանքում, այլապես մենք կխարխափենք ու կապրենք քաոսի մեջ, կկորցնենք ազգային դիմագիծը:

Ես մանկուց եմ նկարել, սկզբում տետրերի, գրքերի էջերին, հետո նկարչական կրթություն ստացա, նկարեցի և՛ էտյուդներ, և՛ բնանկարներ, բայց դիմանկարը մնաց իմ ամենամեծ ներշնչանքը, որովհետև մարդը աշխարհի կենտրոնն է, Տիրոջ արարչագործության պսակը: Աշխարհը կառուցվում է մարդու մտքերի, հույզերի, ապրումների, հոգու գույներով: Աշխարհը այն է, ինչ կա մարդու հոգում, աշխարհը մեր հոգու պատկերն է, իսկ դիմանկարը պատկերում է մարդու հոգին:

-Ունե՞ք ամփոփիչ ասելիք, որով կուզենայիք եզրափակել մեր զրույցը:

-Մենք այս պատերազմում տարածքներ կորցրինք, ու ես՝ որպես հայ մարդ, հայ նկարիչ, գիտեմ, զգում եմ ամբողջ հոգով, թե ինչ ցավ է հայ մարդու համար ծննդավայր  կորցնելը: Բայց բարձրացրեք ձեր գլուխն ու տեսեք՝ օդը լցված է ասքերով, օդը ներծծված է խիզախությամբ ու հերոսականությամբ: Պատերազմում զոհված ոչ մի քաջորդի, թափված ոչ մի կաթիլ արյուն իզուր չեն եղել, ամենը դրված է մեր գալիք հաղթանակի նժարին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #02 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/01/2021